Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիր՝ «Կոշտ թափոնների կառավարում»

14.08.2012

 

 

Գերմանական KFW զարգացման բանկի աջակցությամբ Վանաձորում և շրջակա համայնքներում իրականացվում է «Կոշտ թափոնների կառավարում» ծրագիրը, որի պատվիրատուն Վանաձորի քաղաքապետարանն է, իսկ ծրագրի իրագործման վերահսկողությունը իրականացնում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը: Վարկային ծրագրի արժողությունը 430 հազար եվրո է, որն ամբողջությամբ տրամադրում է KFW բանկը: Նախորդ տարիների ընթացքում մարզկենտրոնում աղբահանությունը զգալիորեն բարելավվել է, սակայն ինչպես նշում է Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը, դեռևս բավականին անելիքներ կան այս ոլորտում, քանի որ աղբահանություն ասվածը միայն աղբի տեղափոխումը չէ մի վայրից մյուսը, այլ աղբավայրերի առանձնացումը, աղբարկղների տեղադրումը, ժամանակակից աղբատար մեքենաների առկայությունը, բնապահպանական խնդիրների լուծումը և այլն: Այդ է պատճառը, որ Վանաձորի քաղաքապետարանը դիմել է բանկի օգնությանը: Ծրագրի տևողությունը ընդամենը 10 ամիս է: Այն մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ և կավարտվի հաջորդ տարվա ապրիլին: Արդյունքում քաղաքապետարանին կհանձնվի ծրագրային փաթեթ՝ ինչպես բարելավել աղբահանությունը քաղաքում և հարակից գյուղերում: Հավանաբար աղբի վարձավճարի բարձրացման խնդիր կառաջանա, որի վերաբերյալ հանրային հարցումներ կանցկացվեն: Հավանաբար կստեղծվի նաև աղբի վերամշակման հիմնարկություն:
Արդեն պատրաստ են կազմակերպության կողմից կատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 15-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում ներկայացվեցին շահագրգիռ կողմերի ուշադրությանը: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի համայնքների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վանաձորում և շրջակա համայնքներում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի ընթացիկ վիճակը և հիմնական եզրահանգումները ներկայացրին ծրագիրն իրականացնող փորձագիտական խմբի ինստիտուտցիոնալ հարցերով փորձագետ Բորիսլավ Մուրդզևը և փորձագիտական խմբի ղեկավար Էնդի Վայթմանը: Փորձագետները հավաստեցին, որ վերջին շրջանում աղբահանությունը Վանաձորում զգալիորեն բարելավվել է: Ներկա փուլում տրամադրվելիք վարկի տեխնիկատնտեսական հիմնավորումն է կատարվում: Դեռևս հայտնի չէ՝ ինչ օպտիմալ տարբերակ կընտրվի աղբահանության իրականացման համար, սակայն, ըստ երևույթին, կստեղծվի աղբի վերամշակման կետ, որի ստացած հասույթը հնարավոր կլինի օգտագործել վարկի մարման համար: Վերջնական եզրակացությունները հայտնի կլինեն վաղ գարնանը: Բացի Վանաձորից, ծրագիրը կիրականացվի նաև մարզի երկու տարածաշրջաններում ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22