Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հանդիպեց մարզի հասարակական կազմակերպությունների հետ

15.12.2011

Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց մարզում առավել ակտիվ գործող հկ-ների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Գրանցված 62 հկ-ներից գործունեություն են ծավալում 40-ը: Հանդիպմանը, սակայն ներկա էին 27-ը:
-Նման հանդիպում ակնկալում էի դեռևս իմ՝ որպես մարզպետ պաշտոնավարման առաջին իսկ օրերից,- ասաց Արթուր Նալբանդյանը: Նա նշեց, որ շատ է կարևորում պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ իբրև մարզի զարգացման կարևոր գրավական:
-Շուրջ 5 ամիս է, ինչ զբաղեցնում եմ մարզի ղեկավարի պաշտոնը, սակայն առանձնակի ակտիվություն հասարակական կազմակերպությունների կողմից չեմ նկատել: Դա երկու պատճառ կարող է ունենալ. կամ մեզ չեք վստահում, կամ վստահում եք չափից ավելի,- ասաց Ա.Նալբանդյանը՝ առաջարկելով համառոտ ներկայացնել հկ-ների կողմից իրականցվող ծրագրերը և առկա խնդիրները:
Հկ-ների ներկայացուցիչներից ոմանք նշեցին, որ վերջին մի քանի տարիներին բազմիցս մարզպետարանի տարբեր վարչություններ են ներկայացրել տարաբնույթ ծրագրեր, առաջարկություններ, սակայն շատ հաճախ անարձագանք, ուստի ակտիվությունը վեր է ածվել պասիվության: Օրինակ՝ Լոռու մարզի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ ներկայացրել է ծրագիր՝ ուղղված մարզում սարքաշինության բնագավառի զարգացմանը, ինչը իրատեսական չի համարվել:
Մարզի սպառողների միության նախագահ Մարիետա Հեքիմյանը տեղեկացրեց, որ վաճառակետերում բազմիցս հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք և տեղեկացրել են մարզային իշխանություններին, սական լուրջ միջոցառումներ չեն ձեռնարկվել ապօրինությունները կանխելու համար, իսկ հկ-ն էլ չունի նմանատիպ իրավասություններ:
Հարցի առնչությամբ մարզպետը նշեց, որ համայնքների ղեկավարները ներկայումս ունեն խանութներում վաճառվող սննդամթերքի որակը վերահսկելու լիազորություններ, ուստի հկ-ն կարող է ակտիվորեն համագործակցել քաղաքապետարանների կամ գյուղապետարանների հետ:
-Մարզպետարանը՝ որպես պետական կառավարման մարմին, պատրաստ է ամենասերտ համագործակցության, սակայն միայն մեր գործառույթների շրջանակներում: Փոխարենը հկ-ները պետք է նախաձեռնող ու ակտիվ լինեն,- ասաց Ա.Նալբանդյանը:
ՙԹռիչք՚ կրթամշակութային հկ նախագահ Հովհաննես Նիկողոսյանը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ կազմել առաջարկությունների համագորցակցային փաթեթներ և ներկայացնել մարզպետարանի տարբեր վարչություններ կամ բաժիններ, պարբերաբար մասնակցություն ունենալ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգներին, հասարակական հարցերի քննարկմանը:
-Հկ-ներն ունեն աշխատանքային մեծ փորձ տարբեր բնագավառներում և ունեցած տվյալների բազաները և փորձառությունը կարող են օգտագործել ի նպաստ մի շարք խնդիրների լուծման,- ասաց Ա.Նալբանդյանը՝ նշելով, որ առաջարկությունը ողջունելի է:
Հկ-ներին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե ո՞րն է պետական կառույցների հետ համագործակցության սահմանը և փորձ չի՞ արվի արդյոք այս կերպ վերահսկողություն սահմանել հասարակական կազմակերպությունների վրա:
-Սահմաններ չեն գծվելու, պարզապես լինելու է թափանցիկ աշխատանք: Առաջարկում ենք համագործակցության հավասար պայմաններ,- վստահեցրեց մարզպետը:
Նշվեց, որ հկ-ներն իրենց հերթին մարզպետարանին կարող են օգնել մարդկային ռեսուրսների, տեղակատվության տրամադրմամբ և կարող են ստանձնել վերահսկողական լիազորություններ համայնքներում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Կարևորվեց նաև բիզնես ոլորտի ներգրավումը, ինչը կօգնի ավելի շատ խնդիրներ լուծել: ՙԽաչվող ուղիներ՚ հկ-ի գործադիր տնօրեն Կամո Եգանյանին հետաքրքրում էր այն հարցը, թե պետական կառավարման մարմինը համագործակցության ի՞նչ մակարդակ է առաջարկում, քանի որ միջազգային դոնորները դրամաշնորհներ տրամադրելիս խիստ կարևորություն են տալիս այդ խնդրին:
-Համագործակցություն ու աջակցություն ենք առաջարկում ամենաբարձր մակարդակով. այդ հարցում կարող եք վստահ լինել,- ասաց Ա.Նալբանդյանը:
Քննարկվեցին նաև տարաբնույթ այլ հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել պարբերական՝ յուրաքանչյուր անգամ քննարկելով կոնկրետ խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59