Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզխորդի ամփոփիչ նիստում

28.12.2011

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի 2011թ.-ի վերջին նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այս տարվա 11 ամիսների համայնքների բյուջեների եկամուտների կատարումը ըստ հարկատեսակների ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2011 թվականի 11 ամիսներին համայնքային բյուջեների եկամուտների կատարման վերլուծությունը վկայում է նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների զգալի աճ: Մարզի համայնքների բյուջեներով 2011թ. կտրվածքով նախատեսված մուտքերը դեկտեմբերի 1-ի դրությամբ ապահովվել են 94.2 տոկոսով:
Նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների աճ են ունեցել Տաշիրի տարածաշրջանի համայնքներում` 107.2 տոկոս և Թումանյանի տարածաշրջանի համայնքներում` 108.5 տոկոս: Իսկ ահա Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքներում նահանջ է գրանցվել՝ համապատասխանաբար 98.8 տոկոս, 97 տոկոս և 95.5 տոկոս նախորդ տարվա նկատմամբ: 11 ամիսների կտրվածքով հողի հարկի հավաքագրումը եղել է ընդամենը 321.1 մլն դրամ, կամ նախատեսվածի 76.6 տոկոսը (2010թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 93.5 տոկոս, կամ 22.5 մլն դրամով պակաս):
Գույքահարկի հավաքագրումը թերակատարվել է 20.1 տոկոսով, նախորդ տարվանից պակաս է հավաքագրվել 16.1 մլն դրամ:
Նույն ժամանակահատվածում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների հավաքագրման մակարդակը եղել է ընդամենը 89.7 տոկոս, որն այնուհանդերձ, 2010թ.-ի համեմատությամբ ավելի է 22.1 մլն դրամով:
Գույքահարկի հավաքագման գործընթացը համեմատաբար լավ է ընթացել Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում` 88.3 և 88.9 տոկոս, համեմատաբար ցածր՝ Գուգարքի և Տաշիրի տարածաշրջաններում` 77.1 և 73.9 տոկոս: 2010թ.-ի համեմատությամբ աճել է մի շարք եկամտատեսակների հավաքագրումը. պետական և տեղական տուրքերի,գույքի վարձակալության և այլ եկամուտների գծով: Ըստ եկամտատեսակների առանձնապես թերակատարվել են հողի հարկի, գույքահարկի, տեղական վճարների գանձումը, որը բացասաբար է անդրադարձել համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման վրա: 2011-ին նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 64 համայնքում:
Սեփական եկամուտների գծով մարզի փաստացի սեփական եկամուտների ընդհանուր ծավալում մեծ տեսակարար կշիռ ունեն քաղաքային համայնքներից Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, գյուղական համայնքներից Օձունը, Շնողը, Մարգահովիտը, Մեծ Պարնին, Գուգարքը, Դսեղը, Մեծավանը, Կուրթանը, Ճոճկանը` 1.1 տոկոս և այլն: Նշվեց, որ մարզում ներկա դրությամբ արգելանքի տակ գտնվող համայնքային բյուջե ունեցող համայնքներ չկան։
Աշխատավարձի և պարտադիր սոցապվճարումների գծով դեռևս առավել մեծ պարտքեր ունեն Անտառամուտ, Արծնի, Աթան, Մարց, Շամուտ, Չկալով համայնքները:
Ապա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրեց 2011-ի ընթացքում մարզում կատարված աշխատանքները՝ ըստ ոլորտների: Քաղաքաշինության ոլորտում ֆինանսական բոլոր աղբյուրների միջոցներով իրականացվել են 13 մլրդ 432.35 միլիոն դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ՝ ամենածավալուն շինաշխատանքները 1996-ից հետո: Պետական բյուջեի ներդրումները մարզի քաղաքաշինության ոլորտում նույնպես ամենաբարձրն են վերջին 16 տարիների ընթացքում: ՀՀ պետբյուջեի միջոցներով մարզի 10 գյուղական համայնքներում շահագործման է հանձնվել 168 անհատական բնակելի տուն, ընթացքի մեջ է ևս 210 տների կառուցումը ՙԳլենդել Հիլզ՚ ընկերության կողմից։ Գնվել են բնակարաններ 6 փախստական և բնական աղետի հետևանքով անօթևան մնացած 2 ընտանիքի համար, հիմնանորոգվել են մարզի 8 քաղաքային համայնքների 45 բազմաբնակարան շենքերի տանիքներ, Վանաձոր և Ալավերդի համայնքների 16 բազմահարկ բնակելի շենքերի վերելակներ, բարեկարգվել և հիմնանորոգվել է Վանաձոր և Ալավերդի քաղաքների 6 բակ և խաղահրապարակներ, կառուցվել են 2 համայնքային կենտրոններ, վերականգնվել-վերակառուցվել են 7 համայնքի խմելու և ոռոգման համակարգեր, ավարտվել են 2 համայնքի գազաֆիկացման աշխատանքները, 12 համայնքում իրականացվել է ճանապարհների (փողոցների) վերանորոգում, ասֆալտապատում: Հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել են 8 դպրոց, 3 մանկապարտեզ, մեկական ուսումնարան և քոլեջ, որոնց համար ներդրվել է 872.89 մլն դրամ, կառուցվել է 3 դպրոցի մարզադահլիճ, 2 դպրոցի ջեռուցման համակարգ և 1 մանկապարտեզ, որոնց համար ներդրվել է 936.96 մլն դրամ: Կառուցվել է 1 մշակութային օջախ, հիմնանորոգվել-վերականգնվել է 5 մշակութային օջախ և 2 եկեղեցի (337.22 մլն դրամ): Ավարտվել է 2 հիվանդանոցի հիմնանորոգում (125.85 մլն դրամ):
2011 թվականի 11 ամսում մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ընթացիկ գներով թողարկվել է ավելի քան 55 միլիարդ դրամի արտադրանք: 2011-ին ավարտին է հասցվել ՙՍագամար՚ ՓԲԸ-ի կողմից կառուցվող Արմանիսի հարստացուցիչ կոմբինատի կառուցումը, որը համալրված է ժամանակակից սարքավորումներով և արտադրանք կթողարկի արդեն 2012 թվականի հունվարից, աշխատանքով ապահովելով շուրջ 370 մարդու: Մարզպետի համոզմամբ կոմբինատի շահագործումը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մարզի, այլև հանրապետության էկոնոմիկայի համար:
Անցնող տարում ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև Թեղուտի հանքավայրի և հարստացուցիչ կոմբինատի կառուցման, ինչպես նաև Վանաձորի ՋԷԿ-ի վերակառուցման ու վերագործարկման ուղղությամբ: 2011 թվականին մարզի արդյունաբերության տարբեր ճյուղերում ներդրվել է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար: 2011-ը մարզի գյուղատնտեսության համար ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված՝ բացառությամբ 7 համայնքի, որտեղ տարերային աղետից տուժել է 1000 հա ցանքատարածություն:
Մարզպետը ընդհանուր բնութագրումներով ներկայացրեց նաև կրթության սպորտի ու մշակույթի, առողջապահության և սոցիալական ապահովության, կոմունալ և այլ ոլորտներում ձեռքբերումներն ու բացթողումները, համայնքների ղեկավարներին հորդորեց մնացած մի քանի օրերին ջանալ շտկելու համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման թերացումները:
Արթուր Նալբանդյանը բոլոր ներկաներին գալիք տարում բարեմաղթեց խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և աշխատանքային հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36