Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նվերներ հանձնեց Վանաձորի մանկատան սաներին և մրցանակներ՝ Ասմունքի հանրապետական փառատոնի մրցանակակիրներին

27.12.2011

Դեկտեմբերի 26-ին Վանաձոր էր ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ: Սամվել Նիկոյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ էր Վանաձորում: Մեծարգո հյուրին մարզկենտրոնում դիմավորեցին և ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, այլ պաշտոնատար անձինք: ԱԺ նախագահի առաջին այցելությունը Վանաձորի մանկատուն էր: Այստեղ երեխաները պատվարժան հյուրին դիմավորեցին աղ ու հացով և ծաղկեփնջերով: Սամվել Նիկոյանին Արթուր Նալբանդյանին, ԱԺ պատգամավորներին, հյուրերին ողջունեց մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը: Նա հյուրերին ծանոթացրեց մանկատանը կից գործող կարի փոքրիկ արտադրամասի աշխատանքներին, ուր սաները կար ու ձևի հմտություններին էին տիրապետում, ձևափոխում իրենց իրենց զգեստները, կամ նորաձև հագուստ կարում տոնական միջոցառումների համար: Ապա հյուրերը շրջեցին մանկատան մասնաշենքում, ծանոթացան պայմաններին: Այսօր մանկատանն ապրում է 102 երեխա, նրանցից 6-ը նորածիններ են, 50-ը դպրոցահասակ երեխաներ, 25-ը՝ ուսանողներ, մնացածը՝ նախադպրոցական տարիքի երեխաներ:
Մանկատան սաները փոքրիկ միջոցառում էին կազմակերպել հյուրերի համար՝ ցուցադրելով իրենց երգելու, պարելու և ասմունքելու շնորհը: Սամվել Նիկոյանը, ողջունելով փոքրիկներին, բարեմաղթեց ուրախ ամանոր և անհոգ օրեր, ցանկանալով, որ առաջիկայում առանց ծնողական խնամքի ոչ մի երեխա չլինի մեր երկրում: Նա շնորհակալություն հայտնեց մանկատան տնօրինությանը՝ երեխաների նկատմամբ ցուցաբերած բարեհոգի վերաբերմունքի համար: Երեխաների գալիք ամանորը շնորհավորեց նաև Արթուր Նալբանդյանը: ԱԺ նախագահը դատարկաձեռն չէր եկել մանկատուն. երեխաների համար պատրաստվել էին նվերներ և հյուրասիրություն: Անակնկալ էր պատրաստել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, չափահաս և չափահասության տարիքին մոտ 23 երեխաների՝ նրա և կիևաբնակ հայ գործարար Արթուր Գրանցի կողմից հանձնվեցին բանկային հաշվեքարտեր՝ 800-ական ԱՄՆ դոլար ներդրմամբ, որոնք երեխաները չափահասության տարիքում կարող են տնօրինել ըստ ցանկության: Տեղեկացվեց նաև, որ 15 հազար ԱՄՆ դոլար է տրամադրվել նաև Վանաձորի ծերանոցին՝ սննդի համար օգտագործելու նպատակով:
.Ինչպես հայտնի է, 3 տարի առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո մեկնարկեց ասմունքի հանրապետական փառատոնը, որի նպատակը հայ գրի ու գրականության հանդեպ մատաղ սերնդի մեջ սիրո և նվիրումի արթնացումն էր: Նպատակն իրականություն դարձավ, քանզի, եթե առաջին տարում փառատոնին մասնակցում էին 7000 դպրոցականներ, ապա այս տարի 123 հազար երեխա՝ 1522 դպրոցներից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Ջավախքից:
Այս տարի փառատոնն անց է կացվել նորընտիր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հովանավորությամբ: Փառատոնի եզրափակիչ փուլը, ինչպես տեղեկացրել ենք ՙԼոռու մարզ՚ թերթի դեկտեմբերի 21-ի (թիվ 99) համարում, տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, գալա համերգը և մրցանակաբաշխությունն անցկացնելու համար ժյուրիի և Սամվել Նիկոյանի միաձայն որոշմամբ՝ ընտրվել է Լոռու մարզը՝ Հայոց ամենայն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրենիքը:
Գալա-համերգը տեղի ունեցավ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, որին ներկա էին Սամվել Նիկոյանը, Արթուր Նալբանդյանը, ԱԺ պատգամավորներ, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնատար այլ անձինք:
Գալա համերգը վարում էր անվանի հանդիսավար Սարգիս Նաջարյանը:
Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողուհի, պարուհի Անահիտ ԿԻրակոսյանը, քանոնահար, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Նարեկ Կազազյանը, փոքրիկ դուդուկահար Վահան Սոֆյանը՝ Վանաձորից, Գյումրիից՝ երգիչ Կարեն Մայիլյանը: Արևմտահայ բանաստեղծներ Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Վահան Թեքեյանի բանաստեղծություններից կարդացին փառատոնի լավագույն մասնակիցները:
Նրանց իրենց ոէջույնի և շնորհավորանքի խոսքերը հղեցին Սամվել Նիկոյանը, Արթուր Նալբանդյանը, իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը.
- Օրհնյալ լինեք, շնորհավոր լինի գալիք Նոր տարին: Թող այն լինի խաղաղության բարեբեր տարի, լիության՝ հոգու և մտքի: Այս փառատոնը լրացնում է հոգու և մտքի ծարավը, որն այժմ կա,- ասաց նա:
-Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին, ժյուրիին, առանց որոնց հեղինակության այս փառատոնը այսօրինակ բարձր մակարդակով հնարավոր չէր լինի անցկացնել,- ասաց ԱԺ նախագահը՝ խոստանալով, որ առնվազն իր պաշտոնավարման ընթացքում այն շարունակական կլինի:
Ողջունի խոսք հղեց նաև ժյուրիի անժամ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ինչպես հայտարարվեց, Գրան-պրի մրցանակին արժանացավ Երևանի Սիամանթոյի անվան (թիվ 162) դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հակոբյանը, 11-14 տարեկանների խմբում՝ առաջին մրցանակ շնորհվեց Վանաձորի թիվ 28 դպրոցի աշակերտուհի Անի Նալբանդյանին, ում հանձնվեց նաև Լոռու մարզպետի մրցանակը, երկրորդ՝ Ասպրամ Իսրայելյանին (Ստեփանակերտ), երրորդ՝ Սիրան Բաղդասարյանին (Արմավիրի մարզ): 15-17 տարիքային խմբում առաջին մրցանակը հանձնվեց Կարինե Համբարձումյանին (Արարատի մարզ), երկրորդ՝ Լիլիթ Կարապետյանին (Արագածոտնի մարզ), երրորդ՝ Տաթև Մելքումյանին (Տավուշի մարզ), խրախուսական մրցանակների արժանացան 12 մասնակիցներ: Նրան Սամվել Նիկոյանի կողմից արժանացան արժեքավոր նվերների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36