Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ Առկա խնդիրները վեր հանելու նպատակով

06.03.2013


ՀՀ վերահսկիչ պալատը 2010-2012թթ. Լոռու մարզի համայնքներում՝ աղբահանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու նպատակով կատարել է ուսումնասիրություններ: Մարզում աղբահանություն է իրականացվում 8 քաղաքային և 33 գյուղական համայնքներում: Կատարված ուսումնասիրությունները փաստել են, որ թերություններ կան ոչ միայն սանիտարական նորմերի պահպանության առումով, այլև փաստաթղթային: Կազմվել է արձանագրություն, որի քննարկամանն էր նվիրված մարտի 5-ին Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունը: Մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց արձանագրությունում տեղ գտած նկատառումները: Արձանագրված առաջին թերացումն այն է, որ տարածքային կառավարման մարմինները պետք է կազմեին և վարեին թափոնների գոյացման, մշակման, օգտահանման և հեռացման վայրերի գրանցամատյանները, բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված պետք է իրականացվեր թափոնների տեղադրման վայրերի թույլտվությունների տրամադրումը, կազմակերպվեր թափոնների հաշվառումը, անձնագրավորումը, ինչը հիմանականում չի արվել: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվել են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 37-րդ հոդվածներով, ըստ որի համայնքի ղեկավարը պետք է վարի համայնքի քաղաքաշինական, բնապահպանական կադաստրները, կազմակերպի աղբահանությունն ու սանիտարական մաքրումը, իսկ 45-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է հողի մշակումը քիմիական նյութերով և պահպանումը արտադրական թափոններով աղտոտումից: ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով՝ Լոռու մարզում գրանցված է ընդամենը 3 աղբավայր՝ Վանաձորում, Սպիտակում և Ալավերդում, մինչդեռ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով՝ չգույքագրված աղբավայրերի թիվը 63-ն է , որոնց զբաղեցրած տարածքը կազմում է 35,6 հա: Այսպիսով՝ հաշվառման տվյալները չեն արտացոլում առկա աղբավայրերի իրական պատկերը: Ըստ վիճակագրական տվյալների, Լոռու մարզում տարեկան աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 80 հազար խորանարդ մետր կամ շուրջ 31 հազար տոննա կենցաղային աղբ: «Բնապահապանական վճարների դյույքաչափերի մասին» օրենքով կենցաղային աղբը՝ որպես վտանգավոր թափոն ընդունելու դեպքում, յուրաքանչյուր տոննայի համար 1500 դրամ դրույքաչափ կիրառելիս, վիճակագրական հաշվարկի միջին տվյալներով, աղբի տեղադրման դիմաց բնապահպանական վճարի ընդհանուր գումարը տարեկան կկազմի 46 մլն 200 հազար դրամ, մինչդեռ ներկայումս հավաքագրվող գումարները շատ ավելի պակաս են: 83 գյուղական համայնքներ ընդգրկված չեն թափոնների հավաքման ծառայությունում: Բնակչության շուրջ 36 տոկոսը չի օգտվում աղբահավաքման ծառայությունից: Քաղաքային բնակավայրերում իրականացվող սանիտարական և աղբահավաքման ծառայությունը ընդգրկում է 89 տոկոսը: Խախտվում են բնապահապանական նորմերը: Արձանագրված թերություններն իհարկե բազմաթիվ են, որոնց մի մասի հետ համայնքների ղեկավարները չհամաձայնեցին՝ պատճառաբանելով, որ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, իսկ համայնքերի բյուջեները բավարար չեն: Վանաձորի քաղաքապետն, օրինակ, նշեց, որ կենցաղային աղբը չի կարող համարվել վտանգավոր թափոն, ուստի չի կարող գանձվել յուրաքանչյուր տոննայի համար 1500 դրամ դրույքաչափի կիրառմամբ:
-Շատ դեպքերում պարզ է դարձել, որ համայնքների ֆինանսական միջոցներն իսկապես չեն բավարարում պատշաճ աղբահանություն իրականացնելու համար: Եթե խնդիրը դժվարություն է առաջացնում մեծ քաղաքաներում, ինչ խոսք կարող է լինել փոքր գյուղական համայքների մասին, սակայն պետք է հստակորեն գիտակցենք, որ աղբահանությունը համայքների ղեկավարների լիազորությունների շարքին է դասվում: Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, բնապահպանական խնդիրներ ունի ոչ միայն արդյունաբերության հետ կապված, այլև աղբահանության: Ուենք միջհամայնքային ճանապարհներ, որոնք ամբողջությամբ պատված են աղբով: Սա խնդիր է, որի նկատմամբ պետք է լուրջ ուշադրություն ցուցաբերենք, ծրագրեր մշակենք, այլապես՝ ինչ խոսք կարող է լինել տուրիզմի՝ որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղի զարգացման մասին, - ասաց Ա. Նալբանդյանը:
Խորհրդակցության մասնակից համայնքների ղեկավարները նշեցին, որ աղբահանություն իրականացնում են պատշաճ կարգով, սակայն բարձրացրեցին աղբահավաք տեխնիկայի և աղբավայրերի կառուցման խնդիրը: Մարզպետն առաջարկեց համագործակցել այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, որոնք բնապահպանական ծրագրեր են իրականացնում: Իր նկատառումներն արտահայտեց նաև Լոռու մարզի հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության պետական տեսչության պետ Կարինե Միրզոյանը՝ նշելով, որ Լոռու մարզի գրեթե բոլոր բնակավայրերում աղբահանությունն իրականացվում է սանիտարական նորմերի խախտումներով: Նորմերի պահպանումը ևս, ըստ համայնքների ղեկավարների, լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում, մինչդեռ բնապահպանական վճարներ են ստանում ոչ բոլոր համայնքները:
Խորհրդակցության արդյունքներն ամփոփելով՝ Ա. Նալբանդյանը նշեց.
-Նման ձևաչափով խորհրդակցության անցկացման նպատակը բնապահպանությանն առնչվող խնդիրների վեր հանումն էր համայնքների ղեկավարների և շահագրգիռ կառույցների անմիջական մասնակցության միջոցով: Աղբահանություն իրականացնելը մեծ ֆինանսական միջոցներ չի պահանջում, մինչդեռ աղբավայր, տեխնիկա ձեռք բերելը իսկապես հնարավոր չէ առանց ֆինանսական աջակցության: Պետական աջակցություն անպայման կլինի, ներկայումս քննարկաման փուլում են աղբահանության հետ կապված բոլոր խնդիրները և հանրապետության մասշտաբով լուրջ ռազմավարական ծրագրեր են մշակվում,- ասաց նա՝ հորդորելով համայնքների ղեկավարներին ձեռնունայն չնստել և ճանապարհներ որոնել խնդիրներին լուծում տալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24