Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շրջիկ ատամնաբուժարանը կսպասարկի մարզի անչափահաս և տարեց բնակչությանը
11.11.2011

Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը Հայաստանի առողջապահական համակարգին նվիրաբերել է Միցուբիշի մակնիշի ատամնաբուժական շրջիկ մեքենա՝ որը անվճար ատամնաբուժական շրջիկ ծառայություններ է մատուցելու մարզերի և գյուղական համայնքների ազգաբնակչությանը: Մեկնարկը տրվել է Լոռու մարզից՝ մարզկենտրոն Վանաձորից:
Ատամնաբուժարանի գործունեության մեկնարկը տրվեց նոյեմբերի 11-ին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հիշյալ միության անդամները, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, մարզի առողջապահական համակարգի ներկայաացուցիչներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Ա.Նալբանդյանն իր ողջույնի խոսքում կարևորեց այն բոլոր բարեգործական ծրագրերը, որոնք իրականացվում են առողջապահության ոլորտում: Նա երախտագիտություն հայտնեց ֆրանսահայ բարերարներին երկարամյա բարեկամության ու հոգածության համար՝ հույս հայտնելով, որ դեռ երկար անցնելիք ճանապարհ ունեն միասին:
-Նպատակ ունենք արագ կերպով լրացնելու այն բոլոր բացթողումները, որոնք առկա են այսօր մարզերի առողջապահական համակարգում և այդ հարցում մեզ աջակցում է նաև Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը,- ասաց Հ.Քուշկյանը: Նա տեղեկացրեց նաև, որ մարզ է ժամանել նաև մարզպետի հետ որոշելու այն տարածքը, որտեղ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ առաջիկայում կկառուցվի Առողջապահական համալիր կենտրոնը՝ զինված նորագույն բուժսարքավորումներով:
Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախագահ Էդուարդ Մուրադյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո միությունն իր ներուժն ուղղել է դեպի Հայաստանի և Արցախի բժշկական կենտրոններ:
Միությունը Հայաստանին օգնել է ինչպես նոր կենտրոններ ստեղծելու, այնպես էլ հասցեական աջակցություն ցուցաբերելու գործում:
Շարժական ատամնաբուժարանի բացման ժապավենը կտրելու պատիվն ընձեռվեց Ա.Նալբանդյանին և Էդ.Մուրադյանի, ինչից հետո այն ուղեւորվեց Մարգահովիտ համայնք, որտեղից էլ կսկսվի կլինիկայի շրջագայությունը Լոռու մարզում:
Մեքենայում տեղադրված է ատամնաբուժական աթոռ, թվային ռենտգեն, ախտորոշման սարքեր, գործիքներ լվացման և ախտահանման խցիկ՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով:
Մեքենայի վարորդը, ատամնաբույժն ու բուժքույրը Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք անցել են վերապատրաստման դասընթացներ և կվարձատրվեն միության կողմից: Շրջիկ ատամնաբուժարանը կսպասարկի Լոռու մարզի 113 համայնքների ազգաբնակչությանը, ովքեր կարիք ունեն նմանատիպ բուժօգնության: Նախաձեռնության հեղինակները առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն մինչև 18 տարեկան և տարեց հասակի բնակիչներին: Կցուցաբերվի հիմնականում ատամների խոռոչների մաքրման և ատամների հեռացման ծառայություն:
-Լոռու մարզում կաշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ անելիք ունենք, իսկ դա ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիր է,- ասաց միության անդամ, բժիշկ Գեղամ Տեր-Սարգիսյանը: