Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շրջայց մարզկենտրոնի թաղամասերում
30.10.2012
Պետբյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով՝ Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 30-ին հերթական շրջայցը կատարեց մարզկենտրոնում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Մարզերի համաչափ զարգացման ծրագրերի» շրջանակներում Լոռու մարզում շուտով կմեկնարկի չորրորդ հրատապ ծրագիրը` շուրջ 1 մլրդ 350 հազար դրամ ներդրմամբ: Լոռու մարզպետի նպատակն էր նախապես ծանոթանալ ծրագրում ներառված տարածքների, փողոցների, բակերի նախնական վիճակին:
Հրատապ ծրագրերի շարքում ամենածավալուն աշխատանքներն իրականացվել են Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, որի շինաշխատանքները գտնվել են Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության կենտրոնում:
Շինաշխատանքները ֆինանսավորվել և ի կատար են ածվել երկրորդ հրատապ ծրագրով` 410 մլն դրամ համատեղ ներդրմամբ. 205 մլն-ը տրամադրվել է ՀՀ պետբյուջեից, նույնքան էլ` Վանաձորի համայնքային միջոցներից: Շենքը շահագործման է հանձնվել դեռևս սեպտեմբերի 1-ին և այստեղ այժմ բացի թիվ 1 երաժշտական դպրոցից, տեղակայվել են նաև Շարա Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը և Պարարվեստի դպրոցը: Այն ամրացվել ու հիմնանորոգվել է ամբողջությամբ, մասամբ նաև կահավորվել: Կատարված շինաշխատանքներից Ա. Նալբանդյանը գոհ էր, փոքր-ինչ թերություններ նկատվեցին, որոնք էլ, սակայն, շատ կարճ ժամանակում կշտկվեն` մինչ հաստատության պաշտոնական բացումը:
Ինչ վերաբերում է չորրորդ հրատապ ծրագրում ընդգրկված օբյեկտներին, ապա միայն Վանաձորում 100-ական մլն դրամ կհատկացվի բակերի, տանիքների և ճանապարհաշինության համար: Ծրագրում ընդգրկված են մի շարք փողոցներ, բակեր ու բազմաբնակարանների տանիքներ: Ա. Նալբանդյանն ու Ս. Դարբինյանը եղան մարզկենտրոնի մի շարք բակերում:
Մարզպետ Ա. Նալբանդյանը նշեց, որ ծրագրերը շարունակական են լինելու, Կառավարությունը և ՀՀ նախագահը շահագրգիռ են, որ մարզերում բնակչությանը հուզող խնդիրները հաղթահարվեն: «Ցալքուտ» թաղամասում մարզպետը իր դժգոհությունն արտահայտեց բակերի աղտոտվածությունից` նշելով, որ համատիրությունները բնակչությունից գանձած միջոցներով պարտավոր են մաքրման աշխատանքներ իրականացնել: Համատիրության ղեկավարին Ս. Դարբինյանն առաջարկեց աղբարկղեր տեղադրել բակերում:
Հաջորդ կանգառը Դիմաց թաղամասն էր` Ուսանողական փողոցը, որտեղ ասֆալտապատում կիրականացվի մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում: Այստեղ բնակիչները խնդրեցին բարդիների էտ կատարել և բակերում արգելափակոցներ տեղադրել մեքենաների անցուդարձը բնակիչների համար անվտանգ դարձնելու համար: Ս. Դարբինյանը խոստացավ բարձրացված հարցերին անհապաղ լուծում տալ:
Կբարեկարգվեն նաև Երևանյան խճուղու 64, 66, 66 ա շենքերի բակերը` 10 մլն դրամ արժողությամբ: Շենքերի բնակիչները, ովքեր հիմանականում վատ տեսողություն ունեցող անձինք են իրենց երախտագիտույունը հայտնեցին իրականացվող ծրագրերի համար: Նրանք միևնույն ժամանակ խնդրեցին հետևողական լինել թիվ 66 շենքին կից կիսախարխուլ տարածքի հարցում, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացնում տարածքի բնակիչների ու հատկապես երեխաների համար: Տարածքը հանդիսացել է փոստային բաժանմունք: Վերջինս տեղափոխվել է այլ մասնաշենք, իսկ տարածքը օտարվել է: Վանաձորի քաղաքապետը խոստացավ սեփականատիրոջը պարտադրել հետևողական լինել տարածքի բարեկարգման հարցում: