Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Որ հիմնախնդիրները չվերածվեն կոնֆլիկտի

07.03.2012

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բողոքի բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ հունվարյան տոներին իրենց աշխատած եւ թերհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցրին համբերության բաժակի լցվելուն: Նրանք հանրապետության նախագահին ներկայացրել են ԼՀԿ-ում ստեղծված իրավիճակը, խնդրելով՝ ,,համապատասխան մարմինների միջոցով լուծում տալ կոմբինատի մի քանի հարյուր աշխատողներին հուզող հարցերին, որպեսզի ստիպված չլինեն լքել հարազատ պապենական հողերը:
Անհանգստացնող նամակին ՀՀ նախագահի արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Նամակում բարձրացված հարցերը քննարկելու, համապատասխան լուծումներ գտնելու եւ ընթացք տալու նպատակով, նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով մարզպետարանում ԼՀԿ-ի ղեկավարության /ներկա էր նաեւ ,,Մեթըլ պրինս,, ընկերության գլխավոր տնօրեն եւ բաժնետեր Մադլեն Թաշճյանը/, մի խումբ աշխատակիցների եւ ախթալեցիների,տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ բուռն քննարկում ծավալվեց: Հենց սկզբից՝ շիկացած կրքերը հանդարտեցնելու, հարցերը երկկողմանի հասկանալի դարձնելու եւ համագործակցության եզրեր գտնելու մարզպետի ընտրած ձեւաչափը, որ մինչ խորհրդակցության սկսվելը հայտարարեց մարզպետն ինքը, ոչ միայն տեղին ու անհրաժեշտ էր, այլեւ լիովին արդարացրեց իրեն: Երկու կողմերը ,,բանակցությունների սեղանին նստեցին,, ոչ այնքան խաղաղ տրամադրվածությամբ եւ ավարտեցին հարցերի մեծագույն մասին տրված հիմնավոր պատասխաններն ստացած, ԼՀԿ-ի ղեկավարության՝ դրանց լուծմանն ուղղվելիք աշխատանքների մասին որոշակի երաշխիքների ու խոստումների վստահությամբ:
Մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, ԼՀԿ-ի աշխատակիցները, քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի, Ախթալայի քաղաքացի Վազգեն Խաչիկյանի ակտիվ մասնակցությամբ՝ մեկ անգամ էլ հնչեցրեցին բոլոր այն բողոքները, որոնց լուծման համար էլ դիմել են երկրի նախագահին.2012թ. հունվարի աշխատավաձը էապես տարբերվում է նախորդ տարվա նույն ժամանակածրջանում վճարված աշխատավարձից, որը տոնական օրերին աշխատավարձերը պակասո հաշվարկելու հետեւանք է: Եթե համաշխարհային ճգնաժամի տարում, երբ պղնձի շուկայում գներն իջել էին մինչեւ մեկ տոննայի դիմաց 3500ԱՄՆ դոլարի, աշխատավարձերը կրճատվեցին 20տոկոսով, ապա ինչու՞ այսօր, երբ պղնձի գինը հասել է 8500դոլարի, վերստին չեն բարձրացվում աշխատավարձերը,որ մնացել են ճգնաժամային մակարդակի վրա: Տարիներ շարունակ բանվորներին չի տրամադրվում արտահագուստ, օրենքով հասանելի սնունդ, կաթ, սնունդ ընդունելու բավարար պայմաններ չկան: Չնայած գերշահույթներին՝ ընկերությունը լուրջ կապիտալ ներդրումներ չի կատարում, այդ թվում նաեւ տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով:Արտադրամասերում սանիտարական անվտանգության պայմանները չեն պահպանվում, պղնձափոշին վնասում է մարդկանց, իսկ լաբորատորիայի աշխատողներն ընդգրկված չեն վնասակար տեղ աշխատողների ցուցակում: Ասում են, որ միջին աշխատավարձը 140հազար դրամ է, բայց այդքան ստանում են միայն հորատողները, իսկ մնացածներինը կազմում է ընդամենը 35-50հազար դրամ, եւ միայն ի հաշիվ վնասակար եւ թունավոր արտադրամասերում աշխատելու գործակիցների շնորհիվ է, որ միջին աշխատավարձը կազմում է 80-120 հազար դրամ: Մատնացույց են արվում նաեւ Շամլուղի բաց հանքի շահագործման հետ կապված վտանգները, չի բացառվում մեծ սահքի հնարավորությունը, որի դեպքում տասնյակ մարդիկ կենթարկվեն աղետիչ: Ախթալայի եւ Շամլուղի մի շարք շենք-շինություններ /ակումբ, ճոպանուղի, կոյուղաջրերի մաքրման կայան, հիվանդանոց, մանկապարտեզ, անգամ բաշխիչ էլեկտրական ցանցերը պատկանում են ԼՀԿ-ին, որոնցում ոչ մի ներդրում չի արվում, անմխիթար վիճակում են, բավարար չեն ծառայում բնակչությանը: Դժգոհություն կա նաեւ Ախթալայի զարդը համարվող Արամյանցի դղյակի կարգավիճակից եւ պահպանման աստիճանից, որի բակում սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանն առանց օրինական հիմքերի սեփական տուն է կառուցել: Հնչեց մեղադրանք նաեւ այն մասին, որ գլխավոր տնօրեն Մ. Թաշճյանը ընկերությունը Երեւանից հեռախոսով է ղեկավարում, աշխատողներին զրկել է ազատ խոսքի իրավունքից, իսկ ցանկացած դժգոհության դեպքում նա բանվորներին հեռացնում է աշխատանքից: Այժմ էլ կասկածներ ունեն, թե տիկինը հիշաչարություն չի դրսեւորի եւ այս նոր գժգոհության պարագայում ազատման մի շարք հրամաններ չի արձակի: Բազմաթիվ այլ դժգոհություններ եւս հնչեցին, որոնք տեղ չէին գտել ՀՀ նախագահին գրած նամակում:
Իր դժգոհությունը հայտնեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, նշելով, որ ինքն արձագանքել է բանվորների բողոքին, գնացել Ախթալա, հանդիպել մարդկանց հետ, սակայն ղեկավարությունը չի բարեհաճել նեկայանալ, պատասխանել բոլորին հուզող հարցերին: Ապա մատնացույց արեց Ախթալա-Շամլուղ ճանապարհի վատթար վիճակը. ճանապարհը ՀՀ պետբյուջեի միջոցներով վերջերս բարեկարգվել, ասֆալտապատվել է, ԼՀԿ-ն մեկ լումայի ներդրում չի ունեցել: Բայց ԼՀԿ-ի բեռնատարներից, որոնց թափքերը ետեւի մասում փակ չեն, հսկայական քարակտորներ են ընկնում, վնասում ասֆալտե ծածկը: Հանքանյութը տեղափոխվում է բաց եղանակով, չի ծածկվում, դա էլ աղտոտում է շրջակա միջավայրը: Բաշխիչ էլցանցերը եւս անմխիթար վիճակում են, ամեն պահի սպասելի են աղետալի հետեւանքները, ինչու՞ ԼՀԿ-ն այն չի հանձնում ,,Հայաստանի էլցանցեր,,-ին:
Այս եւ հնչած մյուս հարցերին պատասխանելու համար ձայն խնդրեցին եւ Մ. Թաշճյանը, եւ երեք տնօրենները, հաշվապահը, անվտանգության ծառայության պետը:
Աշխատանքային խնդիրների, աշխատավարձերի մասին հարցերին անդրադարձավ ՀՀ աշխատանքի պետական տեսչության Լոռու տարածքային կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը՝ տալով բացատրություններ:
Լոռու մարզպետի հավասարակշիռ պահվածքի, համոզիչ փաստարկների ու տեղին դիտում- հարցադրումների շնորհիվ քննարկումը զերծ մնաց ավելորդություններից, մանր-մունր խնդիրները շահարկելու ոմանց մտադրություններին տեղի տալուց: ԼՀԿ-ի ղեկավարության պատասխաններից ու մեկնաբանություններից այն կարծիքը ձեւավորվեց, որ ընդունում են ԼՀԿ-ի աշխատակիցների եւ Ախթալա քաղաքի բնակիչների դժգոհությունների մեծ մասի տեղին լինելը, նկատելի է առաջադրված հարցերին լրջորեն վերաբերվելու եւ առաջիկայում դրանց լուծմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նախատրամադրվածություն: Ամփոփելով քննարկումը, մարզպետ Արթուր Նալբանդյանը հույս հայտնեց, որ կուտակված հիմնախնդիրները, մարզպետարանի գործնական աջակցությամբ, կարող են լուծվել տեղական ինքնակառավարման մարմնի եւ կոմբինատի ղեկավարության համագործակցության շնորհիվ: Տեղ գտած հիմահարցերը միայն այդ պարագայում չեն զարգանա ու խորանա՝ վերածվելով անլուծելի կոնֆլիկտի, միայն այդ պարագայում կապահովվեն Ախթալայի նման քաղաքի ներդաշնակ զարգացումն ու նրա բնակչության կենսապայմանների բարելավումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:52:58