Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ապրիլի 27-ին Լոռու մարզում էր:
28.04.2012
Հանրապետության ղեկավարի աշխատանքային այցը մեկնարկել է Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա այցելությամբ: Նախագահը ծանոթացել է ֆաբրիկայում իրականացված աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Դեռևս 2009թ. Հանրապետության ղեկավարի նախորդ այցի ժամանակ իտալական «SARTIS» և հայկական «Գլորիա» ընկերությունները ներկայացրել էին համատեղ ծրագիր՝ ուղղված համագործակցության շրջանակների ընդլայնմանը, արտադրության ծավալների և աշխատատեղերի քանակի ավելացմանը: Ծրագրի իրագործման նպատակով ընկերության պատասխանատուները խնդրել էին Նախագահի աջակցությունը որոշակի խնդիրների լուծման գործում: Հանրապետության նախագահի աջակցությամբ ընկերությունը կարողացել է լուծել այդ խնդիրները: Այսօր արդեն ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ընկերության պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրությունը գործում է, ունի ավելի քան 450 աշխատող: «Գլորիա-Սարտիս»-ն արտադրում է եվրոպական շուկայում մրցունակ բարձր որակի հագուստ՝ միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշների և մի շարք այլ ընկերությունների համար: Ընդգծվել է, որ 2013թ-ից հետո ծրագրեր կան արտադրություններ կազմակերպել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ գերակայությունը տալով գյուղական համայնքներին:
Լոռու մարզի Արևաշող համայնքում Սերժ Սարգսյանին ներկայացվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի և մարզի գյուղական համայնքներում բնակարանային շինարարության ընթացքը:
Նախագահը մասնակցել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանամուտի արարողությանը, այցելել Արևաշող համայնքում բնակարանամուտը տոնող Թադևոսյանների ընտանիքին պատկանող նորակառույց տուն: Թադևոսյանների ընտանիքից բացի, բնակարանների հավաստագրեր են ստացել նաև Արևաշողի ևս 28 ընտանիք, իսկ նույն օրն ավելի ուշ հավաստագրեր կստանան ևս 13 համայնքի 170-ից ավելի ընտանիք:
Նախագահը Արևաշող համայնքում այցելել է համայնքային կենտրոնի շինհրապարակ ևս, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ Նախագահը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզկենտրոնի Հայքի հրապարակում հանդիպում ունեցավ բազմահազար վանաձորցիների հետ: -Վանաձորցին գործեց այնպես, ինչպես իրեն է վայել և հերթական անգամ հարություն առավ քաղաքը, ժողովուրդը և Հայաստանը: Արդար վաստակն առաջին հերթին աշխատատեղն է, աշխատանքն է, արժանապատիվ աշխատավարձը: Ազատ վաստակը մեր արդյունաբերությունն է և գյուղատնտեսությունը, մեր հացն է: Մենք համոզված ենք, որ պետությունը պարտավոր է նորմալ պայմաններ ստեղծել նրանց համար, ովքեր աշխատում են և ցանկանում են և կարող են աշխատել…Արդար վաստակը պայքար է անարդար վաստակի դեմ, կաշառակերության և պաշտոնական դիրքի չարաշահման դեմ, դա օրենքի և իրավունքի գերակայությունն է բոլորի և ամեն ինչի նկատմամբ»,-նշեց ՀՀ նախագահը և հավելեց, որ Հայաստանում արդարադատությունը դեռ հեռու է կատարելությունից:Այդ տեսանկյունից նախագահ Ս.Սարգսյանը կարևորեց հավատքի և կամքի առկայությունը, այնպես ինչպես 1918թ.-ի Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ: