Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեփական եկամուտների հավաքագրումը մնում է հիմնախնդիր

13.06.2012

Հունիսի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Սկզբից ևեթ մարզպետն անդրադարձավ հունիսի 9-ին Սպիտակ քաղաքի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում բռնկված հրդեհին։ Ափսոսանք հայտնելով դեպքի առնչությամբ՝ նա նշեց, որ ըստ նախնական տեղեկատվության, հրդեհը հավանաբար էլեկտրական կարճ միացման հետևանքով է տեղի ունեցել։ Ապա խոսակցություն գնաց մայիս–հունիս ամիսներին մարզի 8 համայնքում կարկտահարության և գայլերի հարձակումների շուրջ, որի պատճառելով զգալի նյութական վնասներ են պատճառվել համայնքների բնակիչներին։ Վնասի չափերը ճշտելու համար տեղում աշխատել է հանձնաժողով, որի արձանագրած արդյունքները հրապարակեց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը։ Լուսաղբյուր, Արջուտ և Ջրաշեն համայնքներում ընդհանուր առմամբ հոշոտվել կամ վիավորվել է 46 գլուխ մանր և 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Կարկտահարությունից էականորեն տուժել են Ազնվաձոր, Կուրթան,Ստեփանավան, Միխայլովկա, Դսեղ, Օձուն, Աքորի և Հագվի համայնքների ցանքատարածություններն ու այգիները։ Ստեղծված հանձնաժողովը կաշխատի ճշտելու վնասի չափերը։
-Կառավարությունն անկարող է ֆինանսական միջոցներ տրամադրել վնասի հետևանքները վերացնելու և փոխհատուցում տրամադրելու համար։ Մարզի արտակարգ իրավիճակների հիմնադրամը, ընդամենը հավաքագրված 130 հազար դրամով բնականաբար ունակ չէ փոխհատուցել վնասը,- ասաց Արթուր Նալբանդյանը։ Հիմնադրամի միջոցները գոյանում են համայնքների ներդրումներից։ Վերջիններս խուսափում են միջոցներ տրամադրել։ Փոխարենը դեպքերի ժամանակ՝ փոխհատուցում են պահանջում։ -Նման հանգամանքներում նպատակահարմար է ապահովագրական համակարգի ներդրումը նաև գյուղատնտեսության ոլորտում,- ասաց մարզպետը՝ նշելով, որ աստիճանաբար անցում կկատարվի այս ձևաչափին, ինչն առավել արդյունավետ կլինի։ ՏԻՄ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղակացրեց, որ հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություն է անցկացվել Դաշտադեմ համայնքում։ Այստեղ համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ Արմինե Խռոյանը։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները՝ նշելով, որ իրավիճակը դարձյալ մտահոգիչ է։ Հինգ ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 74 տոկոսով։ Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրումը կազմել է 99,1 տոկոս, կամ 4,5 մլն դրամով պակաս նախորդ տարվա համեմատությամբ։ 54 համայնքում նախորդ տարվա համեմատությամբ նվազել է հավաքագրման ցուցանիշը։ Իրավիճակը մտահոգիչ է հատկապես հողի հարկի գծով, պլանը կատարվել է 56 տոկոսով: Մարզի 76 համայնքում նվազել է հողի հարկի հավաքագրումը։ Հունիս ամսվա առաջին շաբաթվա ընթացքում հավաքագրված 11,3 մլն դրամ սեփական եկամուտը նախորդ տարվա ընդամենը 11 տոկոսն է կազմում։ Հավաքագրվել է 2 մլն դրամ հողի հարկ (նախորդ տարվա՝ 6,9 տոկոսը), ինչը չափազանց ցածր ցուցանիշ է։ Ա.Նալբանդյանը փոխմարզպետներին, ՏԻՄ և ՀԳՄ, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերին հանձնարարեց առաջիկա շաբաթվա ընթացքում լինել համայնքներում, հանդիպել բնակիչներին, բացատրական աշխատանքներ տանել, այլապես ստիպված կլինեն հարկադրաբար գանձել գումարները։ Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց շինաշխատանքների ընթացքը։ Նրա տեղեկացմամբ՝ պետբյուջեի կողմից ֆինանսավորվող երկրորդ հրատապ ծրագրերի կատարողականը կազմել է 91 տոկոս, ֆինանսավորումը՝ 82 տոկոս։ Ըստ նրա՝ ընդամենը 6 օբյեկտի շինարարություն է ներկայումս ընթանում, նրանցից 5-ը կավարտվեն մինչև հունիսի վերջը, 1-ը՝ Վանաձորի Էդ.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգումը՝ հավանաբար հուլիսի վերջին։ Երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում ավարտվել են նախագծային աշխատանքները։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը ներկայացրեց դպրոցների ավարտական քննությունների ընթացքը՝ նշելով, որ խիստ վերահսկողություն է սահմանված։ Նա տեղեկացրեց նաև, որ արդեն պատրաստ է առարկայական օլիմպիադաների 4 լավագույն ուսուցիչների մեծարմանը նվիրված միջոցառման ծրագիրը։ Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց Ֆրանսիայի ՊԱԿԱ նահանգի պատվիրակության հետ հանդիպման արդյունքները։ Մինչև հուլիսի 15-ը ֆրանկոֆոնիայի զարգացման, տուրիզմի և անասնաբուծության ուղղությամբ առաջարկությունների, ծրագրերի փաթեթներ պետք է ուղարկվեն Ֆրանսիա, որոնք տեղում կուսումնասիրվեն։ Հավանության դեպքում, մասնագետ կժամանի ՊԱԿԱ նահանգից, որից հետո միայն պարզ կդառնա, թե որ ծրագրերը կֆինանսավորվեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13