Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳԻՉ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻՆ

09.08.2012

Հարգելի Սերժ
Արվեստում քո նվաճումներին և հայանպաստ գործունեությանը հարգանքով ու երախտագիտությամբ է հետևում ողջ Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը: Քո արվեստով ոգեշնչվում ենք, քեզնով հպարտանում և քո օրինակով առավել սիրում արվեստը, դառնում առավել հայասեր և հայրենասեր: Մեր հայրենիքի համար այս բարդ պատմական իրադրության մեջ անգերագնահատելի է քո նպաստը հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման, պատմական արդարության վերականգնման գործին: Քո այցելությունները կենսատու նեցուկ են հայրենիքի համար, և այս դժվար պահին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ կարող է ցույց տալ աշխարհին, որ հզոր է նաև քեզ նման զավակներով: Համոզված ենք, որ հայրենիքի՝ հայոց բազմադարյա ստեղծագործ կենսագրությամբ հագեցած մթնոլորտն իր հերթին քեզ կոգեշնչի արվեստի նոր սխրագործությունների:
Քո արվեստը կոչված է պաշտպանելու կյանքը և դատապարտելու բռնությունը: Արվեստի բարձրունքներից հնչող քո ձայնը լսելի է շատերին և շատ բան կարող է փոխել մարդկանց մտքերում և սրտերում:
Մենք բարձր ենք գնահատում նաև բնապահպանական գաղափարների տարածման ուղղությամբ քո ջանքերը: Մտազուրկ զանգված դառնալու վտանգի տակ հայտնված հետարդյունաբերական հասարակության մեծամասնությանն այսօր օդի պես պետք է քո «արթնացի՛րը», որպեսզի քաղաքակրթության առաջընթացն այլևս չօտարի մարդուն բնությունից, և մի օր հանկարծ չհայտնաբերենք, որ «երկինքն այլևս չկա»: Ինչպես արվեստի լեզվով ձևակերպված, այնպես էլ հասարակական գործի շրջանակներում քո հնչեցրած կոչերը նշանակալից են համաշխարհային չափումներով: Ուրախ ենք, որ քո բնապահպանական ուշադրության կիզակետում այսօր հայտնվել է նաև հայրենիքի բնությունը, ի դեմս Լոռու չքնաղ բնաշխարհի, ուր դու այցելել ես Հայաստան երկրորդ այցելության շրջանակներում: Ցավում եմ, որ Լոռու մարզի ազգաբնակչությունը՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կանխավ տեղեկացված չեն եղել քո այցի մասին, այլապես՝ ի թիվս քեզ երկրպագող շատ այլ լոռեցիների, ես նույնպես երջանիկ կլինեի Լոռիում քեզ հանդիպելու բացառիկ հնարավորության համար: Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից մեկի՝ Թեղուտի անտառի փրկության կոչով՝ քո պաշտոնական կայքում տեղակայված զգացմունքային դատողությունները հիրավի հուզիչ են:
Ես համաձայն եմ քեզ հետ. քաղաքակրթության առաջընթացն անթույլատրելի է, եթե տեղի է ունենում բնության ավերման գնով: Առողջ բնական միջավայրը մարդկային կյանքի հարատևության կենսական նախապայմաններից մեկն է, ճիշտ այնպես, ինչպես կենսական նախապայմաններ են առողջ տնտեսական և սոցիալական միջավայրերը: Միանշանակ համաձայն եմ նաև, որ հանքարդյունաբերությունը կհակասի մեր` որպես ազգի և ժողովրդի հավաքական շահին, եթե իրականացվի մայր բնության անխնա ոչնչացման ճանապարհով: Դա ճշմարիտ է ցանկացած տնտեսական ծրագրի համար, և դրա գիտակցումը հարկ է պահանջել Հայաստանի և աշխարհի բոլոր տնտեսվարողներից:
