Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեփական եկամուտների հավաքագրումը՝ օրախնդիր հարց

24.05.2012

Մայիսի 23-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում Լոռու մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը նվիրված էր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման հիմնախնդրին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հակիրճ անդրադառնալով ոլորտում առկա մտահոգիչ իրավիճակին, ներկայացրեց խորհրդակցությանը մասնակցելու համար Վանաձոր ժամանած Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին ու ՏԿՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին և համայնքների ղեկավարներին հորդորեց անբռնազբոս երկխոսություն ծավալել խնդրին առնչվող վիճահարույց հարցերի շուրջը:
Վ. Տերտերյանն իր խոսքում կարևորեց նախարարություն-մարզպետարան-համայնքապետարան սերտ համագործակցության ապահովումը, որի դեպքում միայն կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
-Մենք մի թիմ ենք և պետք է միասնաբար, փոխադարձ վստահության պայմաններում լուծենք մեր առջև դրված խնդիրները: Կյանքը ցույց է տվել,որ վարչարարական մեթոդները, ճնշումները անօգուտ են ու անհարիր՝ մեր գործելակերպին,-ասաց նա:
Փոխնախարարը իր գոհունակությունն արտահայտեց վերջին 3 տարիներին սեփական եկամուտների հավաքագրման բարվոք արդյունքների վերաբերյալ, դրանում առանձնապես կարևորելով համայնքների ղեկավարների ու աշխատակազմերի արդյունավետ աշխատանքը: Նշվեց, որ գովելի աշխատանք է տարվել հարկային բազաների կարգաբերման ու մաքրման գործում, անհամեմատ կոնկրետացվել է համայնքների հաշվեկշռում առկա անշարժ ու շարժական գույքի պատկերը:
Ցավոք, մի քանի մարզերում, այդ թվում նաև Լոռու մարզում, 2012թ. տնտեսական տարին խիստ անհաջող է մեկնարկել սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ և անտեղի չէ անհանգստությունը, որ կտրուկ միջոցներ չձեռնարկելու դեպքում հարկային մուտքերի առաջացած ճեղքվածքը ավելի կխորանա իր բացասական հետևանքներով հանդերձ: Փոխնախարարը իրազեկեց, որ կառավարությունը համայնքներին հատկացվող ամենամյա դոտացիաների ծավալի հիմնական չափորոշիչ է ընդունելու ոչ թե բնակչության թվաքանակը, այլ առաջին հերթին սեփական եկամուտների հավաքագրման պատկերը՝ որքան լավ, այնքան՝ շատ:
-Մեր կարևոր խնդիրը հարկատուի վարքագծում կարգապահություն սերմանելն է, նրա մեջ ձևավորելու այն համոզմունքը, որ հարկերի օրինավոր վճարումները շահեկան են ոչ միայն համայնքի, այլև կոնկրետ հարկատուի համար,-ասաց Վ.Տերտերյանը, այս առումով անընդունելի համարելով աշնանը համայնքների ղեկավարների ընտրություններին դիվիդենտներ շահելու համար չհիմնավորված զիջումների գնալը հարկատեսակների հավաքագրման հարցում:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ կառավարությունում գործնական քայլեր են արվում հարկային վարչարարության ոլորտը առավել թափանցիկ եւ հանրությանը մատչելի դարձնելու համար և այս հարցում ակնկալվում է փոխհամագործակցված աշխատանք մարզպետարանների ու համայնքապետարանների հետ:
Խորհրդակցության ընթացքում Վ. Տերտերյանը հանգամանալի պարզաբանումներ տվեց համայնքների ղեկավարների բազմաբնույթ հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13