Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց շնորհալիներին

11.01.2013

Հունվարի 11-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց, շնորհավորագրեր ու դրամական պարգևներ հանձնեց Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռազմիկ Պողոսյանին՝ 2012թ. տարեվերջին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում Ուվայսար Սայթինի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում երրորդ տեղ գրավելու, և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Օվսաննա Այվազյանին՝ Բալթյան ու ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի 9-րդ միջազգային օլիմպիադայում երրորդ տեղ գրավելու համար։
Շնորհավորելով նաև Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ՝ Ա. Նալբանդյանն ասաց. - Ձեր հաջողություններով դուք բարձր եք պահում ոչ միայն քաղաքի, մարզի, այլև ողջ հանրապետության պատիվը։ Վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ հաջողությունների կհասնեք՝ մեզ հպարտանալու առիթ տալով։
Պատանիները շնորհակալություն հայտնելով մարզպետին, խոսեցին իրենց տպավորությունների մասին։ Օվսաննան տեղեկացրեց, որ 5 հոգուց կազմված Հայաստանի պատվիրակությունն ամենափոքրաթիվն էր՝ օլիմպիադայի մասնակից մյուս երկրների պատվիրակությունների համեմատությամբ։ Հայաստանյան խմբի կազմում ընդգրկված են եղել 3 աշակերտ Երևանից, մեկական՝ Կապանից ու Վանաձորից։ Միջազգային 9-րդ օլիմպիադայում առաջին երկու տեղերը նվաճել են Բալթյան երկրների աշակերտները, երրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Օվսաննան։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանից մեկնած աշակերտները որևէ հաջողության չեն հասել։
Ռ. Պողոսյանը նույնպես ներկայացրեց իր տպավորությունները՝ վստահեցնելով, որ առավել բարձր արդյունքներ կունենա 2013-ին։
Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց և դրամական պարգևներ հանձնեց նաև Վանաձորի թիվ 11 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանին և ազատ ոճի ըմբշամարտի Լոռու մարզի հավաքականի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանին՝ նման սաներ կրթելու համար։ Վերջիններս նույնպես երախտիքի խոսք ասացին Լոռու մարզպետին՝ կրթության և սպորտի բնագավառները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22