Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
24.06.2013
Հունիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նախորդ շաբաթ մարզի ղեկավարը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը աշխատանքային այցով Ֆրանսիայի ՊԱԿԱ նահանգում էին: Մարզի ղեկավարը նշեց, որ այցը կատարվել է երկու մարզերի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ կան ծրագրային զարգացումներ և այցն, ըստ էության, կարելի է արդյունավետ գնահատել:
Մարզպետը տեղեկացավ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի վարչությունների կողմից կատարված աշխատանքներին:
Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը ներկայացրեց, հունիսի 19-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Լոռու մարզ կատարած այցի մանրամասները:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին՝ նշեց, որ որոշակի առաջընթաց է արձանագրվել: Հունիսի 21-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 42,8 տոկոս, գույքահարկը՝ 34,8, հողահարկը՝ 44 տոկոս: Մարզպետը նշեց, որ հարկերի հավաքագրման ցուցանիշները դիտարկելիս, առաջնային պետք է համարել դրանց համեմատությունը ոչ թե նախորդ տարվա ցուցանիշների, այլ սահմանված պլանների հետ:
Ինչպես հայտնի է, «Տաշիր» հիմնադրամը աջակցություն պետք է տրամադրեր մայիսի 25-ին կարկուտից տուժած Ամրակից, Ագարակ և Լեջան համայնքներին: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը հայտնեց, որ օգնությունը՝ հողահարկի և պարարտանյութի տեսքով, տուժած համայնքներին տրամադրվել է սահմանված ժամկետներում: Ընդհանուր առմամբ տրամադրվել է 43 տոննա պարարտանյութ, մուծվել է 4 մլն դրամ հողահարկ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ դպրոցների միասնական և ավարտական քննություններն անցել են բնականոն հունով: Բողոքներ և դժգոհություններ չեն եղել:
Ըստ քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, 4-րդ հրատապ ծրագրի կատարողականը կազմել է 87,9 տոկոս, ֆինանսավորումը՝ 76,5 տոկոս: Ծրագրի շրջանակներում հիմնականում ավարտվել են նաև 4-րդ հրատապ ծրագրով նախատեսված ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների կառուցման, բակերի բարեկարգման աշխատանքները գրեթե բոլոր տարածաշրջաններում: Հինգերորդ հրատապ ծրագրից Վանաձորին տրամադրված 300 մլն դրամի շրջանակներում նույնպես փողոցների բարեկարգման և ասֆալտապատման որոշակի աշխատանքներ են կատարվել: Մարզպետը նշեց, որ այս աշխատանքներն իրականացում են 3 շինկազմակերպություններ, ինչը կնպաստի մրցակցություն, այդ կերպ նաև որակ ապահովել:
Քննարկվեցի նաև այլ հարցեր: