Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը ծանոթացավ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին

04.04.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական շրջայցը կատարեց Լոռու մարզի համայնքերում: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ նա եղավ Անտառամուտ համայնքում, ծանոթացավ համայնքային խնդիրներին: Համայնքի ղեկավար Մարտուն Համբարձումյանը կարևորեց համայնքային կենտրոնի անհրաժեշտությունը: Այն մասնաշենքն, ուր այժմ տեղակայված է գյուղապետարանը, կառուցվել է շուրջ 70-80 տարի առաջ: Շինության մի հատվածը փոքր-ինչ բարեկարգվել է և այժմ ծառայում է որպես գյուղապետարան: Սակայն տարածքն անհարմարավետ է և փոքր: Ըստ Ա. Նալբանդյանի, գյուղապետարանի ներկայիս մասնաշենքը բարեկարգել հնարավոր չէ, վերանորոգումը միջոցների անիմաստ փոշիացում կլինի: Անհրաժեշտ է մտածել նոր մասնաշենքի մասին: Ըստ մարզի ղեկավարի, հնարավոր է դիտարկել նաև մասնաշենք գնելու հարցը, մանավանդ, որ տարածքում վաճառքի հանված հարմարավետ կառույցներ կան: Համայնքի բնակիչները Ա. Նալբանդյանին ներկայացրեցին իրենց հուզող մի շարք այլ խնդիրներ: Առաջնային է ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը: Մարզպետը նշեց, որ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը իրատեսական չէ, զգալի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն: Կարելի է դիտարկել գրունտային ճանապարհ կառուցելու հարցը: Անտառամուտցիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ: Գյուղնշանակության հողերն օգտագործվում են ոչ արդյունավետ, քանի որ համայնքն ունի գյուղտեխնիկայի խնդիր: Ա. Նալբանդյանը խոստացավ հետամուտ լինել այս հարցում: Նա շեշտեց, որ վերջին երկու տարվա ընթացքում կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը՝ մատչելի գներով դիզվառելիք, պարարտանյութ և սերմացու է տրամադրվում, տեղադրվում են հակակարկտային կայանքներ:
-Նախորդ տարի տեղադրվել է 6 հակակարկտային կայանք, այս տարի կտեղադրվի ևս 6-ը,- ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետը եղավ նաև Անտառամուտի դպրոցում: Այն ընդամենը 29 աշակերտ ունի: Դպրոցը ջեռուցվել է նախորդ տարի հրատապ ծրագրերի շրջանակներում:
Վահագնի համայնքում մարզպետը ծանոթացավ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող հեղեղատարի կառուցման աշխատանքներին: Ծրագրի արժողությունը 12 մլն դրամ է: Ա. Նալբանդյանը հորդորեց աշխատանքներն ավարտել ժամանակին և որակով:
Աշնանը հանդիսավորությամբ կնշվի անվանի գործիչ Անտոն Քոչինյանի 100- ամյակը, ուստի մինչ այդ նախատեսվում է ավարտին հասցնել հեղեղատարի կառուցումը: Բացի այդ, կբարեկարգվի դեպի համայնք տանող ճանապարհի 1 կմ հատվածը:
Գուգարք համայնքում չորրորդ հրատապ ծրագրով, 24 մլն դրամ ընդհանուր ներդրմամբ կառուցվում է ամբուլատորիա: Մարզպետը գոհունակություն հայտնեց աշխատանքների որակից:
Հաջորդ կանգառը Վանաձորն էր: Ա. Նալբանդյանը եղավ թիվ 4 համաբուժարանում: Այստեղ 7 մլն դրամ ներդրամամբ վերանորոգվում է համաբուժարանին կից երկհարկանի մասնաշենքը, որի երկրորդ հարկը կծառայի իբրև հյուրատուն՝ մարզի տարբեր տարածաշրջաններից վերապատրաստման նպատակով ժամանող բուժաշխատողների համար, իսկ առաջին հարկը կծառայի իբրև խորհրդակցությունների սրահ: Տնտեսված միջոցների հաշվին կբարեկարգվի նաև համաբուժարանի բակը:
Թիվ 2 համաբուժարանում ռենտգեն կաբինետը տեղակայված է բակում, շարժական տնակում, ինչը նպատակահարմար չէ: Ա. Նալբանդյանի նախաձեռնությամբ չորրորդ հրատապ ծրագրով 1,6 մլն դրամ է հատկացվել համաբուժարանի նկուղային հարկը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան վերանորոգելու և այն իբրև ռենտգեն կաբինետ ծառայեցնելու համար: Մարզպետը, ծանոթանալով կատարվող աշխատանքներին, հանդես եկավ որոշ նկատառումներով ՝ հանձնարարելով խստորեն հետևել աշխատանքների որակին:
Ա. Նալբանդյանը այցելեց նաև Վանաձորի թիվ 6 դպրոց, որտեղ պետական միջոցներով կառուցվում է դպրոցի տանիքը: Այդ նպատակով հատկացվել է 10 մլն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24