Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ղարաքիլիսայի ճակատամարտը վճռական էր հայ ժողովրդի համար

28.05.2012

Մայիսի 28-ին, ավանդույթի համաձայն, Հայաստանի Առաջին Հանրապետության և 1918-ի մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Կոտրած եկեղեցու հուշակոթողի մոտ։ Մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզային, Վանաձորի քաղաքային իշխանությունների, զինվորականության, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բազմահարյուր վանաձորցիներ։ Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը։ Ղարաքիլիսայի հերոսամարտի պատմական անցուդարձը ներկայացրեց ՎՊՄԻ դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Գագիկ Եթիմյանը։ -Մայիսյան տոների շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտն իր ուրույն տեղն ունի։ Այդ ճակատամարտի առաջին լուրջ գնահատականը տվել են Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարները։ Երեք օր հերոսական դիմադրությունից հետո, մայիսի 28-ին ճակատամարտն ավարտվեց։ Ղարաքիլիսայի և շրջակա գյուղերի բնակչությունը օրհասական պահին կարողացավ մեկ բռունցք դառնալ և վճռական հաղթանակ տանել։
-Մենք պետք է արժանի գնահատական տանք այս ճակատամարտին,- ասաց Գ.Եթիմյանը։ Նա առաջարկեց քաղաքում ունենալ թանգարան, ուր կամփոփվի Ղարաքիլիսայի հերոսամարտի մանրակերտը, որովհետև բավականին շատ նմուշներ ու արխիվային նյութեր են պահպանվել։ Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսական մահով ընկած քաջարի ղարաքիլիսեցիների հիշատակը։ Գուգարաց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հոգևոր դասը կատարեց հոգեհանգստի արարողություն և խնկարկում։ Հնչեցին Գուգարաց թեմի ՙՎարդանանց հետնորդներ՚ փողային նվագախմբի և Վանաձորի կամերային երգչախմբի կատարումները։ Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36