Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոչ՛ աղտեղությանը

26.02.2013

Դարպաս համայնքի և Վանաձորի վարչական տարածքների հատման կետում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, «Դարպասի ճալա» կոչվող տարածքը վերածվել է ապօրինի աղբավայրի. այս մասին ահազանգում են Դարպաս համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը: Դիմելով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին` նրանք խնդրել են հարցին լուծում տալ: Մարզպետն անմիջապես արձագանքել է բնակչության մտահոգությանը: Փետրվարի 25-ին նա հրավիրել էր խորհրդակցություն` շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
Խնդիրն այն է, որ այդ տարածքում գործում է աղբի վերամշակման կոմբինատ: Նշված հիմնարկության տնօրինությունը աղբը վերամշակելուց հետո մնացած աղբը տեղափոխում է ոչ թե Արջուտի աղբավայր, այլ, նեղություն չկրելով և չցանկանալով հավելյալ գումարներ վատնել, աղբաթափություն է իրականացնում վերոնշյալ տարածքում:
- Մեզ համար բնապահպանական խնդիրները պետք է լինեն խիստ առաջնային` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Լոռին արդյունաբերական մարզ է, հետևաբար այստեղ բնապահպանական խնդիրներն առավել առաջնային են: Բնականաբար, առավել զգոն ու հետևողական պետք է լինի մեզնից յուրաքանչյուրը,- ասաց Ա. Նալբանդյանը:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Լյովա Մելիքյանը պարզաբանեց, որ մարզկենտրոնում աղբահանություն իրականացնող կազմակերպությունը բեռնատար մեքենաներով աղբը տեղափոխում է նշված կոմբինատ: Վերամշակելուց հետո այդ կոմբինատի աշխատակիցները աղբը Արջուտի աղբավայր տեղափոխելու փոխարեն  թափում են հարակից տարածքում: Խնդրահարույց է նաև այն, որ Վանաձորի քաղաքապետարանի և տվյալ կազմակերպության միջև կնքված պայմանագրի մեջ հստակեցված չէ, թե վերամշակումից հետո կոնկրետ ում պարտավորությունն է աղբի հետագա տեղափոխման հարցը:
- Աղբը վերամշակելու համար տվյալ կազմակերպությունը գումար է վճարում Վանաձորի քաղաքապետարանին, ուստի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը պարտավոր է հետևել գործընթացին մինչև վերջ:
Մարզպետի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը ևս ուսումնասիրություններ է կատարվել նշված տարածքում, կազմվել է արձանագրություն, որտեղ մասնավորապես նշված է, որ
« Դարպասի ճալա» կոչվող տարածքում ապօրինի կենցաղային թափոնների քանակությունը կազմում է շուրջ 500-800 խորանարդ մետր: Բացի կենցաղային աղբից` այստեղ լցվել է նաև մեծաքանակ շինարարական աղբ: Արտադրամասի շուրջբոլորը աղտոտված է եղել նաև այլ թափոններով, խիստ աղտոտված են եղել նաև արտադրամասից դուրս եկող ճանապարհահատվածը, հարակից հարթակները, գետափնյա տարածքները և գետը: Աշխատանքային խմբի եզրակացությամբ կենցաղային թափոնները շատ արագ պետք է տեղափոխվեն Արջուտի աղբավայր, տարածքը պետք է մաքրվի, այլապես, եղանակների տաքացմամբ պայմանավորված, կստեղծվի խիստ հակահիգիենիկ իրավիճակ: Նշյալ տարածքում տեղակայված են նաև գյուղի արոտավայրերը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում անասնագլխաքանակի համար: Արդեն գրանցվել է 4 խոշոր եղջերավոր անասունի անկում, որոնց ստամոքսում հայտնաբերվել են պոլիէթիլենե տոպրակներ:
Մարզպետը հանձնարարեց մինչև մարտի 15-ն ամբողջությամբ մաքրել Դարպասում գոյացած աղբավայրը և ամբողջությամբ բացառել նոր երևույթները:
- Բնապահպանական խնդիրներին լուրջ ուշադրություն պետք է դարձնենք մեր ամենօրյա աշխատանքում,- ասաց Ա. Նալբանդյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36