Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

26.11.2012

Նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նախևառաջ անդրադարձավ 2013 թվականի համայնքային բյուջեների նախնական քննարկման աշխատանքներին:
- Մարզի համայնքների 95 տոկոսում բյուջեների առումով իսպառ բացակայում է հրապարակայնությունը: Եթե նախնական քննարկումներ չեն կատարվում, բնականաբար համայնքների բնակիչները տեղյակ չեն, թե իրենց վճարած հարկերն ինչ նպատակներով են ծախսվում: Սա է նաև պատճառը, որ հարկերի հավաքագրումը պատշաճ մակարդակով հնարավոր չի լինում իրականացնել,- ասաց Ա. Նալբանդյանը:
Նա հանձնարարեց զգուշացնել համայնքի ղեկավարներին բյուջեների նախնական քննարկումներն անցկացնել բնակիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկումներին մասնակից կդառնան նաև փոխմարզպետները, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության աշխատակիցները:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նոյեմբերի 23-ի դրությամբ հավաքագրվել է 81 մլն 100 հազար դրամ սեփական եկամուտ, որը կազմում է նախորդ տարվա նոյեմբեր ամսվա 54,7 տոկոսը, գույքահարկ` 32 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58,2 տոկոսը, և հողի հարկ` 17,2 մլն` նախորդ տարվա 43,8 տոկոսը: Գույքի վարձակալության դիմաց հավաքագրվել է 10,7 մլն դրամ` 56,9 տոկոս: Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշից բոլոր հարկատեսակների գծով մարզի համայնքները հետ են 67 մլն դրամով: Վարչության պետը հույս հայտնեց, որ նշված գումարը հնարավոր կլինի հավաքագրել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ և չորրորդ հրատապ ծրագրերի ընթացքը, Երրորդի կատարողականը կազմում է 92,9 տոկոս, ֆինանսավորվող օբյեկտներից շարունակվում է միայն համայնքային կենտրոնների շինարարությունը, մնացած աշխատանքներն ավարտված են: Ինչ վերաբերում է չորրորդ հրատապ ծրագրին, ապա, ըստ վարչության պետի, մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում տրված է աշխատանքների մեկնարկը: Աշխատանքները կընթանան այնքան ժամանակ, քանի դեռ թույլ են տալիս եղանակային պայմանները: Նշվեց, սակայն, որ մինչև 90 տոկոս հավաքագրում չապահովելու դեպքում համայնքները կարող են նաև դուրս մնալ ծրագրից:
Լսվեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի զեկույցը մարզի ֆերմերներին դիզվառելիքի և առաջին վերարտադրության սերմացուի բաշխման իրավիճակի մասին էր: Մարզպետը հանձնարարեց ամփոփել բերքահավաքի գործընթացը և զեկուցել արդյունքների մասին:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց աղետի հետևանքով բնակարան կորցրած` մեկ սենյականոց բակարանների պահանջարկ ունեցող ընտանիքների հրամանագրման գործընթացը: Նրա տեղեկացմամբ մինչ օրս ընդհանուր առմամբ հրամանագրված է 165 ընտանիք:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև համայնքնայի ճանապարհների մաքրությանը, դառնությամբ նշելով, որ աշխատանքային այցերի ժամանակ բազմիցս ականատես է եղել համայնքային ճանապարհների խիստ աղտոտվածությանը` կենցաղային ու շինարարական աղբով: Նա հանձնարարեց շրջաբերականներ հղել համայնքների ղեկավարներին՝ տեղերում պարբերաբար շաբաթօրյակներ կազմակերպելու վերաբերյալ:
Վարչությունների ու բաժինների ղեկավարներին մարզպետը նաև հանձնարարեց անձամբ հետևողական լինել համայնքներում առկա խնդիրներին, հնարավոր ընթացք տալ դրանց, որպեսզի բնակիչը, կամ ծառայողը ստիպված չլինեն ամիսներով սպասել մարզպետի այցելությանն իրենց համայնք ու անձամբ նրան իրազեկեն իրենց հուզող խնդիրների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22