Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց բուժաշխատողների մասնագիտական տոնը

25.06.2013

Հունիսի 25-ին բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի, համայնքապետարանների, մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, մտավորականներ:
-Անձնական խոնարհում, հարգանք ու սեր ենք տածում իրենց գործի նվիրյալ բուժաշխատողների նկատմամբ: Բժիշկը բարոյականության և խղճի խորհրդանիշն է: Աստծուց հետո այն երկրային էակն է, ում ապավինում ենք մեր ծննդյան առաջին իսկ պահից»,- մարզի բուժաշխատողներին հղած իր օրհնությունում ասաց տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Իր շնորհավորանքի խոսքում Ա. Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Ձեր մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումները, հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում: Շարունակվում է առողջապահական հիմնարկների վերազինումը, մարզի բազմաթիվ մասնագետներ անցել են որակավորման դասընթացներ, էլ ավելի խորքային են դարձել ազգաբնակչության բուժզննման և ապաքինման գործընթացները:
Հմուտ և ազնիվ բուժաշխատողների նվիրումն աննկատ չի մնում ոչ հանրության և ոչ էլ իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձավ վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներին,արձանագրված ձեռքբերումներին:
Ավանդույթի համաձայն Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված բուժաշխատողները:
2013թ. «Ստացիոնարի լավագույն բժիշկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Հենրիկ Մելքումյանը, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ»՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի բժիշկ՝ Մանուշակ Հակոբյանը, «Գյուղական ամբուլատորիայի լավագույն բժիշկ»՝ «Վահագնիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի բժիշկ Աշոտ Հակոբյանը, «Ստացիոնարի լավագույն բուժքույր»՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժքույր Անուշ Խաչիկյանը, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր»՝ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Անահիտ Դալլաքյանը, «Առողջության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ»՝ «Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Կիմ Ավանեսյանը:
Մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին մարզպետի շնորհավորագրերով:
Բուժաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ շնորհավորեց նաև Սամվել Դարբինյանը: Վանաձորի առողջապահական համակարգի մի խումբ նվիրյալներ պարգևատրվեցին քաղաքապետի շնորհավորագրերով
Բուժաշխատողներին իրենց երաժշտական ողջույնները հղեցին Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, «Երգի թատրոնի» երգչուհիները և «Հորովել» երգի-պարի համույթը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14