Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում անտառպահպանության օրախնդիր հարցերն էին

10.11.2011

Սկսվել է ջեռուցման սեզոնը և անօրինական ծառահատումների թեման դարձյալ հայտնվել է տարբեր գերատեսչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ձմռան շեմին լայն թափ առած երևույթի լուծմանն էր նպատակաուղղված Լոռու մարզպետի երեկ հրավիրած ընդլայնված խորհրդակցությունը գյուղատնտեսության նախարարության, Լոռու մարզի դատախազության ու ոստիկանության, ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի ու դրանց մասնաճյուղերի, անտառամերձ գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետ Ա. Նալբանդյանը ընդգծելով խնդրի հրատապությունը, խորհրդակցության մասնակիցներին խնդրեց անմիջական քննարկման արդյունքում առաջարկել անօրինական անտառհատումների առաջն առնելու տարբերակներ, որոնցից առավել ռացիոնալները կդառնան առաջիկա գործունեության հիմքը:
ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ս.Գալստյանը այն համոզմանն էր, որ պետության կողմից գյուղական համայնքներում իրականացված լայնածավալ գազիֆիկացման աշխատանքները երաշխիք պիտի լինեին, որ մարդիկ ի վերջո թոթափեին ամենաթողության, անտառը անխնա հատելու արատավոր սովորույթը: Սակայն, ըստ նրա, ինչպես գյուղնախարարության, այնպես էլ տարբեր կառույցների կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Լոռու մարզի որոշակի տարածքներում անտառի անխնա հատման երևույթները շարունակվում են նախկինի նման: Փոխնախարարը, իհարկե, կոնկրետ անուններ ու հասցեներ չնշելով, նաև փաստարկներ բերեց անտառամերձ տարածքներում գործող փայտամշակման արտադրամասերի կողմից անօրինական գործունեության մասին: Այս մասին իր մտահոգությունն արտահայտեց նաև ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մաթևոսյանը:
Իրենց ելույթներում Լոռու մարզի գլխավոր դատախազ Կ. Շահբազյանն ու ոստիկանապետ Ա. Համբարյանը վկայակոչելով իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների, բազմաթիվ տուգանքների ու հարուցված քրեական գործերի մասին, հարց ուղղեցին անտառտնտեսությունների ղեկավարներին ու համայնքների ղեկավարներին. որևէ մեկը կոնկրետ որևէ քայլ ձեռնարկե՞լ է բացահայտված անօրինական ծառահատումների հեղինակների նկատմամբ:
Արտահայտելով համայնքների ղեկավարնեի մեծամասնության կարծիքը, Վահագնի համայնքի ղեկավար Պ.Քոչինյանը գտնում է, որ գյուղերի գազիֆիկացումը երաշխիք չէ մարդկանց հեռու պահելու անտառ մտնելու գայթակղությունից, որովհետև սոցիալապես անապահով, հաստատուն եկամուտ չունեցող գյուղացին, ի տարբերություն քաղաքաբնակների, ի վիճակի չէ հոգալ գազի սպառման մեծ ծախսերը, իսկ իրենց կողմից կոշտ քայլեր ձեռնարկելը բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կհասցնի ծայրահեղ անելանելի վիճակի, կսրի առանց այն էլ ոչ բարվոք սոցիալական լարվածությունը: Գյուղապետը փոխնախարար Ս. Գալստյանին դիմեց անհամեմատ մատչելի գնով բնակչությանը հատկացվելիք անտառային թափոնների չափաբաժինը ավելացնելու խնդրանքով, ինչին վերջինս այնքան էլ համամիտ չէր, վկայակոչելով թափոնների եղած պաշարների սահմանափակ լինելը:
Խորհրդակցությունում կարծիք հայտնվեց, որ նպատակահարմար է անօրինական ծառահատումների իրենցից առավել ռիսկային գոտի ներկայացնող Փամբակի, Վահագնիի և Եղեգնուտի անտառտնտեսոփւթյունները Գուգարքի անտառտնտեսությունից անջատել, դրանք մեկ միասնական ինքնուրույն կառույց դարձնելու և նյութատեխնիկական բազայով ապահովելու պայմանով ուժեղացնել անտառտարածքների հսկողությունն ու փայտանյութի անօրինական մթերման հնարավորինս կանխումը:
Իրավապահ մարմինների ղեկվարները նաև առաջարկեցին ռիսկային տարածքներում ստեղծել անշարժ պահակակետեր փայտանյութի շարժը վերահսկելու նպատակով, նաև պատրաստակամություն հայտնելով օպերատիվ արձագանքել անօրինական գործունեության վերաբերյալ ցանկացած դրսևորման նկատմամբ:
Մարզպետ Ա.Նալբանդյանը խորհրդակցության մասնակիցներին շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, նշեց, որ արված բոլոր առաջարկները շուտափույթ կքննարկվեն և կդառնան առաջիկա գործունեության ծրագիր:

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00