Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ»

03.07.2013

 

Լոռու մարզի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտակերտի շրջանի միջև բարեկամական կապերը մեկնարկել են դեռևս 2008-ից: Հինգ տարի առաջ, մարզի պատվիրակությունը՝ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի գլխավորությամբ, «Վալեքս Գրուպի» հրավերով, առաջին անգամ եղավ Մարտակերտի շրջանում: Մարզը նախապես համագործակցության հայտ էր ներկայացրել: Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Լոռու մարզի պատվիրակության և Մարտակերտի վարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանի, կրթության և սպորտի վարչության պետ Ժասմինա Դավթյանի հետ: Որոշում կայացվեց համագործակցություն սկսել բոլոր ուղղություններով: Հետագա տարիների այցելությունները, իրականացվող համատեղ ծրագրերը վկայեցին, որ երկու մարզերի միջև բարեկամությունը տարեցտարի առավել խոր արմատներ է ձգում ու շարունակվելու է երկար տարիներ, ավանդույթը փոխանցելով գալիք սերունդներին:
Պատմական ակնարկ
Մարտակերտը վարչատարածքային միավոր է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է հյուսիսային մասում։ Շրջանի մակերեսը կազմում է 1.795 քառ կմ, բնակչությունը՝ 18.963 մարդ։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։ Կազմավորվել է 1991-ին` ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա։
Շրջանը հյուսիսից սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում` Քարավաճառի ենթաշրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հարավ-արևելքում` Աղդամին, արևելքում` Բարդայի շրջաններին։ Ունի 43 համայնք: Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը: Տարածքով հոսում են Թարթառ և Խաչեն գետերն՝ իրենց բազմաթիվ վտակներով։
Պատմաճարտարապետական հուշարձանները
Տարածքում կան մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (13-րդ դ.), Երեք մանկունք (17-րդ դար), Եղիշե առաքյալի (12-13-րդ դդ.), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (9-րդ դ.), Խոխանբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։ Գանձասարի վանքը 13-19-րդ դարերում եղել է Արցախի վանական, քաղաքական, մշակաթային, տնտեսական և պաշտպանական կենտրոն, միաժամանակ՝ Աղվանից կաթողիկոսության մշտական, անփոփոխ աթոռանիստը։
Տնտեսությունը
Տնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Գործում են «Սարսանգի» հէկը, Վանքի փայտամշակման կոմբինատը, Դրմբոնի լեռնամետալուրգիական և Մարտակերտի «ԷՐԱ» ընկերությունները։
Մարտակերտում գործում են 1-ական միջնակարգ և հիմնական դպրոցներ, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, շրջանային հիվանդանոց, շինարարական կազմակերպություններ և այլ պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններ:

Մարտակերտի շրջանը Արցախյան ազատամարտում
Մինչև պետական բանակի կազմավորումը շրջանի հայկական գրեթե բոլոր գյուղերում ստեղծվել են 50-ից ավելի ինքնապաշտպանական-կամավորական ջոկատներ, որոնք ծանր ու տևական մարտեր են մղել հակառակորդի դեմ, ինչպես նաև մասնակցել Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:
1992թ. ամռանը ադրբեջանական զինված ուժերը Գյանջայում տեղակայված ԽՍՀՄ 4-րդ բանակի օժանդակությամբ օկուպացրել են շրջանի մեծ մասը, այդ թվում և Մարտակերտի շրջկենտրոնը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և հայաստանյան կամավորական ջոկատների ծավալած մարտական գործողությունների շնորհիվ ազատագրվել են շրջանի տարածքները, 1993թ. հունիսի 8-ին՝ Մարտակերտ շրջկենտրոնը:
Լոռու մարզի պատվիրակության այցը համընկավ Մարտակերտի ազատագրման 20-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների հետ
Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում հունիսի 27-29-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզն ու Արցախի Մարտակերտի շրջանն արդեն մի քանի տարի իրականացնում են «Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով տարբեր միջոցառումեր:

