Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանադրության օրը նշվեց նաև Վանաձորում
09.07.2013
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրը:
Տոնի կապակցությամբ քայլերթ էր կազմակերպվել Վանաձորի Հայքի հրապարակում: Շուրջ 250 լոռեցի երիտասարդներ ու պատանիներ հայրենասիրական երգերի ներքո քայլերթ կատարեցին հրապարակում: Բոլոր երիտասարդներն ու պատանիները «Մենք» պատմական արժեքների պահպանման հիմնադրամի կողմից նվեր ստացան եռագույնը խորհրդանշող վերնաշապիկներ և գլխարկներ: Համերգով հանդես եկավ Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:
Քայլերթից հետո Վանաձորի «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ, ՎՊՄԻ պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրա Ղուլյանը պատմական էքսկուրս կատարելով, արժևորեց ՀՀ Սահամանադրության կարևորությունը, պետական խորհրդանիշների խորհուրդը: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, ով միջոցառման հիմնական պատասախանատուն էր, նշեց, որ ծրագրի նպատակն է՝ պատանիների և երիտասարդների շրջանում ձևավորել ու ամրապնդել հավատն ու նվիրվածությունը հայրենի անկախ պետականության, նրա գլխավոր խորհրդանիշների նկատմամբ:
- Այստեղ հավաքված երիտասարդները պետք է ճանաչեն, գնահատեն և հարգեն մեր պետական խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը, օրհներգը: Այս կարգի միջոցառումներ շատ կարևոր են մեր երիտասարդների շրջանում պետականության, նրա խորհրդանիշների նկատմամբ հավատքի ու հարգանքի ամրապնդման համար,- ասաց նա:
Սահմանադրության օրվան և պետական խորհրդանիշերին նվիրված տոնական քայլերթ ու համերգ էր կազմակերպվել նաև Երևանում, որին մասնակցեցին 200-ից ավելի լոռեցի երիտասարդներ: