Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին փոխվարչապետը ծանոթացավ Լոռիում

30.11.2011

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ հրատապ այլ խնդիրների քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Լոռու մարզ:
Մարզպետ Ա. Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Արեւաշող համայնքում, որտեղ մասնակցեց նոր մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով հատկացված 34 մլն դրամով, 22,7 մլն դրամ էլ ներդրվել է համայնքի կողմից: Փոխվարչապետը ծանոթացավ պայմաններին` ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքները: Նա նաեւ կարեւորեց համայնքի մասնակցությունը ծրագրին` նշելով, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այն համայնքներին, որոնք ձգտում են սեփական, թեկուզ փոքր հնարավորություններով բարեկեցիկ դարձնել իրենց բնակավայրը:
Փոխվարչապետը եղավ Վանաձորի երկրագիտական թանգարանում, որը նույնպես վերանորոգվել է ծրագրի առաջին մասով. հատկացվել է 50 մլն դրամ: Ամբողջությամբ հիմնանորոգված, կահավորված թանգարանն արդեն պատրաստ է ընդունել այցելուների:
Վանաձորում Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Տարոն-2 թաղամասի Ուկրաինական եւ Տարոն-4 թաղամասի Տավրոսի 6-րդ փողոցի վերականգնման աշխատանքներին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ արդեն կատարվել է աշխատանքների ավելի քան 50 տոկոսը, դրանք կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով Վանաձորի փողոցների վերականգնման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 200 մլն դրամ:
Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի իրականացման ընթացքի մասին փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում: Տեղեկացվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 1,3 մլրդ դրամով նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են` մարզի համայնքներում կատարվել են ճանապարհների, շենքերի տանիքների, դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Միայն ընթացքի մեջ է Ղուրսալի համայնքում փախստական ընտանիքների համար տների գնման ծրագիրը, որը կավարտվի առաջիկա տասն օրվա ընթացքում:
Ծրագրի երկրորդ մասով հիմնականում կվերակառուցվեն միջհամայնքային ճանապարհներ, կվերանորոգվեն դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններ, ջրագծեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ: Ընդհանուր առմամբ` կկառուցվի, կհիմնանորոգվի եւ կվերանորոգվի 55 օբյեկտ, որոնցից երեքում աշխատանքներն արդեն ավարտվել են, ընթացքում են 12-ի աշխատանքները: Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների` ժամանակին եւ որակով իրականացումը`մարզպետին հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել դրանց ընթացքը:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Լոռու մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 7մլրդ դրամ (կատարողականը`91,8%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 77%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 %-ով: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ 7-ական տոկոսով նվազել են հողի հարկի (կատարողականը` 71.1 %) եւ գույքահարկի (կատարողականը` 71.9 %) հավաքագրման ցուցանիշները: Հողի հարկի հավաքագրումը հիմնականում նվազել է Վանաձոր, Տաշիր, Ալավերդի, Ֆիոլետովո, Վահագն, Լուսաղբյուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Լեռնահովիտ, Ձյունաշող, Աթան, Մեծ Այրում, Վարդաբլուր, Գյուլագարակ, Ուրասար, գույքահարկինը` Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Օձուն, Ագարակ համայնքներում:
Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց մինչեւ տարեվերջ քայլեր ձեռնարկել հատկապես այս երկու հարկատեսակների ցուցանիշների բարելավման ուղղությամբ ` անթույլատրելի համարելով նման միտումը: Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորեց նաեւ մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացում:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ մարզում արդեն կատարվել է 6500 հա աշնանացան: Տարվա ընթացքում մարզում արտադրվել է 20 212 տ հացահատիկ` նախորդ տարվա 13 712 տոննայի դիմաց: Աճ է արձանագրվել նաեւ կարտոֆիլի բերքի առումով. արտադրվել է 36, 5 հազ. տոննա` նախորդ տարվա 4,7 հազ. տոննայի դիմաց:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ, որ արդեն ավարտվել է Մոտկորի ձորի վեց համայնքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգումը: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել է 35,8 կմ երկարությամբ խճապատ գրունտային ճանապարհ, որի համար պետբյուջեից հատկացվել էր 290 մլն դրամ: Ճանապարհի վերանորոգումն էական նշանակություն կունենա հիմնականում անասնապահությամբ զբաղվող համայնքների զարգացման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51