Մարզի պատվիրակության հերթական այցը Լեռնայի Ղարաբաղի հանրապետություն կայացավ «Վալեքս գրուպի» և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ: Այցն այս անգամ համընկավ Մարտակերտի ազատագրման 20-րդ տարելիցի հետ: Պատվիրակությունը, որի կազմում էին մարզային տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականության ներկայացուցիչներ, «Վալլեքս» խմբի՝ Հայաստանում գործող ընկերությունների աշխատակիցներ, գլխավորում էր Լոռու մարզպետը:
Ա. Նալբանդյանը պատվիրակության մի քանի անդամների հետ մասնակցեց Մարտակերտի ազատագրման 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ջերմորեն ողջունեց Հայաստանի Հանրապետությունից ժամանած պատվիրակություններին: Մարտակերտի վարչակազմի նիստերի դահլիճում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ հանձնեց մի խումբ ազատամարտիկների: Ապա՝ պսակադրության արարողություն կատարվեց Արցախյան գոյամարտում նահատակաված ազատամարտիկների և զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նույն օրը Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցում հանդիսավորությւամբ բացվեց ըմբշամարտի դահլիճը: Լոռու մարզպետի կողմից մարզադպրոցին նվիրաբերվեց ըմբշամարտի մարզահագուստ: Ա. Նալբանդյանը Մարտակերտի վարչական շրջանին նաև համակարգիչ նվիրեց:
Այցը հագեցած էր մշակութային միջոցառումներով: Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան լինելու Գանաձասարի վանքում, Տիգրանակերտ քաղաք-թանգարանում, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին «Վալեքս» խմբի ընկերություններից «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ին պատկանող Դրմբոնի լեռնահանքային համալիրում, Կաշենի բաց հանքավայրի տարածքում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին: «Վալեքս գրուպի» Արցախում և Հայաստանում գործող ընկերությունները մեկ ամբողջություն են, որոնք ապահովում են Արցախի և Հայաստանի Լոռու մարզի արդյունաբերական արտադրանքի գերակշիռ մասը և էական դերակատարում ունեն տնտեսական կյանքում: Ինչպես ներկայացվեց, Դրմբոնի հանքավայրի պաշարները սպառելուց հետո, աշխատանքներ կշարունակվեն պոչամբարների պոչանյութերի կորզման ուղղությամբ: Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Վարդաձոր և Ծաղկաշեն գյուղերի մերձակայքում գտնվող Կաշենի հանքավայրը կշահագործվի շուրջ 10 տարի: Հողի ընդերքում նախնական տվյալների համաձայն 17 միլիոն տոննա հանքաքարից մեծամասնությունը ոսկու խտանյութ է, այստեղ առկա են նաև պղնձի և մոլիբդենի օգտակար հանածոների պաշարներ:
Հովանավորների աջակցությամբ «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Վալեքս գարդն հոթել» հյուրանոցում կազմակերպվել էր նաև ճաշկերույթ: Միջոցառման ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր խոսքում արժևորեց «Վալեքս» խմբի ընկերությունների մեծ ներդրումը երկու երկրրների արդյունաբերության զարգացման գործում՝ նշելով նաև, որ «Վալեքս գրուպը» բարեգործական բազմաթիվ ծրագրերի հեղինակ է և միջոցներ չի խնայում երկու երկրների ու այնտեղ բնակվող հայորդիների հոգսը փոքր-ինչ թեթևացնելու համար: Արթուր Նալբանդյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Բեյզ Մեթլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանին հանձնեց Լոռու մարզպետի «Ոսկե հուշամեդալը»:
Ետդարձին այց կատարվեց նաև Տաթևի վանական համալիր:
Եռօրյա այցից հետո պատվիրակությունը վերադարձավ հարուստ տպավորություններով:
Լոռու մարզ- Մարտակերտ համագործակցությունն այս այցով նոր նախատեսումների հիմք հանդիսացավ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59