Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն է ներկայացնում Լոռու մարզպետը

27.01.2012



Հունվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, հանրության ու լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում մարզում տարբեր բնագավառներում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Նալբանդյանը 2011-ի ընթացքում կատարված աշխատանքները գնահատեց բավարար՝ բացառությամբ մի քանի ցուցանիշների: Ա.Նալբանդյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում, Լոռու մարզպետարանի աշխատակազմի 2011թ. աշխատանքային ծրագրի հիմնական նպատակային դրույթներ են եղել սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը, աղետի հետևանքների վերացմանն ուղղված՝ շինարարության ծավալների մեծացումը, ՀՀ պետական բյուջեի միջոցներով գյուղական վայրերում բնակարանաշինության իրականացումը, կրթական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացումը, արտադրական հզորությունների վերագործարկումը և նորերի շահագործումը` առաջնահերթությունը տալով լեռնամետալուրգիային, հանքարդյունաբերությանը, քիմիային, թեթև և սննդի արդյունաբերությանը, փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, աջակցությունը մասնավոր գյուղացիական տնտեսություններին վարկերի հատկացման առումով, բնական աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, առողջապահության բնագավառի աշխատանքների բարելավումը, ոլորտի օպտիմալացման երկրորդ փուլի իրականացումը, սոցիալական լարվածության թուլացումը, ՀՀ կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը, նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության մակարդակի իջեցումը և այլն:
Մարզպետը հանգամանորեն վերլուծեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, իրավիճակը առողջապահության քաղաքաշինության, կրթության, մշակույթի և սպորտի, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում:
Համայնքային բյուջեների եկամուտների կատարման ուղղությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է եկամուտների աճ, մարզի համայնքների բյուջեներով նախատեսված մուտքերը ապահովվել են 95.8%-ով:
Մարզպետը իր դժգոհությունն արտահայտեց հատկապես հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացից, որի ցուցանիշներով մարզը հանրապետությունում հայտնվել է վերջինների թվում: Հողի հարկի հավաքագրումը կազմել է ընդամենը 80.8%, որը նախորդ տարվա փաստացի մուտքերից պակաս է 26.9 մլն. դրամով, գույքահարկը՝ 92.9%, նախորդ տարվանից պակաս է հավաքագրվել 17.8 մլն. դրամ:
Նա մասնավորապես նշեց, որ մարզի սոցիալ-տնտեսական աճին, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը, գյուղացիական տնտեսությունների կայացմանը զգալիորեն աջակցում և իրենց ներդրումն ունեն մարզի տարածքում գործող հանրապետական առևտրային բանկերի 30 մասնաճյուղերը: 2011-ին Վանաձորում իրենց գործունեությունն են սկսել Հայաստանի ևս երկու բանկի` «ՙՙԶարգացման Հայկական բանկ» և «Ամերիա բանկ» ՓԲԸ-ների մասնաճյուղերը: Ինչ վերաբերում է «Մարզի սոցիալ - տնտեսական զարգացման ծրագրին» /ՄԶԾ/ ապա վերջինիս հիմնական նպատակը մարզպետի ներկայացմամբ՝ ՀՀ երկարատև կայուն տնտեսական աճին նպաստող խնդիրների առաջադրումն ու մարզի համաչափ զարգացման ապահովումն է: Առաջնահերթ նպատակների շարքում է աղքատության հաղթահարումը և տարածքային համաչափ զարգացումը: Լոռու մարզի 2010-2013թթ. ՄԶԾ-ն արտացոլում է մարզի բոլոր համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները: Անդրադառնալով փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը՝ Ա. Նալբանդյանն ընդգծեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրության, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացումը մարզում աղքատության կրճատման և տնտեսական զարգացման ամենակարևոր ուղղություններից մեկն է: Լուրջ աշխատանքներ են կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ևս:
-Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, մարզպետարանը համագործակցում է Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ, որն էլ իր հերթին համագործակցելով տարբեր կառույցների հետ, իրականացնում է մի շարք միջոցառումներ,- մասնավորապես նշեց մարզպետը: Լոռին որակելով որպես արդյունաբերական մարզ, մարզպետը հանգամանորեն անդրադարձավ այս ոլորտին: 2011 թվականին մարզի արդյունաբերական ձեռնարկությունները թողարկել են 59մլրդ. 58 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ծավալն աճել է 24.1 տոկոսով:
