Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխհամագործակցության նոր հեռանկարներ

18.12.2012

Դեկտեմբերի 9-13ը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’ Ազյուր մարզում: Մարզի լրագրողների հետ հանդիպմանը Ա. Նալբանդյանն ընդհանուր առմամբ այցը բարձր գնահատեց` նշելով, որ երկու մարզերի միջև հաստատված գործակցությունն այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերից լավագույններից մեկն է:
Լոռու և ՊԱԿԱ մարզերի միջև բարեկամական կապեր են հաստատվել ավելի քան 15 տարի առաջ: Այս տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում գործնական քայլեր են ձեռնարկվել և լուրջ ծրագրեր են իրականացվել: 2012-ի ընթացքում ֆրանսիական կողմը քանիցս այցելել է Լոռու մարզ, քննարկվել են ընթացիկ քայլերը, մշակվել համատեղ ծրագրեր` զբոսաշրջության, անասնապահության և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ:
Ա. Նալբանդյանի գլխավորած պատվիրակության այցը չափազանց արդյունավետ է եղել մշակված ծրագրերի հետագա ընթացքը կանխորոշելու առումով: Մարզում հստակ ծրագրեր կիրականացվեն զբոսաշրջության և անասնապահության զարգացման ուղղությամբ: Զբոսաշրջությունը, ինչպես նշում է Ա. Նալբանդյանը, տնտեսության զարգացման այլընտրանքայի ճյուղ կարող է հանդիսանալ:
Լոռու մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով, և այստեղ հստակ նախադրյալներ կան զբոսաշրջությունը զարգացնելու համար: Ոլորտի զարգացման առումով կենտրոններ կարող են լինել Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանները, որոնք առավել հարուստ են պատմամշակութային կոթողներով և առանձնանում են բնության յուրահատուկ գեղեցկությամբ: Զբոսաշրջային կենտրոնն, այսուհանդերձ, կստեղծվի Ալավերդի քաղաքում:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ են իրականացվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Այստեղ կարևորվում է ոչ միայն պետական աջակցությունը, այլև արտասահմանյան երկրների, տվյալ պարագայում՝ Ֆրանսիայի ՊԱԿԱ մարզի առաջավոր փորձը՝ հատկապես անասնապահության զարգացման ոլորտում: Այցելության երկու օրերը բացառապես նվիրված են եղել անասնապահության ոլորտի ուսումնասիրությանը և այս բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը: Համատեղ քննարկման արդյունքում առավել նպատակահարմար է համարվել ոչխարաբուծության խթանումը Լոռու մարզի Տաշիրի և Սպիտակի տարածաշրջաններում, որտեղ տեղի ֆերմերների համար անասնապահությունը կդառնա լուրջ և եկամտաբեր բիզնես: Ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում Ա. Նալբանդյանի և ՊԱԿԱ մարզի նախագահի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որտեղ ներառվել է դարձյալ երեք ուղղություն` ֆրանսերեն լեզվի զարգացումը մարզի կրթական հաստատություններում` որպես երկրորդ օտար լեզու, զբոսաշրջության և անասնապահության բնագավառները: Համաձայնագրում հստակ ժամկետներ են սահմանված: ՊԱԿԱ մարզը իր 2013 թվականի բյուջեով վերոնշյալ երեք ուղղությունների զարգացման նպատակով նախատեսել է 175 հազար եվրո: 2013-ի սկզբին անասնապահության զարգացման նպատակով Լոռու մարզից մասնագետներ կմեկնեն Ֆրանսիա` վերապատրաստում անցնելու նպատակով: Նրանք իրենց հերթին նմանատիպ դասընթացներ կանցկացնեն մեր մարզում:
Ֆրանսիայում վերապատրաստում կանցնեն նաև զբոսաշրջության մասնագետները, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն ուրիշների:
Ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն հասարակական կազմակերպությունների, համայնքային սեփականությունների, ֆերմերային կոոպերատիվների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14