Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահավետ համաձայնագիր

23.03.2012

Մարտի 20-ին Սպիտակի «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հկ-ի համայնքային կենտրոնում «Սպիտակ-ֆերմեր» հկ-ի և Նիդերլանդական ՊԱՄ կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակը Սպիտակի տարածաշրջանում գյուղատնտեսության ու մասնավորապես անասնապահության զարգացմանը նպաստելն է, այս ոլորտում ծրագրերի իրականացումը։ Մինչ համաձայնագրի ստորագրումը Սպիտակի քաղաքապետարանում հանդիպում էր կազմակերպվել Հայաստանում Նիդերլանդների փոխդեսպան Անջել Սամուրայի, «ՊԱՄ-Նիդերլանդներ» կազմակերպության հայաստանյան պատասխանատու Լուիտ Կելֆկենսի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի, «Սպիտակ-ֆերմեր» հկ գործադիր տնօրեն Սարգիս Մարկոսյանի, նիդերլանդական կողմի այլ ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Գագիկ Սահակյանը ողջունելով հյուրերին, կարևորեց Նիդերլանդների հետ համագործակցությունը, բարեկամական կապերի հաստատումը։
Արթուր Նալբանդյանը նույնպես ողջունեց Նիդերլանդների ջանքերը՝ ուղղված Լոռու մարզի տնտեսության զարգացմանը։
-Գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկը, ուստի այս ոլորտում իրականացվող ցանկացած ծրագիր շատ կարևոր է մեզ համար,- ասաց Լոռու մարզպետը։
Մինչ համաձայնագրի ստորագրումը՝ Գագիկ Սահակյանը հանգամանորեն ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք Նիդերլանդների կողմից իրականացվել են Սպիտակ քաղաքում՝ սկսած 1989-ից՝ ավերիչ երկրաշարժից հետո։ Նա տեղեկացրեց, որ ավելի քան 20 տարվա բարեկամությունն է կապում Սպիտակին Նիդեռլանդների հետ։ Երկրաշարժից անմիջապես հետո տնակներ են տրամադրվել, որոնք իբրև կացարան օգտագործվում են մինչ օրս։ Բուժաշխատողների մեծ կազմ է ժամանել Սպիտակ՝ աղետից տուժածներին աջակցելու համար, իսկ վերջին տարիներին ՙԿամրջակ՚ համագործակցության ծրագիր է իրականացվում՝ ուղղված անօթևան և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը։
-Գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը՝ շնորհիվ կնքվող համաձայնագրի, կնպաստի նաև արտագաղթի նվազեցմանը և աշխատատեղերի ստեղծմանը,- ասաց Գ.Սահակյանը։
Լուիտ Կելֆկենսը տեղեկացրեց, որ ներկայումս մի քանի փորձագետներ են աշխատում Սպիտակում, ովքեր ուսումնասիրում են ջերմոցային տնտեսությունների և չորանոցների ստեղծման հնարավորությունները տարածաշրջանում։ Իսկ առայժմ ՊԱՄ-ը Սպիտակի տարածաշրջանում զարգացնում է փոքր ֆերմերային տնտեսությունները, խոզաբուծությունը, սերմնաբուծությունը և արհեստագործությունը՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։
Փոխդեսպան Անջել Սամուրան վստահեցրեց, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական սերտ համագործակցություն է հաստատվել և դրա վկայությունն է եղել նաև անցած տարի երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը, բարեկամական կապերի հաստատումը, ինչի արդյունքում Հայաստանում՝ իրականացվող ծրագրերի թիվը և՝ բնականաբար ներդրումներն զգալիորեն աճել են։
-Այս համաձայնագրի կնքումը ևս բարեկամության ու համագործակցության սերտացման գրավականն է,- ասաց փոխդեսպանը։ Համաձայնագիրը կնքեցին Լուիտ Կելֆկենսը և Սարգիս Մանուկյանը՝ պարտավորվելով նորանոր գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53