Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղում

30.07.2012

Հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզն ու Արցախի Մարտակերտի շրջանն արդեն մի քանի տարի իրականացնում են «Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով տարբեր միջոցառումեր:
Պատվիրակությունը, որի կազմում էին մարզային տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականության ներկայացուցիչներ, «Վալլեքս» խմբի՝ Հայաստանում գործող ընկերությունների աշխատակիցներ, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեսպիսկոպոս Չուլջյանի հոգևոր առաջնորդությամբ նախ այցելեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն և ընդհանրական աղոթք: Այդուհետ պատվիրակությունն ուղևորվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Պատվիրակության անդամներին ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք: Նախագահն իր խոսքում նշեց, որ Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների միջև կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումն օգտակար է երկու հայկական հանրապետությունների համար և կարևոր՝ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր գնահատեց Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ Լոռի-Մարտակերտ համագործակցությունը նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Քննարկվեցին նաև երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Այցելության առաջին օրն ավարտվեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կազմակերպված մշակութային միջոցառումով. Լոռու մարզի պատվիրակությանը ողջունեցին և համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերը կարևորեցին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեսպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը: Համերգային մասի շրջանակներում ելույթ ունեցան Ստեփանակերտի պարի պետական համույթի սաները, երիտասարդ քանոնահար, «Դասական Եվրատեսիլ 2012» մրցույթի մրցանակակիր Նարեկ Կազազյանը, Մանկական «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը և այլ շնորհալի արտիստներ: Միջոցառումը եզրափակվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից բեմադրության ցուցադրությամբ: Հանդիսավոր միջոցառումից հետո ԼՂՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը պատվիրակության մի խումբ անդամների հետ, որի ժամանակ Լոռու գեղանկարիչների մեկ տասնյակից ավելի բարձրարվեստ գործեր, ՀՆՄ Վանաձորի բաժանմունքի անդամների կողմից, որպես նվիրատվություն, հանձնվեցին Ստեփանակերտի Ազգային պատկերասրահին: Նախանշվեցին մշակութային փոխգործակցությունը խորացնելու մի շարք ուղիներ:
Այցի երկրորդ օրը Լոռու պատվիրակությունը մեկնեց Մարտակերտի շրջան: Շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում պատվիրակությանն ընդունեց շրջանի վարչակազմի ղեկավար Լևոն Չալյանը: Այնուհետև, պատվիրակության անդամները հարգանքի տուրքի այցով եղան Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և Փառքի սրահում, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին հուշարձանին: Մարտակերտի մշակույթի տան դահլիճում, ուր հանդիսատեսների զգալի մասը Մարտակերտի կայազորի զինծառայողներ էին, տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը Լ. Չալյանին փոխանցեց նախօրեին Մարտակերտ հասցված մարդասիրական օգնության ու նվերների փաստաթղթերը, ինչպես նաև՝ Վանաձորի գեղագիտական կենտրոնի սաների նվիրաբերած աշխատանքները: Միջոցառմանը իրենց անկրկնելի կատարումներով հանդես եկան քանոնահար Նարեկ Կազազյանը և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Հովհ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով «Հեքիաթներ մեծերի համար» բեմադրությամբ: Մարտակերտի հացամթերքի բազաներից մեկում գործարկվեց Լոռու մարզի կողմից Մարտակերտի շրջանին նվիրված՝ սերմնացուի զտիչ-ախտահանիչ սարքավորումը:
Պատվիրակությունն այցելեց նաև Դրմբոնի լեռնահանքային համալիր, որտեղ տրված պատվո ճաշին մասնակցում էին նաև «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հովանավորությամբ արդեն երկրորդ տարին Ստեփանակերտում անցկացվող քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցող իտալացի քանդակագործներ: Լոռի վերադարձի ճանապարհին պատվիրակությունը եղավ նաև Դադիվանքի վանական համալիրում:
Բարեկամության կամուրջների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Լ. Չալյանի կարգադրությամբ արժեքավոր նվերներով պարգևատրվեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ «Բեյզ Մեթլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավար Արտավազդ Վարոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13