Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ոստիկանության տարելիցը

17.04.2012

ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի առիթով ոստիկանության Լոռու մարզային վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցեցին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, համայնքի ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք։ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության մասնաշենքին կից՝ փոքրիկ պուրակում բացվեց Հայաստանի սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկաններին նվիրված հուշաքար-խաչքար, որի օրհնությունը կատարվեց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ։ Խաչքարը բացելու պատիվը տրվեց Հունան Պողոսյանին և Լոռու մարզպետին։ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբաղ Համբարյանը տոնի առթիվ շնորհավորելով բոլոր ոստիկաններին՝ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված գործընկերների հիշատակը։ Մասնագիտական օրվա առթիվ ոստիկաններին շնորհավորեց ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների վետերանների խորհրդի նախագահ, պաշտոնաթող գնդապետ Սպարտակ Պետրոսյանը։
Ներկաները ծաղիկներ դրեցին հուշաքարին։ Օրվա կապակցությամբ Վանաձորի շախմատի դպրոցում ոստիկանների մասնակցությամբ կազմակերպվել էր շախմատի բաց առաջնություն։ Հաղթողները պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով։
Գլխավոր հանդիսությունն անցկացվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձն ընթերցեց Հունան Պողոսյանը։ ՀՀ ոստիկանապետի,
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամաններով պարգևատրվեցին մի խումբ ծառայողներ, վետերաններ և զոհված ոստիկանների ընտանիքներ։ Ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարելու համար դրամական պարգևներով խրախուսվեցին համակարգի մի շարք աշխատակիցներ։ Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսք հղեց Լոռու մարզպետը. -Լոռու մարզի ոստիկանությունը եղել է ու այսօր էլ համարվում է ՀՀ ոստիկանության համակարգի մարտունակ այն ջոկատը, որի աչալուրջ ծառայության շնորհիվ բարձր են հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, հասարակական կարգ ու կանոնի պահպանման ցուցանիշները,- ասաց Արթուր Նալբանդյանը։ Լոռու մարզպետի կողմից Անուբաղ Համբարյանը պարգևատրվեց պատվոգրով՝ Լոռու մարզի հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու գործում ունեցած ավանդի համար։ Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև ոստիկանության մի շարք ծառայողներ։ Մարզպետի կողմից հանձնվեցին նաև արժեքավոր նվերներ։ Տաշիրի, Ալավերդու և Սպիտակի համայնքների ղեկավարների կողմից վարչությանը տրվեցին համակարգիչներ, որոնք բաժիններին կհանձնվեն ըստ նշանակության։ Շնորհավորանքի խոսք հղեց նաև Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը։ Նա կարևորեց դատախազության և ոստիկանության համագործակցությունը։ Գործընկերներին շնորհավորեց ոստիկանության վետերան, պաշտոնաթող գնդապետ Արտեմ Մանուչարյանը, ում Ա.Համբարյանը հանձնեց շնորհակալագիր և արժեքավոր նվեր։ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ոստիկանության Լոռու մարզային վարչությանը հանձնեց շնորհավորական ուղերձ և երկու համակարգիչ Վանաձորի քաղաքային բաժանմունքներին հանձնելու համար։ Քաղաքապետի անունից շնորհավորագրեր տրվեցին ոստիկանության վետերաններին։ Անուբաղ Համբարյանի հրամանով դրամական միջոցներով պարգևատրվեցին և ՙշնորհակալության՚ արժանացան մի շարք ծառայողներ։
Հանդիսության պաշտոնական մասի ավարտին Հունան Պողոսյանը բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց ոչ միայն ոստիկաններին, այլև նրանց ընտանիքի անդամներին՝ կոչ անելով ամուր կանգնել ոստիկանի թիկունքին, որպեսզի իրենց առջև դրված բարդ խնդիրները հաջողությամբ լուծեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13