Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան. ,,Մի քանի անպարտաճանաչ հարկատուների պատճառով կարող է տուժել ողջ համայնքը,,

19.03.2013

Մարտի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նախ և առաջ անդրադարձավ մարզի մի շարք համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման գործընթացին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են ծագել, քանի որ համայնքներից մի քանիսը համակարգերի տեղադրման նպատակով համայնքային բյուջեով գումարներ չեն նախատեսել: Մարզպետն առաջարկեց խորհրդակցություն հրավիրել նշված համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ ծագած խնդիրները հարթելու նպատակով:
-Տեղեկատվական համակարգերի տեղադրումը չափազանց կարևոր գործընթաց է, և այս առումով որևէ պատճառաբանություն չի կարող լինել,- ասաց Ա. Նալբանդյանը:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ըստ նրա, մարտի 15-ի դրությամբ հավաքագրվել է 38,2 մլն դրամ սեփական եկամուտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կատարողականը կազմել է 37,4 տոկոս, պլանի դիմաց ՝ 32,2 տոկոս: Նշված ժամանակահատվածում հավաքագրվել է 9,8 մլն դրամ գույքահարկ, նախորդ տարվա նկատմամբ կատարողականը կազմել է 32,6 տոկոս, պլանի դիմաց՝ 34,3 տոկոս: Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը կազմել է 6,3 մլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ կատարողականը 30 տոկոս է, պլանի նկատմամբ՝ 22 տոկոս: Ս. Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ դարձյալ ետընթաց է արձանագրվել: Արթուր Նալբանդյանը հանձնարարեց փոխմարզպետներին հետևողական աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետական աջակցությամբ տրվող ազոտական պարարտանյութը, դիզվառելիքը և սերմացուն չեն ստանա այն համայնքները, որոնք հարկերի հավաքագրումը պատշաճ ձևով չեն իրականացնի: Այդ համայնքները դուրս կմնան նաև հրատապ ծրագրերից: Մարզպետը նշեց, որ վատ տենդենց է նկատվում, քանի որ համայնքների ղեկավարները պարտավորվում են հարկերը հավաքագրել միայն այն պատճառով, որպեսզի դուրս չմնան ծրագրերից, մինչդեռ այդ գործընթացն նրանց հիմնական գործառույթներից մեկն է :
-Մի քանի անպարտաճանաչ հարկատուների պատճառով կարող է տուժել ողջ համայնքը: Սոցիալական վիճակը չի կարող պատճառաբանություն դառնալ: Վատ հավաքագրման հիմնական պատճառը համայքի ղեկավարի ոչ ճիշտ աշխատանքն է: Դրա ապացույցն է նաև այն, որ կողք կողքի գտնվող համայնքներից մեկում հարկերի հավաքագրումը կատարվում է 100, մյուսում՝ 40 տոկոսով:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց ՀՀ պետբյուջեի կողմից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի ընթացքը՝ նշելով, որ այնտեղ, որտեղ եղանակային պայմանները թույլ են տալիս, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նա նշեց, որ շինկազմակերպությունները ֆինանսավորում կստանան արդեն առաջիկա օրերին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացը շարունակվում է: Արդեն իսկ բաշխվել է 7644 պարկ, այն է ՝ 382 տոննա պարարտանյութ: Ստացել են առայժմ 6 համայնքներ: Համայնքներին տրվող դիզվառելիքի դիմաց հավաքվել է ընդամենը 156 մլն դրամ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը տեղեկացրեց, որ նույն օրը մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Ա. Նալբանդյանը նշեց, որ հանրապետական փուլին մասնակից երեխաների տրանսպորտային ծախսերը պետք է հոգա ,, Լոռու դպրոց,, հիմնադրամը:
Մարզպետը ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ առավել հետևողական աշխատանք տանել, որպեսզի պարտուսից դուրս մնացած երեխաների թիվը չավելանա: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս նրանք 8-ն են, և ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում երեխաներին դպրոց վերադարձնելու համար: Նա դժգոհություն հայտնեց դպրոց- համայնք համագործակցությունից՝ նշելով, որ դպրոց չհաճախող երեխաների մասին բաժինն առավել հաճախ տեղեկատվություն է ստանում իրավապահ մարմիններից:
Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59