Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի խորհրդի նիստում

01.06.2012

 Նիստի օրակարգի առանցքային հարցի՝ Լոռու մարզում հանրակրթական համակարգի բարեփոխումների ընթացքի մասին էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի զեկուցումը: Նա անդրադարձավ այն կարևորագույն հարցերին, որոնց լուծումը դրական ազդեցություն կարող է ունենալ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդի փուլում: Համաձայն այդ ռազմավարության, նախադպրոցական կրթությունը համարվում է կարևորագույն օղակ հանրակրթության համակարգում: Այս հարցում նա կարևորեց նաև համայնքների ղեկավարների դերակատարումը: Մինչդեռ համայնքներում առկա է անտարբեր վերաբերմուն ոչ միայն այս օղակի, այլև առհասարակ հանրակրթության վերաբերյալ: Նման վերաբերմունք, ըստ վարչության պետի, առկա է նաև ծնողների մոտ: Մանկապարտեզը հաճախ դիտվում է իբրև գլխացավանք՝ մի շարք պարտադիր պահանջների պահպանման առումով՝ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում, մասնագիտական կրթությամբ կադրեր, կրթական չափորոշիչներին համապատասխանություն և այլն: Այսուհանդերձ մարզում քայլեր են ձեռնարկվում կրթության այս օղակը ևս պատշաճ հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Մ. Սայադյանը կարևոր և ուրախալի լուր հայտնեց մարզխորհրդի մասնակիցներին: Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Հանրակրթության որակի բարելավում» ծրագիրը,որի բաղադրիչներից մեկը կոչվում է «Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»: Այս ենթածրագիրը նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ ռազմավարական ծրագրի քայլերից մեկն է, որի շրջանակներում նախատեսվում է նախադպրոցական կրթությունը 5-6 տարեկանների համար դարձնել համաընդհանուր: Այս ռազմավարական ծրագրի փորձնական փուլն անցկացվել է 2009–ին Սպիտակի տարածաշրջանում, երբ «ՙԿրթության մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում դրամաշնորի միջոցով Արևաշող, Լեռնանացք, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սարահարթ համայնքներում իրականացվեցին նախադպրոցական կրթական ծրագրեր: Երեք տարի վերոնշյալ դպրոցները համայքների հետ համագործակցելով կարողացել են կազմակերպել նախադպրոցական խմբերի գործունեությունը դպրոցներում, որից հետո միայն ստացել պետական ֆինանսավորում: «Հանրակրթության որակի բարելավում» ծրագիրը այսօր նույնպիսի նպաստավոր պայմաններ է ընձեռել նաև այլ դպրոցների համար: Լոռու մարզի 16 հանրակրթական դպրոցների և մեկ նախադպրոցական կրթական հաստատության կտրվի նման հնարավորություն՝ դրամաշնորհներ, նախադպրոցական կրթության միկրոծրագրեր իրականացնելու համար: Շեշտը միտումնավոր է դրվել այն գյուղական համայնքների վրա, որտեղ չեն գործել նախակրթարանները:
Վարչության պետն անդրադարձավ նաև դպրոցական կառավարման խորհուրդների գործունեությանը: Ըստ նրա հանրակրթական համակարգի բարեփոխումների հաջող ընթացքը պայմանավորված է նաև արդյունավետ աշխատող դպրոցական խորհուրդների ձևավորմամբ:Խնդիրն ավելի է կարևորվում, երբ հաշվի են առնվում այն լիազորությունները, որոնք վերապահված են այդ խորհուրդներին՝ տնօրենի ընտրություն, ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքի հաստատում, հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների քննարկում և այլն: Սակայն վարչության պետի վստահեցմամբ այսօր այդ խորհուրդների մեծ մասն անգործության են մատնված: Այս հարցում պատասխանատվություն են կրում նաև համայնքների ղեկավարները, քանի որ խորհուրդների կազմը հաճախ համալրվում է նրանց կողմից առաջարկված և երաշխավորված անձանցով: Մ. Սայադյանը հորդորեց հետևողական լինել խորհուրդների ձևավորման հարցում:
Նա տեղեկացրեց նաև, որ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մարզի դպրոցականները նվաճել են 65 մրցանակայի տեղ ՝ նախորդ տարվա 50-ի փոխարեն և ուրախալին այն է, որ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը:
