Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պաշտոնական կայքերի տեղեկատվական թափանցիկության ամենամյա մոնիտորինգի արդյունքների համաձայն Լոռու մարզն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը

02.04.2013

Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ըստ նրա, մարտի 29-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը  պլանի դիմաց կազմել է 76 տոկոս: Նշված ժամանակահատվածում գույքահարկի կատարողականը պլանի դիմաց կազմել է 68 տոկոս: Հողի հարկի կատարողականը պլանի նկատմամբ՝ 67 տոկոս: Ըստ ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետի, ցուցանիշները չեն գոհացնում հիմնականում գույքահարկի գծով, մնացած հարկատեսակների առումով վիճակը շտկելի է :
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց ՀՀ պետբյուջեի կողմից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի ընթացքը: Նշվեց, որ շինաշխատանքներն սկսված են ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր համայնքներում, բացառությամբ Գոգարանի, Եղեգնուտի և Ջիլիզայի: Սկսված են նաև ասֆալտապատման աշխատանքները: Առաջիկայում մարզպետը կվերսկսի նաև շրջայցերը՝ ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացը շարունակվում է: Արդեն իսկ բաշխվել է 1100 տոննա պարարտանյութ (ընդհանուր առմամբ նախատեսված է՝ 2500 տոննա): Ընթացքի մեջ է նաև դիզվառելիքի բաշխման գործընթացը: Մարզպետը նշեց, որ գարնանացանի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ համայնքներն արդեն իսկ ունեն սերմացուի պահանջարկ: Կառավարության աջակցությամբ, մարզի գյուղատնտեսների պահանջարկի համաձայն տրվելիք գարու սերմացուի մի մասն արդեն ներկրված է : Շուրջ 20 տոննա գարու սերմացու կներկրվի Ռուսաստանի Դաշնությունից, որը կբաշխվի Սպիտակի տարածաշրջանում: Ա. Նալբանդյանը հանձնարարեց հստակեցնել ներկրման ժամկետները՝ գարնանացանի աշխատանքները չուշացնելու և գյուղացուն փաստի առաջ չկանգնեցնելու համար:
Ա. Նալբանդյանի և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ այս տարի նախատեսվում է մարզի ճամբարներում կազմակերպել սփյուռքահայ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 9-14 տարեկան շուրջ 150 երեխաների ամառային հանգիստը: Մարզպետը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց Սփյուռքի նախարարության հետ նախապես հստակեցնել երեխաների ցանկը:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ հանրապետության մարզպետարանների համացանցային պաշտոնական կայքերի տեղեկատվական թափանցիկության ամենամյա մոնիտորինգի արդյունքներին, ըստ որի Լոռու մարզն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ 51 պետական մարմինների վարկանիշային ցուցակում՝ 14-րդն է: Մարզպետը դրվատեց բոլոր այն անձանց աշխատանքը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում: Մինչդեռ համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման առումով Լոռու մարզն զգալիորեն կաղում է: Ա. Նալբանդյանը նշեց, որ մինչև տարեվերջ իրավիճակը շտկելու համար համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59