Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանն այցելեց Լոռու մարզ

14.06.2012

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր:

Ա. Գեւորգյանն այցն սկսեց մարզի Մարգահովիտ համայնքից, որտեղ ներկա գտնվեց "Էյ Թի Փի" բարեգործական հիմնադրամի "Օհանյան" բնապահպանական կրթության կենտրոնի բացման արարողությանը: Համայնքում գործում է հիմնադրամի անտառվերականգնման տնկարանը, որին կից էլ հիմնված այս կենտրոնում կազմակերպվելու են բնապահպանական թեմաներով ուսուցումներ, դասընթացներ, դպրոցականների, ուսանողների այցեր: Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Օհանյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ, կենտրոնի ստեղծման համար ներդրվել է շուրջ 200 հազ. դոլար: Հիմնադրամի մեկ այլ տնկարան, որը նախատեսված է համայնքային ծառատնկման համար, կից բնապահպանական կենտրոնով հաջողությամբ գործում է Արագածոտնի մարզի Կարին գյուղում, եւ այդ դրական փորձը հանրապետության հյուսիսային մարզում եւս նույնպիսի կենտրոն ստեղծելու հիմք է հանդիսացել:

Ա. Գեւորգյանը ողջունեց նախաձեռնությունը` վստահություն հայտնելով, որ այն կարեւոր կենտրոն կդառնա տարածաշրջանի համար: Նա նաեւ անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը` ընդգծելով թե գյուղացիական տնտեսություններին, թե անտառվերականգնման համար որակյալ տնկիներով ապահովելու աշխատանքների կարեւորությունը, ինչպես նաեւ համայնքների հետ համագործակցությունը:

Ա. Գեւորգյանն այնուհետեւ մեկնեց Վանաձոր, մարզպետ Ա. Նալբանդյանի եւ քաղաքապետ Ս. Դարբինյանի հետ այցելեց Է.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, որը վերանորոգվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 205 մլն դրամ, նույնքան ներդրում էլ կատարել է համայնքը: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի վերջը: Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից` ողջունելով համայնքի մասնակցությունը տեղական նշանակության ծրագրերի իրականացմանը: Նա եղավ նաեւ Գեղասար համայնքում, շրջեց կառուցվող համայնքային կենտրոնում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Ծրագրի երկրորդ փուլով նոր համայնքային կենտրոնի կառուցման համար հատկացվել է 30 մլն դրամ: Կենտրոնը շահագործման կհանձնվի արդեն հուլիսին:

Ա. Գեւորգյանը մարզպետի եւ քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց նաեւ Վանաձորի կերպարվեստի թանգարան, որտեղ բացվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը, ծանոթացավ ներկայացված ստեղծագործություններին:

Վանաձորի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում Ա. Գեւորգյանին զեկուցվեց, որ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ երրորդ փուլով քաղաքում ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 325 մլն դրամ, որը կուղղվի դպրոցների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ համայնքային եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը հորդորեց հետեւողական աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի հավաքագրումների մասով, ինչպես նաեւ բնակիչներին ներկայացնել տեղական հարկերի ապառքների մասին օրենսդրական փաթեթի նպատակները: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փաթեթով նախատեսված արտոնությունները գործում են մինչեւ տարեվերջ եւ կոչ արեց օգտվել այդ հնարավորությունից: Նա նաեւ ընդգծեց, որ վարչարարության խնդիրները գտնվելու են ՏԿ նախարարության ուշադրության կենտրոնում:

Վանաձորից Ա. Գեւորգյանը մեկնեց Սպիտակ քաղաք, որտեղ եւս ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով իրականացվող աշխատանքներին: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ երրորդ փուլով քաղաքում կիրականացվեն ճանապարհների վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:
Սպիտակում քաղաքապետի հետ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը, ընթացիկ այլ հարցեր: Քաղաքապետն Ա. Գեւորգյանին ներկայացրեց "Վարպետաց" թաղամասի տարածքը որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ ճանաչելու մասին կառավարության որոշման հետ կապված առաջարկություններ:

ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14