Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների պաշտպանության օրը՝ հագեցած ծրագրով

02.06.2013

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնած հաճելի ավանդույթով հունիսի 1-ին մարզպետարանի պատվիրակությունն այցելեց Վանաձորի մանկատուն, երեխաների  խնդիրներով զբաղվող հաստատություններ, կազմակերություններ՝   անակնկալներ մատուցելով  երեխաներին:

Վանաձորի մանկատանը մարզի ղեկավարը սպասված հյուր էր: Դեռևս Ալավերդու քաղաքապետ եղած տարիներին Ա.Նալբանդյանն այցելում էր մանկատուն, աջակցություն ցուցաբերում հաստատության սաներին:  Այսօր էլ ավանդույթը շարունակվում է և յուրաքանչյուր տարի, ինչպես և այս անգամ,  Վանաձորի մանկատան սաների տոնը շնորհավորելու էին եկել նաև Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչները: 

Մարզի ղեկավարին ուղեկցում էին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի ընտանիքի, կանանց,  և  երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:  Մանկատան սաների մասնակցությամբ  գեղարվեստական միջոցառում էր կազմակերպվել մանկատան բակում, իսկ ավելի փոքրիկները մասնակցում էին կավճանկարների մրցույթին: Ա. Նալբանդյանն ջերմորեն շնորհավորեց  երեխաներին` մաղթելով անհոգ մանկություն.

 Մարզի ղեկավարը հերթական անգամ շրջեց մանկատան մասնաշենքում:  Տնօրեն Արշալույս Հարությունյանի ներկայացմամբ հաստատությունում կգործի սոցիալական մանկավարժի ու հոգեբանի կաբինետ, որը, սակայն, առայժմ կահավորված չէ: Մարզպետը խոստացավ աջակցել այդ հարցում: Նրա հովանավորությամբ նաև հյուրասիրություն էր նախապատրասվել մանկատան փոքրիկ բնակիչների համար:

Մարզի ղեկավարին սպասում էին նաև Վանաձորի թիվ 15 մանկապարտեզում: Մանուկների ուրախ երգն ու պարը ոգևորություն պարգևեց Ա. Նալբանդյանին, Տ. Բադոյանին, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին:

 Հաջորդ այցելությունը  «Հայկական Կարիտասի»  «Փոքրիկ Իշխան» կենտրոն էր: Այստեղ նույնպես մարզպետը ձեռնունայն չէր եկել, կազմակերպությանը տեխնիկա նվիրեց, ծանոթացավ իրականացվող ծրագրերին: Կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանի տեղեկացմամբ` կազմակերպություն են հաճախում  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ 10-18 տարիքային խմբերից: Երեխաներն, ինչպես նաև նրանց ծնողներն այստեղ մասնագիտական կրթություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն են ստանում: Ծրագրերի կրթական մասը «Հայկական Կարիտասի» ֆինանսավորմամբ իրականացնում է  «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպությունը:

Օրվա երկրորդ կեսին մարզպետարանի դահլիճում հանդիպում էր կազմակերպվել մարզկենտրոնում  ակտիվ գործունեություն  ծավալող, երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ոստիկանության  բաժինների անչափահասների գործերով տեսուչների մասնակցությամբ: Ա. Նալբանդյանն իր ողջույնի  խոսքում կարևորեց  նրանց դերը երեխաների խնդիրների բացահայտման,  դրանց լուծման   գործում:

Մարզի ղեկավարը շնորհակալագրերով պարգևատրեց «Առավոտ», «Հայկական Կարիտասի» «Փոքրիկ Իշխան» կենտրոնի, «Խաչվող ուղիներ», «Օրրան» հկ-ներին  Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնին` կյանքի դժվարին պայմաններում հայտված երեխաների վերականգնման  ու զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, Ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով զբաղվող մի  խումբ տեսուչների ու  բաժնի  պետերի:

Մարզպետը նույն օրը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների,  փոխմարզպետ Արսեն Դարբինայնի, Մ. Սայադյանի ուղեկցությամբ եղավ նաև Մարգահովիտ համայնքում բնակվող Լիզա Գևորգյանի խնամատար ընտանիքում: Այն մարզում ընտրված 5 խնամատար ընտանիքներից մեկն է, որտեղ  դաստիարակվում ու ծնողական ջերմ վերաաբերմունքի են արժանանում մանկատան երեխաները: Այստեղ  9-ամյա Արմեն Խաչատրյանը բնակվում է 2007 թվականից:  «Ծնողների»  ջանքերի, հետևողական աշխատանքի շնորհիվ Արմենը դպրոցում բացառիկ առաջադիմություն է ցուցաբերում: Նա սրտատրոփ սպասում էր մարզի ղեկավարի այցին, որպեսզի պատմի իր հաջողությունների մասին: Ա. Նալբանդյանը վստահեցրեց,  որ մարզային իշխանությունները պատրաստակամ են նմանատիպ ընտանիքներին աջակցել ցանկացած հարցում: Նա  Արմենին  նույնպես անակնկալ մատուցեց` նվիրելով հեծանիվ, իսկ ընտանիքին ցուցաբերեց դրամական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-18 17:07:44