Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առջևում նոր իրադարձություններ են

12.09.2012

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա շնորհավորեց համայնքների նորընտիր և վերընտրված ղեկավարներին ու ավագանու նորընտիր անդամներին: Մարզպետը ողջունելի համարեց, որ 18 համայնքներում նոր ղեկավարներ են ընտրվել, առավել ևս, որ դա կատարվել է բացառապես ժողովրդի կամքով: -Ուրախալի է, որ հատկապես քաղաքային համայնքներում կայացած է ավագանու ինստիտուտը, ինչի վկայությունը Վանաձորում առաջադրված 52 թեկնածուներն էին,- ասաց մարզպետը: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը 7 ամսվա կտրվածքով՝ նշելով, որ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է ընդամենը 78,8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98,8 տոկոսի դիմաց: Գույքահարկի հավաքագրումը կազմել է 85 տոկոս, հողի հարկինը՝ ընդամենը 64,5 տոկոս: Հողի հարկի գծով սահմանված պլանից մարզի համայնքները հետ են մնացել 96 մլն դրամով: Ի դեպ՝ նախորդ տարվա ցուցանիշերից հետ է մնում 77 համայնք:
- Ընտրությունները հետևում մնացին: Համայնքների ղեկավարները այլևս չեն կարող պատճառաբանել, որ թերացումները պայմանավորված են ՏԻՄ ընտրություններով: Այն համայնքներում, որտեղ վերընտրվել են նախկին համայնքապետերը, կշարունակեն կատարել իրենց պարտադիր լիազորությունը՝ հարկերի հավաքագրումը, մյուս 18 համայնքների ղեկավարներին փոխմարզպետերը և նախկին համայնքապետերը կծանոթացնեն գործընթացին,- ասաց Ա. Նալբանդյանը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ հրատապ ծրագրերի ընթացքը: Ա. Ջանազյանի վստահեցմամբ՝ աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով: Օրերս խորհրդակցություն է անցկացվել տեխհսկիչների մասնակցությամբ, տեղեկացվել է որոշ թերացումների մասին: Տեխհսկիչները պարտավորվել են հետևել թերությունների վերացմանը:
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարի գյուղացիական տնտեսություններին տրված սերմացուն հետ է վերադարձրել ընդամենը 5 համայնք՝ 3 մլն 600 հազար դրամի չափով, թեև խոստացել են ՏԻՄ ընտրություններից հետո առավել լրջորեն զբաղվել այս հարցով: Այս տարի 500 տոննա դիզվառելիքի պահանջարկ է ներկայացվել կառավարությանը: Մարզպետը հանձնարարեց դիզվառելիքը շատ կարճ ժամանակամիջոցում տրամադրել այն գյուղաբնակներին, ովքեր վճարել են վառելիքի համար: Պարարտանյութի բաշխման և գումարների հավաքագրման գործընթացն իրականացվել է ամբողջությամբ:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև առաջիկա տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներին: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, մարզկենտրոնի Հայքի հրապարակում կկազմակերպվի համերգային ծրագիր, հրավառություն: Հոկտեմբերի 1-ին կնշվի Տարեցների միջազգային օրը. այցելություն կկատարվի Վանաձորի ծերատուն: Հոկտեմբերի 7-ին կնշվի Ուսուցչի տոնը և ավանդական դարձած Բերքի տոնը: Ուսուցչի տոնի կապակցությամբ կպարգևատրվեն մի շարք ուսուցիչներ, մինչդեռ Բերքի տոնը, մարզպետի առաջարկով, կնշվի այլ ձևաչափով: Նա հանձնարարեց կոնկրետ առաջարկություններ ներկայացնել և կազմել միջոցառման ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22