Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետին չի գոհացնում եկամուտների հավաքագրման գործելաոճը

23.01.2012

Հունվարի 23-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացված թռուցկաժողովում ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման 2011թ. պատկերը: Թեպետ նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան ութուկես միլիոն դրամով ավելի հավաքագրումներ են եղել, սակայն ընդհանուր առմամբ նախանշված ցուցանիշները չեն ապահովվել: Առանձնապես չեն բավարարում գույքահարկի և հողի հարկի արդյունքները:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը, անդրադառնալով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման 2011թ. արդյունքներին, իր վրդովմունքն արտահայտեց մի շարք համայնքների ղեկավարների, նաև ավագանու անպատասխանատու գործելակերպի նկատմամբ:
- Սեփական եկամուտների 24 տոկոսի ցուցանիշ ունեցող գյուղապետը իրավունք ունի՞ համայնքի ղեկավար կոչվել,-ասաց մարզպետը, հավելելով, որ նման իրավիճակում անհանդուրժելի է նաև տվյալ ավագանու անգործությունը:
Սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակի բարելավումը մարզպետի համոզմամբ ոչ միայն համայնքների ղեկավարների, այլև մարզպետարանի անմիջական պարտականությունն է և 2012 թվականը այս առումով բեկումնային պետք է լինի:
-Պետք է թոթափվել այն գործելաոճից, երբ եկամուտների հավաքագրման համար սկսում են անհանգստանալ տարվա վերջին 3-4 ամիսներին: Դա մեր ամենօրյա հոգսը պետք է լինի,-ասաց Ա. Նալբանդյանը և իր տեղակալներին, համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց յուրաքանչյուր ամսվա վերջում համայնքներում կազմակերպել արդյունքների քննարկում և ամփոփում, միջոցներ ձեռնարկել նախանշված պարտավորությունների անվերապահ կատարման համար:
Հանգամանալից խոսակցություն ծավալվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության շուրջը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյանը զեկուցեց, որ հանրապետության կառավարությունը հոգացել է շուկայի նկատմամբ մատչելի գներով գյուղական համայնքներինըստ պահանջի պարարտանյութ և դիզվառելիք տրամադրելու մասին: Լոռու մարզին այս տարի կտրամադրվի 2000 տոննա ազոտական պարարտանյութ, որի 50 կիլոգրամանոց պարկի արժեքը սահմանվել է 6000 դրամ(շուկայում 1 պարկը ներկայումս 9500 դրամ է):
Բացի այդ, շուկայականից 20 %-ով մատչելի գնով գյուղի ֆերմերներին կտրամադրվի 536 տոննա դիզելային վառելիք:
Մարզպետ Ա. Նալբանդյանը խստիվ հանձնարարեց հետևելու, որ հատկապես պարարտանյութի իրացումը չդառնա սպեկուլյացիայի առարկա: Ի լուր ամենքի նա հայտարարեց, որ մեկ պարկի համար 6000-ից 1 դրամ անգամ ավելի գումար գյուղացուց պահանջողը կենթարկվի ամենայն պատասխանատվության:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեց նաև «Վանաձորի թիվ 1-ին հիվանդանոցային համալիրի» ՊՓԲԸ և «Վանաձորի 2-րդ հիվանդանոցի» ՊՓԲԸ բազաների հիման վրա բժշկական կենտրոն ստեղծելու հարցը: Այն հանրապետության նախագահի` տարածքների համաչափ զարգացման ռազմավարական քայլերից մեկն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36