Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելեց Թումանյանի տարածաշրջանի համայնքներ

16.04.2013


Շաբաթը մեկ կամ երկու աշխատանքային օր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացնում է համայնքներում, տեղում ծանոթանում առկա խնդիրներին ու ընթացող շինարարական աշխատանքներին: Ապրիլի 12-ին աշխատանքային այցով մարզպետը Թումանյանի տարածաշրջանում էր: Առաջին այցելությունը Հաղպատ համայնք էր, որտեղ պետական հատկացումներով հիմնանորոգվում է գյուղի մշակույթի տունը: Այս շենքում տեղակայվելու են գյուղապետարանը, «Հայփոստի» բաժանմունքը, բուժկետը։ Համայնքային կենտրոնում նախատեսում են նաև շախմատի ու պարի նոր խմբակներ բացել: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կանակա» ԲԲԸ-ն: Աշխատանքներն սկսվել են մարտի 25-ից։ Ընդգրկված է 17 մարդ: Զբոսաշրջության զարգացման գործում Հաղպատի համար կարևոր այս ծրագրից բացի՝ Հաղպատում մեկ այլ շինարարական ծրագիր է սպասվում. շուտով կսկսվի նաև դպրոցի վերանորոգման ծրագիրը: Ա. Նալբանդյանն ասաց, որ դպրոցի վերանորոգումն իրականություն կդառնա Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, իսկ Հաղպատում կմնա լուծելու միայն խմելու ջրի հարցը:
Մարզերի համաչափ զարգացման չորրորդ փուլով Ալավերդի քաղաքում վերանորոգվեց նաև Թումանյան փողոցի փլված հենապատը. իրականացված աշխատանքներին տեղում ծանոթացավ Լոռու մարզպետը: Այնուհետև Ա. Նալբանդյանն ու մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարներն այցելեցին նաև Սայաթ-Նովայի անվան (թիվ 8) դպրոց, որի մարզադահլիճի տանիքի հիմնանորոգումն ավարտված է, սկսված են ներքին հարդարման աշխատանքները: Հարազատ դպրոցում մարզպետին ընդունեցին առանձնահատուկ ջերմությամբ, նրա հետ կիսվեցին իրենց հուզող խնդիրներով: Դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը նշեց, որ 12 տարի շարունակ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման խնդրանքով դիմել է տարբեր պաշտոնյաների, սակայն խնդիրը լուծում է ստացել միայն հիմա: Ամբողջովին փոխվել է մարզադահլիճի տանիքը,փոխվում է հատակը, աշխատանքներն սկսվել են անցած տարվա դեկտեմբերին: Դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման համար պետական բյուջեից շուրջ 30 մլն դրամ է հատկացվել:
Մարզպետի հաջորդ այցելությունը Սանահին գյուղական թաղամաս էր, որտեղ հրատապ ծրագրի չորրորդ փուլով իրագործվում է սանահինցիների վաղեմի ցանկությունը. շուրջ մեկ ամիս անց սանահինցիները վերջապես խմելու ջուր կունենան, այս նպատակով հատկացվել է շուրջ 25 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացվում է բավականին բարդ տեղանքում, ընդհանուր առմամբ՝ 3,5 կիլոմետր նոր ջրագիծ է կառուցվելու: Աշխատանքներն սկսվել են այս տարվա փետրվարին: Ծրագրի շնորհիվ ժամանակավոր աշխատատեղ են ունենում նաև տեղի մասնագետներն ու բանվորները: «Մ. Սիսակյան» ՍՊԸ տնօրեն Միհրան Սիսակյանը նշեց, որ ջրագծի անցկացման աշխատանքները կավարտվեն ժամանակին, իսկ որակի համար պատասխանատվություն է կրում անձամբ ՍՊԸ ղեկավարը:
Հագվի համայնք մարզպետի նախորդ այցելությունից անցել է ընդամենը 1,5 ամիս, սակայն ակումբի խարխուլ շենքի տեղում արդեն երկհարկանի շինություն է կանգնեցված: Աշխատանքները մեկնարկել են փետրվարին: Շենքը շինարարարները համայնքին կհանձնեն հունիսին, շինարարական աշխատանքների համար 30 մլն դրամ է հատկացվել` կրկին պետական միջոցներից: Ընթացող շինարարական աշխատանքների տեմպերը մարզպետին գոհացնում են, իսկ որակյալ շինություններ համայնքներին հանձնելը մարզպետի առաջին պահանջն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24