Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շահագործման հանձնվեց Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների քաղաքային աղբավայրը
29.09.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն սեպտեմբերի 28-ին Ալավերդիում ներկա գտնվեց կոշտ կենցաղային թափոնների նոր քաղաքային աղբավայրի շահագործման արարողությանը:
Աղբավայրը կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում`4,6 հա տարածքի վրա: Շինարարական աշխատանքներն սկսվել էին անցած տարի նոյեմբերին: Ծրագրի ընդհանուր արժեքը 151,4 մլն դրամ է, որից 61,4 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով, 90 մլն դրամը` Ալավերդու համայնքային բյուջեից: Այդ նպատակին են ուղղվել հիմնականում համայնքային բյուջե մուտքագրված բնապահպանական վճարները: Աղբավայրը տարեկան շուրջ 3500-3800 խմ աղբի կուտակման հնարավորություն ունի, նախնական հաշվարկներով այն կարող է քաղաքին ծառայել մի քանի տասնամյակ: Աղբավայրը կառուցելիս պահպանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, կատարվել է նաեւ բնապահպանական փորձաքննություն:
Փոխվարչապետը քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքների համար կարեւոր համարեց նման ծավալի աղբավայրի կառուցումը, ինչը հնարավորություն կտա բնակչությանն այս ոլորտում ավելի որակյալ ծառայություններ մատուցել եւ աղբահանության աշխատանքներն արդյունավետ ու գործող նորմերին համապատասխան կազմակերպել: Նա ողջունելի համարեց, որ ծրագրին խոշոր ներդրումով մասնակցել է համայնքը` վստահեցնելով, որ սեփական համայնքը բարեկեցիկ դարձնելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն աջակցություն կստանա նաեւ կառավարության կողմից: Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ Ալավերդու օրինակը տարածում կունենա նաեւ մյուս համայնքներում, եւ համայնքային նշանակության ծրագրերի իրականացման ավելի շատ նախաձեռնություններ կլինեն:
Փոխվարչապետը եղավ նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնում, ծանոթացավ գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում: Զեկուցվեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսին եւ ծրագրվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին: Նախատեսվում է նաեւ մասնաշենքի վերազինում:
Ալավերդուց փոխվարչապետը մեկնեց Սանահին, այստեղ եւս ծանոթացավ վանքի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կառավարությունն այդ նպատակով հատկացրել էր 18 մլն դոլար, ներկայումս կատարվում են վանքի տանիքի նորոգման աշխատանքներ:
Այցի շրջանակում փոխվարչապետն այցելեց նաեւ Դիլիջան, եղավ միջազգային դպրոցի շինհրապարակում: Պատասխանատուների հետ քննարկվեցին շինարարական աշխատանքների կազմակերպման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման հետ կապված հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին