Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտ-ապրիլ ամիսներին շահագործման կհանձնվի 203 բնակելի տուն

22.02.2012

Պետբյուջեի ֆինանսավորմամբ ,,Գլենդել-Հիլզ,, ընկերության կողմից, Լոռու մարզում իրականացվող՝ ,,Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության,, ծրագրի դանդաղ ընթացքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ երեկ համատեղ հանդիպում էր կազմակերպվել ծրագրում ընդգրկված համայնքների և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։
-Համայնքներում մի շարք հարցեր են կուտակվել ,,Գլենդել-Հիլզ,, ընկերության հետ կապված, ուստի նպատակահարմար ենք գտել հանդիպում կազմակերպել՝ ակնկալելով կոնկրետ հարցեր ու պատասխաններ, քանի որ կան խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք պետք է հստակ տեղեկատվություն ունենանք,- ասաց Ա.Նալբանդյանը։ Մարզպետը նախ մտահոգություն հայտնեց աշխատանքների դանդաղ ընթացքի առնչությամբ՝ նշելով, որ դրա պատճառ են մի կողմից վատ եղանակային պայմանները, մյուս կողմից՝ աշխատուժի պակասը։ Զարմանալի է, որ գործազրկության այս պայմաններում՝ հատկապես գյուղական համայնքներում, կառուցապատող ընկերությունն ունի 1000 թափուր բանվորական աշխատատեղ,-ասաց նա:
Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին նախատեսվում է շահագործման հանձնել 203 բնակելի տուն՝ Սպիտակի տարածաշրջանի 14 գյուղական համայնքներում։ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը։ 2009-2011 թվականների ընթացքում ,,Գլենդել-Հիլզի,, կողմից Սպիտակի տարածաշրջանի 14 գյուղում շահագործման է հանձնվել 471 բնակելի տուն։ Բացի այդ շահառու 6 ընտանիքների բնակարանի խնդիրը լուծվել է ՀՀ կառավարության 2008թ. համապատասխան որոշմամբ՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման տարբերակով: Ներկայումս հրամանագրված և շինարարության ընթացքի մեջ է 420 բնակելի տան կառուցապատում, որոնցից 203-ը, նախատեսված է շահագործման հանձնել առաջիկա երկու ամիսների ընթացքում։
-Ներկայումս գործառույթի մեջ է 251 գործ. Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանի 10 համայնքներից: Շահառուների փաստաթղթային ամբողջական փաթեթները պետք է պատրաստ լինեն մարտի 1-ի դրությամբ, սակայն դեռևս կան համայնքներ, օրինակ, Վահագնին և Գյուլագարակը, որտեղ գրեթե ոչ մի պատրաստի գործ չկա,-ասաց Լ.Ասլանյանը։ Մարզպետը այդ առնչությամբ իր դժգոհությունն արտահայտեց ասելով, որ համայնքի ղեկավարներն անձամբ են պատասխանատվություն կրելու շահառուի՝ ծրագրից դուրս մնալու դեպքում։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները՝ ,,Ինթերնեյշընլ դիվելփմընթ ընդ քոնթրաքշըն,, ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը և ,,Գլենդել-Հիլզ,, ՓԲԸ Լոռու մարզի կառուցապատման պատասխանատու Արթուր Փաշինյանը տեղեկացրին, որ աշխատուժի լուրջ պահանջարկ կա, քանի որ շինաշխատանքների ծավալներն այս տարի շատ ավելին են լինելու։ Եվ քանի որ խոսք գնաց աշխատավարձերի ոչ ժամանակին կամ ընդհանրապես չվճարելու հետ կապված հարցերի մասին, կազմակերպության ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նման խնդիր ներկայումս չկա և առաջիկայում չի լինի:
Նշվեց, որ որոշ համայնքներում խնդիրներ կան էլեկտրասնուցման հետ կապված, քանի որ կառուցվող տներից մի քանիսը գտնվում են բնակելի տներից և էլեկտրասյուներից որոշակի հեռավորության վրա, իսկ աշխատանքներ իրականացնելիս էլեկտրական սարքերի գործադրման անհրաժեշտություն է առաջանում։ Խորհրդակցությանը ներկա էր նաև ,,Հայէլեկտրացանցեր,, ընկերության ,,Դեբեդ,, մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը, ով խոստացավ աջակցել այս հարցում։
Օգտվելով առիթից՝ կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին հարցեր ուղղեցին նաև համայնքների ղեկավարները։ Նրանց հիմնականում հուզում էր դարձյալ աշխատավարձերի խնդիրը: Տեղեկացվեց, որ շինարարների միջին վարձատրությունը 150-250 հազար դրամ է՝ գործարքային սկզբունքով: Ա.Փաշինյանը խոստացավ, որ շինանյութի պակաս չի լինի, քանի որ ձմռան ընթացքում բավարար քանակով շինանյութ է պահեստավորվել, ուստի աշխատանքները կընթանան առանց ընդհատումների և բանվորները հարկադիր պարապուրդի չեն ենթարկվի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 16:28:49