Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետին անհանգստացնում է որոշ համայնքներում չկանոնակարգված աշխատանքը

09.07.2013

Հուլիսի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ հուլիսի 10-ին թվով 100 սիրիահայ երեխաներ կայցելեն Լոռու մարզ և իրենց ամառային հանգիստը կանցկացնեն «Ծիծեռնակ» ճամբարում: Հանգստի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Լոռու մարզպետարանը:
Նա անդրադարձավ նաև քաղաքացիների ընդունելության խնդրին՝ շեշտելով, որ մարզպետարանի ստորաբաժանումներում քաղաքացիների դիմումներին, բողոքներին պետք է տրվի սպառիչ պատասխան.
-Եթե մարդը դիմել է մարզպետարանի ենթակայության կոնկրետ որևէ կառույցի, և նրա առաջադրած խնդիրը վերջինիս իրավասության ներքո է, ապա քաղաքացին չպետք է ուղղորդվի մարզպետարան կամ կառավարություն: Հարցին պետք է լուծում տրվի տեղում,- ասաց Ա. Նալբանդյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ կրթության ոլորտում իրականացվելիք օպտիմալացման, դպրոցների միավորումների գործընթացին:
-Մարզում կան համայնքեր, որտեղ գործում են 15-20 աշակերտով դպրոցներ: Պետական միջոցներից զգալի գումարներ են տրամադրվում դպրոցները պահելու համար, ուստի օպտիմալացման գործընթացն առաջիկայում անխուսափելի է,- ասաց մարզի ղեկավարը: Նա մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին հանձնարարեց կատարել ուսումնասիրություններ, ճշտելու դպրոցների միավորման արդյունքում սպասվելիք ֆինանսական տնտեսումների ծավալը:
Անդրադառնալով նախորդ շաբաթ Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցած դժբախտ միջադեպին՝ մարզպետը հանձնարարեց առավել ակտիվ գործակցություն ապահովել դպրոցների և համայնքերում գործող խնամատարության ու հոգաբարձության հանձնաժողովների միջև, կարևորեց նաև առավել շատ աշակերտ-թվով դպրոցներում հոգեբաննների և սոցիալական մանկավարժների գործունեությունը:
Մարզպետին անհանգստացնում է հատկապես մարզի որոշ համայնքների ղեկավարների և ավագանու չկանոնակարգված աշխատանքը, համայնքներում արձանագրված թերությունները: Եղել են դեպքեր, երբ համայնքների ավագանիները, չարաշահելով իրենց վերապահված լիազորությունները, հողի և գույքի հարկային արտոնություններ են տրամադրել ֆինանսապես ապահովված բնակիչներին, որոշ դեպքերում՝ նաև իրենց:
Ըստ մարզի ղեկավարի մտահոգիչ է նաև այն, որ որոշ համայնքների ղեկավարներ միջազգաին կառույցների հետ համագործակցելու և համայնքներում ծրագրեր իրականացնելու փոխարեն փորձում են օգուտ քաղել այդ ծրագրերից, հակառակ դեպքում ՝ խոչընդոտում են: Ա. Նալբանդյանը ՏԻ և ՀԳՄ վարչության պետին հանձնարարեց խստորեն հետևել այս գործընթացներին:
Վերջում Ա. Նալբանդյանը նշեց, որ մարզի սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշը հանրապետական միջինի համեմատությամբ բարվոք վիճակում է: Նա փոխմարզպետներին հորդորեց շարունակել հետևողական աշխատանքը՝ ապահովելու համայնքների կողմից ստանձնած պլանների անվերապահ կատարումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21