Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր

23.05.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը  մայիսի 21-ին  աշխատանքային այցով եղավ Տաշիրի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Այցերը մշտապես օգնում են տեղում ծանոթանալ համայնքային խնդիրներին, առանձնացնել դրանք ըստ առաջնահերթության՝ հետագա ծրագրերում ներառելու նպատակով:

  Ա. Նալբանդյանը եղավ Տաշիրի տարածաշրջանի այն համայնքներում, որտեղ պետբյուջեի միջոցներով ծրագրեր են  իրականացվում, կամ նախատեսվում են առաջիկայում:

   Առաջին կանգառը Միխայլովկա  համայնք էր, որի դպրոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ծրագրի արժողությունը  18 միլիոն դրամ է:  Այստեղ  նորացվել է սանհանգույցը, փոխվել են դռներն ու պատուհանները:

 Մանկավարժները մարզի ղեկավարին խնդրեցին հնարավորության դեպքում դպրոցն ապահովել   լոկալ ջեռուցմամբ:  Ա. Նալբանդյանն ի պատասխան  առաջարկեց հաշվարկ կատարել, հաշվի առնել նպատակահարմարությունը ՝ հատկապես  գազի սակագնի հնարավոր թանկացման դեպքում: Եթե դպրոցի ֆինանսական  հնարավորությունները  թույլ տան  վճարելու ամենամսյա վարձավճարները ծախսվելիք գազի դիմաց ,  ապա մարզպետարանը պատրաստ է ընդառաջ գնալ նաև  այս խնդրի լուծմանը:  Պետրովկայում պետբյուջեից 20 միլիոն է տրամադրվել՝ գյուղը գազիֆիկացնելու համար, առայժմ՝ մասամբ:  Օրեր անց աշխատանքները կավարտվեն, սակայն ինչպես Ա. Նալբանդյանն է վստահեցնում, չի բացառվում, որ համայնքի մյուս հատվածում գազիֆիկացման աշխատանքներ տարվեն 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում:

Ապավեն համայնքում  մարզպետն առաջին անգամ էր լինում: Ապավենը մարզի այն համայնքներից է, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ:  Այն  ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ ունի: Ճանապարհներն անբարեկարգ են:  Գյուղում դպրոց չի գործում: Ապավենցի փոքրիկները դպրոց են հաճախում  հարևան Արծնի գյուղում, սակայն տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է , հատկապես ձռման ամիսներին: Արծնի տանող ճանապարհները նույնպես վերանորոգման կարիք ունեն:

Մարզի ղեկավարը զրուցեց նաև բնակիչների հետ՝ հաղորդակից դառնալով  նրանց հուզող հարցերին:  Բնակիչները դժգոհում էին  հիմնականում կաթի ցածր ինքնարժեքից, մթերման ու ստացած բերքի իրացման հետ կապված խնդիրներից:

Ա. Նալբանդյանը Սարչապետ համայնքում ծանոթացավ նորակառույց մանկապարտեզի առօրյային: Նախորդ տարի  աշխատանքային այցի ժամանակ Սարչապետի համայնքապետը նախակրթարանի հարց էր բարձրացրել:  Ընդամենը մեկ տարի է անցել, իսկ մանկապարտեզն արդեն լիարժեք գործում է: Մարզի ղեկավարը մեկ անգամ չէ, որ կարևորել է նախակրթարանների դերը հատկապես գյուղական համայքներում:   Սարչապետում նախակրթարանի հիմնումն այն ծրագրերից է, որի միջոցով համատեղվել են պետական, համայնքային և միջազգային կազմակերպությունների միջոցները :  Արդյունքում այսօր հարմարավետ պայմաններում  4-5 տարեկանների խմբում նախադպրոցական կրթություն է ստանում շուրջ  30 երեխա:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24