Սակայն ցավով կարելի է արձանագրել, որ բնությունը պահպանելու բարձր գաղափարը երբեմն կարող է ծայրահեղացվել և ուղղվել մարդու կյանքի սոցիալական և տնտեսական նախապայմաններն ապահովող գործոնների դեմ: Հանքարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության հենասյունն է և իրական հատվածի առաջատարը: Բարեկեցիկ և հզոր հայրենիք կառուցելու մեր առավել արդյունավետ ճանապարհը հայրենի հողի ու ընդերքի հարստությանն ապավինելն է, մեր նախնիների օրինակով՝ քարից հաց քամելը:
Նույնիսկ Նոր Զելանդիայում, որը դու համարում ես բնապահպանական առումով օրինակելի պետություն և ողջ աշխարհին կոչ անում սովորել նրանցից, կան հանքավայրեր և զարգացած հանքարդյունաբերություն: Այո´, մենք պետք է սովորենք առաջադեմ աշխարհից և ընդօրինակենք առողջ տնտեսության և առողջ կենսամիջավայրի կառուցման առավել հաջողված փորձը: Մինչդեռ ընդերքօգտագործման անվերապահ բացառումը կարող է միայն կասեցնել ինչպես մեր հայրենիքի, այնպես էլ ընդհանրապես մարդկության վերընթաց զարգացումը: Ծայրահեղացված բնապահպանական գաղափարներով տնտեսության դեմ պայքարելը նույնքան հակամարդկային է, որքան տնտեսական զարգացման քողի տակ բնության անողոք ավերումը:
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ոչ միայն ՀՀ Լոռու մարզի, այլև անկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված խոշորագույն տնտեսական ծրագիրը պետք է դառնա: Այն հավակնում է լինել նաև լավագույնն իր սոցիալական և բնապահպանական չափումներով: Այդ նախագիծն այսօր մեր սեղանին է. ներկայացված է մեր դատին: Մենք պատրաստ ենք քեզ ապահովել դրա վերաբերյալ ամենամանրամասն տեղեկատվությամբ: Եթե այն որևէ կերպ չի համապատասխանում այն չափանիշներին, որով հանքեր են շահագործվում Նոր Զելանդիայում, ապա օգնիր մեզ միասին մատնանշել այդ թերությունը և շահագործող ընկերությունից պահանջել, որ կատարելագործի նախագիծը: Մենք պետք է հետևողական լինենք, որ ինչպես հանքարդյունաբերական, այնպես էլ տնտեսական զարգացման այլ ծրագրերը համալրվեն բնապահպանական վնասի առավելագույն մեղմմանը կոչված միջոցառումներով: Համոզված եմ, որ հանքավայրը շահագործող ընկերությունը դրականորեն կարձագանքի ծրագրի բնապահպանական անվտանգության բարելավմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկության. այնպես, ինչպես դա արվել է մինչ այժմ: Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն գտնես ինձ հետ միասին քննարկել ինչպես այս ծրագրի մանրամասները (այդ թվում նաև՝ դրա բնապահպանական ազդեցությունն ու դրա մեղմացման ուղղությամբ իրականացվող ու նախանշված քայլերը), այնպես էլ ընդհանրապես մարզի զարգացմանն առնչվող՝ քեզ հուզող ցանկացած հարց:
Քո հազարավոր լոռեցի երկրպագուների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր ընդերքից կորզում են կամ վերամշակում քո արվեստի հիմնական խորհրդանիշը` մետաղը և դրանով ապահովում են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը: Քիչ չեն նաև նրանք, ում համար Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի և համանման այլ ծրագրերի իրականացումը ծանր սոցիալական իրադրությունից դուրս գալու միակ իրատեսական հեռանկարն է և հույսը, որ մեր հայրենիքում ապրելու պայմանները երբևէ կլինեն այնպիսին, ինչպես աշխարհի լավագույն երկրներում է:
Հարգանքներով՝
Արթուր Նալբանդյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13