Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգեւատրվեցին առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները, «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ եւ դաստիարակ» մրցույթի հաղթողները

22.06.2012

Հունիսի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մրցանակակիրների, նրանց ուսուցիչների, «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» մրցույթի մարզային փուլի հաղթողների, ըստ առարկաների՝ տարվա լավագույն ուսուցիչների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մրցանակակիրների թիվը և այս տարին նույնպես բացառություն չէ։ Նախորդ տարվա 50 մրցանակակրի փոխարեն, այս տարի մարզն ունի 71 դիպլոմակիր, որոնցից 5-ն արժանացել են առաջին կարգի դիպլոմի, 17-ը՝ երկրորդ, 17-ը՝ երրորդ և 32-ը՝ գովասանագրերի։
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնանքի խոսքից հետո մրցանակակիրներին և ուսուցիչներին շնորհավորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մարզպետը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներ Գևորգ Մնացականյանին (Վանաձորի «Էվրիկա» դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա առարկայից, ուսուցչուհի՝ Սուսաննա Մելքոնյան), Զարուհի Խաչատրյանին (Վանաձորի թիվ 9 դպրոց, 9-րդ դասարան, հայոց լեզու առարկայից, ուսուցիչ՝ Նարինե Ծատուրյան), Արուսյակ Դանիելյանին (ՙԷվրիկա՚ դպրոց, 10-րդ դասարան, հայոց լեզու առարկայից, ուսուցչուհի՝ Արմինե Ավագյան), Օլգերտ Դալլաքյանին (ՙԷվրիկա՚ դպրոց, 10-րդ դասարան, քիմիա առարկայից, ուսուցչուհի՝ Նաիրա Հարությունյան), Օվսաննա Իսրայելյանին (Հաղպատի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան, հայ գրականություն առարկայից, ուսուցչուհի՝ Սվետլանա Շահվերդյան), ինչպես նաև «Կենգուրու-2012» միջազգային մրցույթի մրցանակակիր, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Տիգրան Կարախանյանին։ Դիպլոմակիրների անունից երախտիքի խոսք ասաց Զարուհի Խաչատրյանը։ Հարկ է նշել, որ մաթեմատիկա առարկայից առաջին կարգի դիպլոմակիր Գևորգ Մնացականյանը անցել է ընտրական փուլը և օրերս կմասնակցի Արգենտինայում կայանալիք միջազգային օլիմպիադայի՝ մաթեմատիկա առարկայից։ Մարզպետի կողմից շնորհակալագրերի և դրամական պարգևների արժանացան նաև երկրորդ, երրորդ կարգի դիպլոմակիրներն ու գովասանագրերի արժանացած աշակերտները։ Մրցանակակիրներին շնորհավորեց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ կրթության բնագավառում։ Նա շնորհակալագրերով և դրամով պարգևատրեց Վանաձորի հանրակրթական դպրոցների բոլոր մրցանակակիրներին։ Նրաի օրինակին հետևեցին նաև Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի, Հաղպատի, Օձունի, Ագարակի, Շիրակամուտի, Ձորագյուղի, Եղեգնուտի, Մարգահովտի, Շահումյանի, Կուրթանի, Գարգառի, Աքորիի, Սարամեջի համայնքների ղեկավարները՝ պարգևատրելով իրենց համայնքների պատիվը բարձր պահող մրցանակակիրներ-աշակերտներին։ Շահումյանի համայնքապետ Էդիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց և պարգևատրեց նաև Շահումյանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռիտա Հարությունյանին, ում աշակերտները յուրաքանչյուր տարի օլիմպիադաների հանրապետական փուլից մրցանակներով են վերադառնում։ Շնորհակալագրերի արժանացան նաև օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողների ուսուցիչները։ Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր ՙՏարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ և դաստիարակ» մրցույթին։ Լոռու մարզի «Տարվա լավագույն տնօրեն» է ճանաչվել Վանաձորի թիվ 25 դպրոցի տնօրեն Սիրվարդ Ճաղարյանը, «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նարինե Գալստյանը և «Տարվա լավագույն դաստիարակ»՝ Վանաձորի թիվ 24 նախադպրոցական կրթական հաստատության դաստիարակ Մարինե Հովհաննիսյանը։ Պարգևատրվեցին նաև ըստ տարբեր առարկաների լավագույնը ճանաչված մանկավարժները։ Հանդիսությունն ընդմիջվում էր գեղարվեստական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14