Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշնանային զորակոչի առաջադրանքը կկատարվի անվերապահորեն
27.11.2012
Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված 2012 թ. աշնանային զորակոչի ընթացքին: Մասնակցում էին Լոռու մարզպետը, տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, մարզի մի շարք մեծ համայնքների ղեկավարներ, տարածաշրջանային զինկոմներ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ իր գոհունակությունն արտահայտեց 2012թ. գարնանային զորակոչը բարձր մակարդակով անցկացնելու (առաջադրանքը Լոռու մարզը կատարել է 107.1 տոկոսով) և հանրապետության ղեկավարության ու բարձրագույն հրամանատարության խրախուսանքին արժանանալու համար:
Ապա տարածաշրջանային զինկոմները ըստ տարածաշրջանների ներկայացրին աշնանային զորակոչի ընթացքը, խոսեցին գործին առնչվող խնդիրներից: Բոլորի կողմից հավաստիացվեց, որ աշնանային զորահավաքը նույնպես կանցնի բարձր մակարդակով և անցանկալի խնդիրներ չեն առաջանա: Հատկապես կարևորվեց զինկոմիսարիատների սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների, դատախազության ու ոստիկանության հետ:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռոբերտ Ղևոնդյանը ամփոփ ներկայացրեց մարզի դպրոցներում նախնական զինվորական պատրաստվածության իրավիճակը, նշելով, որ Լոռու մարզը այս առումով հանրապետության առաջատարներից է, լավագույններից մեկը ուսումնատեխնիկական հագեցվածությամբ:
Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետ Արթուր Նալբանդյանը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց զինապարտների գրանցամատյանների վարման աշխատանքները ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու խնդրին, հորդորեց հատկապես աշնանային ու գարնանային զինակոչային ժամանակահատվածներում ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային զինկոմիսարիատներին: