Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսությունը որպես տարվա գերակա ոլորտ

02.04.2012



Մարտի 30-ին անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարության աշխատակիցներ։
Օրակարգի առաջին հարցում Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց պետական աջակցությամբ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման» ծրագրով մարզի գյուղական բնակավայրերում իրականացվելիք շինարարական աշխատանքների ընթացքը։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս ծրագիրը հանդիսանում է ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնություններից մեկը և նրա աջակցությամբ ու պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է 2009 թվականից սկսած։
2009-2011թթ. ընթացքում Սպիտակի տարածաշրջանի 14 գյուղական համայնքներում արդեն իսկ շահագործման է հանձնվել 471 բնակելի տուն՝ 7 մլրդ 752 մլն դրամի արժողությամբ։ Այս տարի շինարարական աշխատանքները կշարունակվեն նույն գյուղական համայնքներում՝ 427 բնակելի տների կառուցման համար։ Այդ նպատակով հատկացվել է 8,7 մլրդ դրամ։ Այս տարվանից ծրագրում ընդգրկվել են ևս 10 գյուղական համայնքներ՝ 5-ական Գուգարքի (Լեռնապատ, Դարպաս, Գուգարք, Եղեգնուտ, Վահագնի) և 5-ական Ստեփանավանի (Լեջան, Գարգառ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ուռուտ) տարածաշրջաններից։ Ներկա դրությամբ, ըստ Լ.Ասլանյանի, քննարկման փուլում են 190 փաստաթղթային փաթեթներ, որոնցից ընդամենը 51-ն են ամբողջական։ Լ.Ասլանյանը դժգոհություն հայտնեց այն համայնքների ղեկավարներից, ովքեր պատասխանատու լինելով իրենց համայնքի բնակիչների համար, չեն կարողանում կազմակերպել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը։ Նա համայնքապետերին հորդորեց մինչև ապրիլի 15-ը ներկայացնել մեկ սենյականոց բնակարանների պահանջարկ ունեցող, ինչպես նաև համայնքներում մինչև 10 շահառու ունեցող ընտանիքների ցանկը։ Արթուր Նալբանդյանն իր հերթին համայնքների ղեկավարներից պահանջեց հետևողական լինել այս հարցում։
2012թ. հունվար-փետրվար ամիսների համայնքային բյուջեների եկամուտների կատարումն ըստ հարկատեսակների ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ անցած երկու ամիսներին համայնքային բյուջեների եկամուտների կատարման գործում նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների աճ է գրանցվել: Նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների զգալի աճ են ունեցել Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի և Գուգարքի տարածաշրջանի համայնքները, մինչդեռ Ստեփանավանի տարածաշրջանի համայնքներում անկում է գրանցվել: Ցավոք, նշված ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների ընդհանուր ծավալում ցածր է հողի հարկի փաստացի տեսակարար կշիռը: Իսկ ահա գույքահարկի առումով նախորդ տարվանից ավելի է հավաքագրվել 20.8 մլն դրամ: Համեմատական վերլուծություն արվեց նաև համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների, տեղական տուրքերի հավաքագրման վերաբերյալ:
2011թ. համեմատությամբ հողի հարկի հավաքագրման մակարդակը նվազել է Գուգարքի տարածաշրջանի 7, Թումանյանի՝ 15, Տաշիրի` 10, Ստեփանավանի՝ 14, Սպիտակի` 10 համայնքներում: Նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրումը նախատեսվածի 70 տոկոսը գերազանցում է 59 համայնքում, որից 100 տոկոսը՝ 29 համայնքում: Համեմատաբար լավ է ընթացել գույքահարկի հավաքագման գործընթացը: Նախորդ տարվա համեմատությամբ գույքահարկի ծավալներն էականորեն աճել են բոլոր տարածաշրջաններում: 2012թ.-ին, նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 32 համայնքում (համայնքների 28 տոկոսը):
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանն անդրադարձավ գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին։ Նա տեղեկացրեց, որ 2011-ի մարտին հատկացված աշնանացան ցորենի 63 տ էլիտային և 291 տ առաջին վերարտադրության սերմացուներով կատարվել է 1181 հա ցանք: Նախորդ տարի մարզում կատարվել է 6 հազար 686 հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք, որը 576 հա-ով ավել է, քան 2010-ին: 2011-ին գյուղնախարարության կողմից մարզին հատկացվել է նաև 4 անիվավոր «ՙԲելառուս» մակնիշի տրակտոր: 2011թ. աշնանը գյուղնախարարության կողմից մարզին հատկացվել է ընդամենը 330 կգ մկնդեղ (ցինկի ֆոսֆիդ), որը մարզի ցանքատարածությունների համար բավարար չէ: Բաժնի պետը նախարարին խնդրեց այս տարվա գարնանը մկնդեղի բաշխման ժամանակ Լոռու մարզին հատկացնել առվազն 3000 կգ մկնդեղ: Այս գարնանը կառավարության կողմից մարզին հատկացվելու է 2000 տոննա ազոտական պարարտանյութ, որի առաջին խմբաքանակը՝ 982 տոննան, արդեն ստացվել է: Մարզին հատկացված 550 տոննա դիզվառելիքից համայնքներին արդեն հատկացվել է 230.5 տոննա: Սահմանված ժամկետում գյուղնախարարությանն է ներկայացվել մարզի համայնքներին անհրաժեշտ գյուղտեխնիկայի, գյուղգործիքների, ինչպես նաև մարզի որոշ համայնքների համար Ավստրիայից ներկրվող երինջների պահանջի մասին տեղեկանքը։ Մարզի 7 համայնք ընդգրկված է «ՙԱրոտների բարելավման և ջրարբիացման» ծրագրում՚:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, օգտվելով առիթից, հանգամանորեն անդրադարձավ գյուղատնտեսական աշխատանքներին, խոսեց խնդիրներից և այս տարի իրականացվելիք ծրագրերից, շեշտելով, որ այս տարին էլ կառավարության կողմից գյուղատնտեսությունը կդիտարկվի իբրև գերակա ոլորտ, կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: Նախորդ տարի կյանքի կոչված կարևոր ծրագրերից նախարարն առանձնացրեց ցորենի, գարու, եգիպտացորենի առաջին վերարտադրության և էլիտային սերմացուի ներկրումը, ինչի շնորհիվ, ըստ նախարարի, 2011-ին 19 հազար հեկտար ավելի աշնանացան է կատարվել։ -Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի անց հանրապետությունում չմշակվող հողատարածքներ չեն լինի,-համոզմունք հայտնեց նա։ Գյուղնախարարն առանձնացրեց նաև գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը։ Պետական աջակցությամբ՝ 4 տոկոսի սուբսիդավորմամբ գյուղացիական տնտեսություններին վարկերը տրամադրվել են 14 տոկոսով, իսկ առավել աղքատ համայնքներում սուբսիդավորումը կազմել է 6 տոկոս։ Արտոնյալ վարկերից օգտվել են ավելի քան 25 հազար գյուղացիական տնտեսություններ։ Գյուղնախարարի հավաստմամբ՝ այս ծրագիրը կշարունակվի նաև այս տարի։ Հաջորդ բարեփոխումը, ըստ նրա, ներկրման դեպքում, գյուղացիական նյութական արժեքների՝ տնկիների, թունաքիմիկատների, տեխնիկայի, պարագաների ազատումն էր ավելացված հարկից, որը նպաստեց եկամուտների ավելացմանը։ Լուծվել է նաև գյուղմթերքի պահեստավորման և իրացման հարցը։ Դրական արդյունքներ են գրանցվել նաև անասնապահության բնագավառում։ Կաթի, մսի արտադրության ծավալները ըստ նրա թեև ավելացել են, սակայն շատ չնչին։ -Հուսանք, ցուցանիշները տարեցտարի կաճեն,- ասաց Ս.Կարապետյանը։ Անասնապահության զարգացմանն էր ուղղված հեռավոր արոտավայրերի ջրարբիացման, մթերման կետերի, սպանդանոցների կառուցման ծրագիրը, որի նպատակով 2011-ին ծախսվել է 315 մլն դրամ։ -Այս տարի նշված բարեփոխումները կշարունակվեն, սակայն առավել լուրջ ուշադրություն կդարձվի գյուղացիական կոոպերատիվների ստեղծման ծրագրին։ Միավորումները ստեղծվելու են ոչ թե ընդհանուր ունեցվածքի, այլ ընդհանուր խնդիրների շուրջ,- բացատրեց նախարարը։ Նա նշեց, որ կառավարությունն իր աջակցության ծրագրերն առաջին հերթին կուղղորդի դեպի գյուղացիական կոոպերատիվները՝ մատչելի գներով տրամադրելով գյուղտեխնիկա, սերմացու, պարարտանյութ և այլն։ Անասնապահության զարգացմանը կուղղորդվի անասնագլխաքանակի արհեստական սերմնավորմանն ուղղված ծրագիրը, անասնագլխաքանակի և թռչունների անվճար պատվաստումները, որոնք կշարունակվեն նաև այս տարի։ Ս.Կարապետյանի վստահեցմամբ, այս տարի Լոռու մարզում կտեղադրվի 6 հակակարկտային կայան։ Առաջիկա տարիներին դրանց թիվը կհասնի 22-ի։ Նա դժգոհություն հայտնեց հատկապես մարզի անտառտնտեսության պահպանումից՝ նշելով, որ 2011-ին ամենաշատ անտառհատումները և հրդեհները գրանցվել են հենց Լոռու մարզում։ Գյուղնախարարը Ա.Նալբանդյանին խնդրեց խիստ միջոցառումներ կիրառել՝ անտառտնտեսությունը փրկելու նպատակով։
Ս.Կարապետյանը պատասխանեց նաև համայնքների ղեկավարների հարցերին (տես տեսանյութը):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36