Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին միամսյակի արդյունքները

06.12.2012

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն էր: Այդ կապակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նախաձեռնությամբ վերջին տարիներին հայտարարվում է հաշմանդամներին նվիրված միամսյակ, որի շրջանակներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 6-ին, Վանաձորի «Օրրան» կազմակերպությունում անցկացվող մարզային հանձնաժողովի նիստում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձավ Հաշմանդամների միջազգային օրվան` նշելով, որ այդ օրն ավելի են կարևորվում նրանց վերաբերող հիմնախնդիրները: Նա նշեց, որ վերջին տարիներին բավականին գործեր են արվել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հոգսը թեթևացնելու համար, սակայն դեռևս բավականին անելիքներ կան:
Հանձնաժողովի անդամ Գայանե Բոջուկյանը տեղեկատվություն տվեց մարզում կառուցվող թեքահարթակների վերաբերյալ: Նա նշեց, որ մարզի 113 համայնքներից 23-ում առկա են թեքահարթակներ, 32-ում առկա է մատչելի միջավայր հաշմանդամների համար, 22 համայնքների ղեկավարներ խոստացել են թեքահարթակների կառուցումն իրականացնել 2013-ի ընթացքում: Թեքահարթակների կառուցման համար միջոցներ են տրամադրվում նաև պետբյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Այս հարցում խոստացել է աջակցել նաև «Հայկական Հաբիթաթ» կազմակերպությունը: Ա. Նալբանդյանն այս առումով նշեց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելու առումով դեռևս բավականին անելիքներ կան, որոնք կլուծվեն քայլ առ քայլ:
Հաշմանդամներին նվիրված միամսյակի շրջանակներում կատարված աշխատանքներին անդրադարձավ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը: Կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան նաև «Լուսաստղ», «Արան», «Խուլերի կրթամշակութային կենտրոն», «Մանկական կենտրոն», «Մոլորակ», «Լիարժեք կյանք» հկ-ները, «Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում» հիմնադրամը, Լոռու մարզի կույրերի վարչությունը, Լոռու մարզային գրադարանը: Ի դեպ, վերջինս իրականացնում է «Արև» և «Ընտանեկան գրադարան» ծրագրերը: «Արև» ծրագիրը նախատեսված է կույրերի համար, ովքեր, հաճախելով գրադարան, ծանոթանում են «խոսող» գրքերին, մինչդեռ գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը նշեց, որ հաճախելիությունն այնքան էլ չի գոհացնում, քանի որ վատ տեսողությամբ անձինք ֆինանսական միջոցների սղության պատճառով դժվարանում են գրադարան հասնել: Ա. Նալբանդյանը խոստացավ աջակցել այդ հարցում:
«Լիարժեք կյանք» լրատուի կողմից միամսյակի շրջանակներում հայտարարվել էր լրագրողական մրցույթ` «Հաջողված պատմություն» խորագրով: Նույն օրն ամփոփվեցին մրցույթի արդյունքները և պարգևատրվեցին մրցանակային տեղերի արժանացածները: Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին այն լրատվամիջոցներն ու կազմակերպությունները, որոնք ակտիվություն էին ցուցաբերել հաշմանդամներին նվիրված միամսյակի շրջանակներում:
Մարզական բնագավառում ունեցած հաջողությունների և Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ շնորհակալագրերի արժանացան Համլետ Մեջլումյանը (կույրերի շախմատի առաջնության Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր), Գարեգին Խաչատրյանը (կույրերի ռուսական շաշկու առաջնության Վանաձորի չեմպիոն), Սամվել Մկրտչյանը (Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) հկ-ն (նախագահ՝ Գ. Մանուկյան)` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցելու համար,
«Առաքելություն Հայաստան» բհկ-ի Վանաձորի համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանը` հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հանդեպ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար:
«Օրրանի» նախասրահում կազմակերպվել էր հաշմանդամների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, որտեղ գնումներ կատարեցին Լոռու մարզպետը և ուրիշներ։ Իսկ կազմակերպության սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14