Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խիստ վերահսկողություն պետբյուջեից ֆինանսավորվող կառույցներին

15.08.2012

 Օգոստոսի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երկրորդ հրատապ ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ բացառությամբ մի քանի մանր խնդիրների` աշխատանքները հիմնականում ավարտված կարելի է համարել: Երրորդ հրատապ ծրագրերի մի մասը նախատեսվում է ավարտին հասցնել արդեն այս տարվա սեպտեմբերի երկրորդ շաբաթում, մյուսները՝ առավել ծավալունները՝ մինչև դեկտեմբեր: Պայմանագրերի կնքման հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Մարզպետը նշեց, որ երկրորդ հրատապ ծրագրերից մարզկենտրոնի համար կարևորություն է ներկայացնում Էդ.Կզարթումյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգումը, սակայն շենքը շահագործման հանձնելուց հետո կրթօջախը չի կարող աշխատել հին ու անպիտան գույքով: Ա. Նալբանդյանն առաջակեց չորրորդ հրատապ ծրագրերի հաստատվելու դեպքում՝ ընդգրկել դպրոցը նոր գույքով համալրելու հարցը: - Շինաշխատանքների արագ կազմակերպումը որևէ կերպ չպետք է ազդի որակի վրա: Չի բացառվում, որ բացի մարզպետարանի վերահսկողությունից` լրացուցիչ վերահսկողություն իրականացնեն նաև այլ իրավասու մարմիններ: Բոլոր շինարարները պետք է գիտակցեն, որ գործ ունեն պետբյուջեի միջոցների հետ,- ասաց մարզպետը: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը օգոստոսի 15-ի դրությամբ: Նշվեց, որ իրավիճակը դարձյալ բարվոք չէ: Հավաքագրվել է 18 մլն դրամ սեփական եկամուտ (16,6 տոկոս), գույքահարկի հավաքագրումը կազմել է 5 մլն դրամ (15,7 տոկոս), հողի հարկը՝ 3 մլն 300 հազար (11 տոկոս): Աշխատավարձի պարտքեր չկան: Առաջիկա ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ մարզպետն զգուշացրեց հետևողական լինել, որ այդ ընթացքում ևս աշխատավարձի պարտքեր չկուտակվեն: Նա հորդորեց ուշադրության արժանացնել նաև համայնքների ավագանիների որոշումները, քանզի փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ավելանում են տարածքների օտարման վերաբերյալ որոշումները: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում նախատեսվում է ստեղծել համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ: Ծրագրում կընդգրկվեն Լոռու մարզի 38 համայնքներ: Այս առումով նա կարևորեց նշված համայնքներում ինտերնետային կապի և այլ հնարավորությունների առկայությունը, որպեսզի ծրագրի հաստատումից հետո խնդիրներ չառաջանան: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա գյուղատնտեսական համահայկական երկրորդ ֆորումը, որին կմասնակցի նաև Լոռու մարզը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13