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի բաղադրիչները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Ինչպես հայտնի է, մինչ օրս յուրաքանչյուր սոցիալական ծառայություն մատուցող հաստատություն գործում է մյուսից անկախ՝ բարդացնելով քաղաքացու գործը, ով ստիպված է այս կամ այն հարցի լուծման համար տարբեր դռներ ծեծել: Ուստի, Ինտեգրված սոցիալական ծառայության ստեղծումը նպատակ ունի դյուրին դարձնելու այս գործընթացը: Խնդիր է դրված բոլոր սոցիալական ծառայությունները կենտրոնացնել մեկ հարկի տակ: Հանրապետությունում փորձնական ծրագրերի իրականացման համար ընտրվել էր 5 քաղաք, այդ թվում և Վանաձորը: Երկրորդ կարևոր հարցը սոցիալական ծառայողի ինստիտուտի ստեղծումն էր, ինչը ըստ բաժնի պետի, ևս կարևոր գործընթաց է: ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի մանկական հիմանդրամի հետ փորձեց իրականացնել այդ ծրագրի սկզբնական փուլը: Մարզկենտրոնում սոցիալական ծառայողին վերապահված գործառույթը ստանձնեց Վանաձորի սոցիլական ծառայության տարածքային գործակալությունը: Ծրագիրը փոքր- ինչ իրատեսական չէր, քանի որ մեկ սոցիալական աշխատողը ստիպված էր սպասարկել 10 հազար բնակչի, ուստի ծրագրի իրագործումն անարդյունավետ դարձավ: Առաջարկություն է արվել, որպեսզի այդ աշխատակիցները ՄԱԿ-ի մանկական հիմանդրամի ֆինանսավորմամբ համապատասխան վերապատրաստման դասընթացներ անցնեն, որպեսզի ծրագիրն ավելի իրատեսական լինի: Նա համայնքների ղեկավարներին խնդրեց հանդես գալ համապատասխան առաջարկություններով՝ սոցիալական աշխատողների գործառույթների վերաբերյալ:
Ն. Սարգսյանն անդրադարձավ նաև «Վորլդ վիժն» կազմակերպության կողմից մարզի 32 համայնքում 2010 թ-ից իրականացվող պիլոտային ծրագրին, որը վերաբերում է տվյալ համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին: Համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելով՝ հանձնաժողովներում ընդգրկվել են սոցիալական աշխատողներ: Ծրագիրը արդյունավետ է եղել և ծառայել է բուն նպատկին: Հայտարարություններով հանդես եկան Լոռու մարզետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը, ՙԵրիտասարդական ալիք՚ հկ նախագահ Ռոբերտ Սարդարյանը: Վ Ջաղինյանը համառոտ ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին՚» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարության կողմից հավանություն է տրվել ՙՀՀ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորիգի իրականացման մասին՚ ծրագրին: Ծրագիրը նպատակ ունի մեծացնել անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները՝ աջակցելով ընտանիքին ներգրավվելու սոցիալական ակտիվ ծրագրերում, բարձրացնելով ընտանիքի բարեկեցության մակարդակը: Ս. Հովհաննիսյանը, մի քանի հայտարարություններով հանդես գալուց զատ, համառոտ անդրադարձավ նաև սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին: Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման անկման միտում է նկատվում մարզի 49 համայնքներում, 40 համայնքում անցած 4 ամիսների եկամուտնեի հավաքագրման ցուցանիշը ցածր է 60 տոկոսից, մինչև 40 տոկոս հավաքագրում է ապահովել 13 համայնք,-նշեց նա::
«Երիտասարդական ալիք» հկ-ի նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մարզի մի շարք համայնքներում կիրականացվի ՙՄարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում՚ հետազոտական- ուսուցողական երիտասարդական ծրագիրը, որի նպատակն է ապահովել գյուղական համայնքների երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքների զարգացման գործում: Ծրագրային միջոցառումները կիրականացվեն Վանաձոր, Վարդաբլուր, Ագարակ, Մեծավան, Պրիվոլնոյե, Դեբետ, Ճոճկան, Գոգարան, Շիրակամուտ, Մարգահովիտ, Փամբակ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13