Թեթև արդյունաբերության, մեքենաշինության և սարքաշինության նաև քիմիական արդյունաբերության ճյուղերի ձեռնարկություններում 2010-ի համաեմատությամբ աճի տեմպերը համապատասխանաբար կազմել են 164.7, 140.7 և 131.9 տոկոս: 2011-ին արտադրանք չեն տվել մարզի 19 արտադրական ձեռնարկություններ: Արտադրության ծավալները նվազեցրել է 40 ձեռնարկություն: Մարզի արտադրանքի ընդհանուր ծավալում զգալի տեսակարար կշիռ ունեն Ալավերդու «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն` 72.09, «Ախթալայի ԼՀԿ» -ը` 11.49, «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն` 1.94, «Ձորագետ հիդրո»՚ ՍՊԸ-ն 1.60, «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն` 1.14 «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ն` 1.17տոկոս: 2011թ. արտադրության ծավալը նվազել է միայն Սպիտակի տարածաշրջանում: Պատճառը` այս տարածաշրջանում առաջատար ալյուրի արտադրությամբ զբաղվող «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ի արտադրության ծավալների կրճատումն է: Ըստ տարածաշրջանների պատկերը հիմնականում նույնն է` գերակշռող է Թումանյանի տարածաշրջանի դերը, զգալի է Վանաձոր քաղաքի արդյունաբերության տեսակարար կշիռը: Թերևս դանդաղ, բայց զգալի է մարզի արդյունաբերության ցուցանիշների ապակենտրոնացումը Թումանյանի տարածաշրջանից դեպի մարզի այլ տարածաշրջաններ: 2011-ին վերագործարկվել են Վանաձորի «Բազում-Ֆիրման» ու Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ն և գործարկվել է «Կարբի Ջրհոս» ՓՀԷԿ-ը: Արդյունքում ստեղծվել է 211 նոր աշխատատեղ: Իր արտադրական հզորություններն ավելացրել է նաև նախկին «Բ.Դարբինյան-Ստիլիսսա» ՍՊԸ-ն (ներկայումս «Գլորիա» գլխամասային կարի ֆաբրիկան, որի շնորհիվ բացվել է 142 նոր աշխատատեղ: 2011-ի 4-րդ եռամսյակի արդյունքներով մարզի արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին ցուցակային թիվը կազմել է 4 հազար 456 մարդ, որը 546-ով ավելի է 2010թ–ի համեմատությամբ: 2011թ. ընթացքում «Վալլեքս խմբի» ընկերություններն ընդլայնել են գործունեությունը Լոռու մարզում: 2011-ին «Էյ-Սի-ՓԻ» խմբի առաջատար ընկերություններից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի արտադրանքի ծավալը կազմել է մոտ 42.6 մլրդ դրամ, նախորդ տարվա 34.6 մլրդ դրամի փոխարեն: Ընկերության կողմից 2011-ին 550 մլն դրամը գերազանցող արժեքով ներդրումներ են կատարվել ներարտադրական ենթակառուցվածքներում, որոնց հիմնական մասը` բնապահպանական նպատակով վերակառուցվող նոր ծխատարի կառուցման ուղղությամբ, որի արդյունքում զգալիորեն նվազել է գործարանի կողմից արտանետումների բացասական ազդեցությունը, արտանետումների քանակը գրեթե չի գերազանցում սահմանային թույլատրելի նորման:
2011 շարունակվել են «Վալլեքս խմբի» հիմնական ներդրումային ուղղության` Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները: 2009-2011թթ-ի ընթացքում այս ուղղությամբ կատարվել են մոտ 36.1 մլրդ. դրամի ներդրումներ, որոնց հիմնական մասը` 2011թ.: 2011 թվականի ընթացքում աշխատողների միջին ցուցակային թիվը կազմել է 616 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 130 հազ. դրամը: Այսօրվա դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 750-ը: 2011 ընթացքում կատարվել և ավարտվել են Արմանիսի հաստացուցիչ ֆաբրիկայի շինարարական և սարքավորումների մոնտաժման աշխատանքները: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 14.6 մլն. ԱՄՆ դոլար:
Մարզպետն անդրադարձավ նաև տրանսպորտի ոլորտին և ճանապարհաշինությանը: Նշվեց, որ մարզում գործում են 76 ներմարզային և 32 ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներ, որոնք սպասարկվում են 22 ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից: Ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացվում են Վանաձոր, Ալավերդի եւ Սպիտակ քաղաքներում: Մարզում գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրի-Այրում հատվածը՝ 13 կայարաններով:
Հաշվետու տարում, ըստ Ա. Նալբանդյանի՝ տեղական ինքնակառավարման բնագավառում աշխատանքային գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսացել համայնք - մարզպետարան փոխհարաբերությունների համակարգումը, վարչական հսկողությունը համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին մեթոդական և խորհրդատվության օգնության կազմակերպումը: Մարզխորհրդի նիստի վերջում ելույթ ունեցավ Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Նա հատկապես անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, նշելով, որ համայնքների ղեկավարների աշխատանքի գնահատման չափանիշն է, դրա անվերապահ կատարումը նրանց պատվի ու պատասխանատվության հարցն է: Իսկ դրա երաշխիքը, նշեց նա, համայնքային բյուջեների իրատեսական կազմումն է: Բայց, հաճախ ստացվում է այնպես, որ շատ համայնքներ բյուջեներին վերաբերվում են մատների արանքով, տարվա ընթացքում վերանայելով նվազեցնում են ցուցանիշները: Փաստորեն մարզի 113 համայնքներից 61- ում կատարվել է՝ բյուջետային ցուցանիշների իջեցում: Նա իր դժգոհությունն արտահայտեց հատկապես Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների նկատմամբ: Ա. Բախշյանը պատասխանեց նաև համայնքապետերին մտահոգող հարցերին:
Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի հաշվետվության լրիվ տեքստին կարող եք ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի (www.lori.gov.am) «Հաշվետվություններ» բաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09