Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիական պատվիրակության այցը Լոռու մարզ

22.03.2012



Մարտի 20-ին Լոռու մարզպետարանում կայացավ Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ’Ազյուր ռեգիոնալ խորհրդի պատվիրակության հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի վարչությունների պետերի, մարզի խոշոր տնտեսվարողների հետ։ Պրովանս Ալպ կոտ Դ’Ազյուրի (ՊԱԿԱ) և Լոռու մարզի միջև բարեկամությունն սկսվել է 1996-ից, 1997-ից քույր մարզերի բարեկամության պայմանագիր է կնքվել, համագործակցությունը շարունակվում է մինչ օրս։ Այս համագործակցության շնորհիվ մի շարք ծրագրեր են իրականացվել Լոռու մարզում՝ տարբեր բնագավառներում՝ կրթության, մշակույթի, սոցիալական և այլն։ ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի պատվիրակության այցը Լոռու մարզ, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս անց էր կացվում Հայաստանում Ֆրանսիային նվիրված միամսյակի շրջանակներում, որը մեկնարկել է մարտի 15-ից։ Պատվիրակությունը ղեկավարում էր ռեգիոնալ խորհրդի նախագահի խորհրդական Ժերար Բոդինյեն, պատվիրակության կազմում էին ռեգիոնալ խորհրդի հանձնաժողովի նախագահ Կարո Հովսեփյանը, անդամներ՝ տուրիզմի մասնագետներ Մարիամ Բորելը, Մարիա-Բեատրիս Խաչադուրյանը, Բեռնարդ Ֆարնին, արտակարգ իրավիճակների մասնագետ, գեներալ Բերնարդ Ժաննինը, լրագրող, գրող Ժան Քեհայանը և ուրիշներ։ Նրանց և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, մարզպետարանի աշխատակիցների միջև քննարկում կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի զարգացման, տուրիզմի և մասնավորապես՝ գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ։ Հարցեր քննարկվեցին նաև ռիսկերի կանխատեսման ու կառավարման վերաբերյալ։ Ինչպես հայտնի է՝ ֆրանսիական կողմի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև համաձայնագիր է կնքվել Լոռու մարզում՝ իբրև պիլոտային ծրագիր, ստեղծել մի կառույց, որտեղ ֆրանսիական կողմի տեխնիկական և մասնագիտական աջակցությամբ կվերապատրաստվեն կամավոր հրշեջներ։ Այս առումով առաջիկայում լուրջ համագործակցություն կծավալվի Լոռու մարզի փրկարարական վարչության հետ։ Ինչ վերաբերում է ֆրանկոֆոնիայի զարգացմանը, ապա Լոռու մարզում արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսերեն լեզվի մասնագետների վերապատրաստման դասընթացներ են իրականացվում, ուսանողների, մասնագետ-ուսուցիչների փոխանակման ծրագրեր, մեթոդական ուսուցումներ և այլն։ Տուրիզմի զարգացման ուղղությամբ, սակայն, ըստ Ժերար Բոդինյեի, դեռևս զգալի անելիքներ կան, քանի որ առկա ռեսուրսները չեն օգտագործվում։ Սոցիալ-հոգեբանական ծրագրեր ևս իրականցվում են Լոռու մարզում. ՊԱԿԱ ֆինանսավորմամբ «Ցավեր առանց սահմանի» և «ՙՙՙՆռնենի» կազմակերպությունները աշխատում են Վանաձորի թիվ 4 համաբուժարանում, թիվ 2 մանկապարտեզում, խնամքի կենտրոնում և մանկատանը։ Քննարկումների ընթացքում Ժերար Բոդինյեն և Լոռու մարզպետը պատասխանեցին նաև լրագրողների հարցերին։ Ինչ վերաբերում է տուրիզմի ու մասնավորապես՝ գյուղական տուրիզմի զարգացմանը, ապա դեռևս բավականին անելիքներ կան։ Ըստ Արթուր Նալբանդյանի՝ տուրիզմի զարգացումը, որը սերտորեն առնչվում է տնտեսության զարգացմանը, նախ և առաջ ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում ու համապատասխան մշակույթի ձևավորում։ Ըստ Ժ.Բոդինյեի, սակայն, հիմնական շեշտադրումը չպետք է դնել միայն տուրիզմի զարգացման վրա, այլ անհրաժեշտ է ծրագրեր մշակել նաև այլ ուղղություններով։ Այս տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ կիրականացվեն ծրագրերի մշակման ուղղությամբ՝ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, արտակարգ իրավիճակների բնագավառներում և տարեվերջին գործնական առաջարկներ կներկայացվեն։ Ֆրանկոֆոնիայի զարգացման շրջանակներում մարտի 21-ին Վանաձորի Ստ.Զորյանի տուն-թանգարանում ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ներկայացուցիչները մասնակցեցին Եվրոպական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների կողմից բեմադրված՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ներկայացմանը՝ ֆրասներեն լեզվով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09