Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում էր Բունդեսթագի պատվիրակությունը

04.10.2012

Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Փոխնախագահի այցը ճանաչողական էր, նպատակ ուներ ծանոթանալու մարզի արտադրական պոտենցիալին, առկա հիմնախնդիրներին, Գերմանական կառավարությոն կողմից մարզում իրականացվող ծրագրերին:
Ա. Նալբանդյանը նշեց, որ մարզում հանքարդյունաբերությունը զարգացած է եղել դեռևս 250 տարի առաջ: Նա պատմական էքսկուրս կատարեց` ներկայացնելով պղնձի և մոլիբդենի արդյունաբերության ոլորտը մինչև մեր օրերը:
-Վանաձորում նախկինում զարգացած է եղել նաև քիմիական արդյունաբերությունը, այժմ փորձում ենք վերականգնել ավանդույթները,- նշեց մարզպետը:
Նա տեղեկացրեց, որ քիմգործարանում արտադրվում է արհեստական սուտակ, առաջիկայում կարտադրվի նաև ազոտական պարարտանյութ, որը կբավարարի գյուղատնտեսության ոլորտում առկա պահանջարկի 80 տոկոսը: Մարզպետը տեղեկացրեց, որ մարզում զարգացած է թեթև արդյունաբերությունը: Լուրջ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ոլորտին:
-Հատկապես Սպիտակի և Տաշիրի տարածաշջանում անասնապահության զարգացման համար լուրջ հեռանկարներ կան: Այդտեղ բարձր է կաթնատվությունը, կաթնամթերքի որակը ևս զգալիորեն տարբերվում է մյուս տարածաշրջաններից,- ասաց Ա. Նալբանդյանը:
Որպես հեռանկարային ճյուղ, նա նշեց նաև զբոսաշրջության հնարավորությունները, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:
- Պետք է նշել, որ մարզն ունի լուրջ բնապահպանական խնդիրներ: Ինչ-որ տեղ սա ենթադրելի կարելի է համարել, քանի որ այնտեղ, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, դժվար է զերծ մնալ բնապահպանական խնդիրներից: Այս հարցին անդրադարձա հատկապես այն պատճառով, որովհետև տեղյակ եմ, որ գերմանական կառավարությունը ծրագրեր է իրականացնում մարզում ու հատկապես Վանաձորում՝ այս խնդիրներին լուծում տալու նպատակով: Ջրամատակարարման ոլորտում KFW բանկի կողմից իրականացվում է խոշորածավալ վարկային ներդրում, ինչը լուրջ աջակցություն կարելի է համարել,- ասաց Լոռու մարզպետը:
Դոկտոր Վոլֆգանգ Թիրզեն շնորհակալություն հայտնելով տրամադրված տեղեկատվության համար` նշեց, որ տեղեկացված է խորհրդային երկրի փլուզումից հետո Հայաստանում ծագած խնդիրների մասին:
-Գերմանական կառավարությունը գիտակցում է Հայաստանի դրությունը և պետք է շարունակի աջակցել այս երկրին՝ ներքին խնդիրները լուծելու համար,- ասաց դոկտորը:
Նրան մասնավորապես հետաքրքրում էր արտագաղթը և գործազրկության մակարդակը: Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է տարբերակել արտագաղթը արտագնա աշխատանքից, քանզի բավականին թվով մարդիկ մեկնում են ՌԴ և արտասահմանյան այլ երկրներ սեզոնային աշխատանքի, թեև խնդիրն, իհարկե, առկա է: Սա հանրապետությունում, ու մասնավորապես Լոռու մարզում, առաջացրել է կադրային ռեսուրսների պակաս:
-Մենք ոչ միայն աշխատատեղերի,այլև որակյալ մասնագետների պակաս ունենք: Այս առումով նա մատնանշեց Վանաձորի քիմիական արդյունաբերությունը, որտեղ կադրերի պակասի պատճառով վերագործարկաման խնդիրներ են ծագում, անհրաժեշտություն է առաջանում հրավիրել անգամ տարեց մասնագետների: 20 տարիների անջրպետը սահուն սերնդափոխության խնդիր է առաջացրել,- ասաց Ա. Նալբանդյանը:
Իսկ թե որո՞նք են սպասելիքները գերմանական կառավարությունից` հարցին մարզպետն ասաց.
-Մեր սպասելիքները մեծ են, թեև որոշում կայացնողը գերմանական կառավարությունն է: Այսօր արդեն իսկ ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագիրը մեզ համար խիստ կարևոր է: Կարևոր ոլորտ է նաև աղբի վերամշակումը,քանզի աշխարհի զարգացած երկրներն արդեն զբաղվում են այդ խնդրով, իսկ Գերմանիան այս ոլորտում առաջատարներից մեկն է, ուստի ձեր փորձն ուսանելի ու կարևոր է մեզ համար: Ջրի մաքրման կայանի բացակայությունը ևս կարևոր է մարզի համար, ինչը լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր մարզի այլև հարևան Վրաստանի համար,- ասաց նա`հույս հայտնելով նաև, որ Գերմանական կառավարության օգնությամբ առաջիկայում կլուծվի ոչ միայն այս, այլև Վանաձորի համար նախատեսված աղբավայրի կառուցման հարցը, որից կօգտվեն ոչ միայն Վանաձորի, այլև հարևան համայնքների բնակիչները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59