Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրդեհներից խուսափելու նպատակով

01.08.2013

Հուլիսի 30-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Անտառային հրդեհների հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն: Վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հերթական պլանային հանդիպումներից էր: Հանդիպմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակիցներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ:

   Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուսումնավարժության թեման մարզի համար բավականին ակտուալ է, քանի որ հաճախակի են հրդեհներ գրանցվում: «Մեր համայնքները շատ անելիքներ ունեն այս առումով, բայց ունենք նաև պատրաստակամ համայնքապետեր, ովքեր անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք են մեկնում հրդեհաշիջումն արագ կազմակերպելու համար: Այս ուսումնավարժությունը իրազեկման նպատակ ունի: Կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Այս հարցում մեծ է հատկապես լրատվամիջոցների դերը»,- ասաց Ա. Դարբինյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ավետյանն իր խոսքում նշեց, որ արծարծվող թեմայի շրջանակներում Լոռու մարզում բազմիցս հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել, լուծման ուղիներ նախանշվել:

Զեկուցումով հանդես եկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության և պաշտպանության բաժնի պետ Արտաշես Մանասերյանը, ով ներկայացրեց Լոռու մարզում արձանագրված հրդեհների դեպքերը վերջին մի քանի տարիների ընթացքում:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը կարծիք հայտնեց, որ հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման հարցում անհատական մոտեցում է անհրաժեշտ: Առաջին հերթին պետք է տեխնիկապես վերազինել բոլոր ծառայությունները:

«Համայնքներում անհրաժեշտ է իրականացնել հատուկ աշխատանք»,- ասաց:

Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Արամ Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ խնդրին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և վեր հանել հրդեհների առաջացման պատճառները:

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը տեղեկացրեց, որ 2009 թ.-ին գրանցվել է հրդեհների 42 դեպք, 2010-ին` 203, 2011-ին` 118, 2012` 271: Հրշեջների աշխատանքը բարձր գնահատելով՝ նա նշեց, որ անհարժեշտ է ստեղծել հատուկ շտաբ՝ մարզպետի գլխավորությամբ, որպեսզի հնարավոր լինի համակարգել խնդրի հետ առնչվող ոլորտների աշխատանքը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59