Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առանցքային հիմնախնդիրը մնում է սեփական եկամուտների հավաքագրումը

08.11.2011



Աշխատակազմի պետերի հետ հերթական խորհրդակցության սկզբում մարզպետը նախ իր գոհունակությունը հայտնեց բոլոր ծառայությունների աշխատանքից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 5-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի կազմակերպական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար, նաև կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին նվիրված երևանյան տոնակատարությանը լավագույն ձևով մասնակցության ապահովումը:
Մարզպետը վերստին իր անհանգստությունն արտահայտեց համայնքներում սեփական եկամուտների, մասնավորապես գույքահարկի և հողի հարկի հավաքագրման իրավիճակի նկատմամբ: Մարզի համայնքների կես մասը չի ապահովել անգամ նախորդ տարվա մակարդակը, այն դեպքում, երբ մանավանդ գյուղական համայնքներում, տարին բերքատվության և մթերատվության առումով առավել նպաստավոր էր 2010-ի համեմատությամբ: Իր դժգոհությունն արտահայտելով թերացող համայնքների ղեկավարների անհետևողական աշխատանքից, Լոռու մարզպետը իր տեղակալներին, համապատասխան ստորաբաժանումների պետերին խիստ հանձնարարական տվեց համայնքներ հաճախակի այցելությամբ՝ բնակչության հետ բացատրական աշխատանքով խթանել սեփական եկամուտների հավաքագրման գործը, մարդկանց հասկացնելով, որ այդ ցուցանիշի պատկերով է պայմանավորված նաև պետության կողմից լրավճարների հատկացումը տվյալ համայնքին: Ի վերջո, հարկային պարտականությունների կատարումը նաև համայնքի յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարելավման նախապայմանն է:
Մարզպետ Ա. Նալբանդյանը նաև մի ուշագրավ հայտարարություն արեց: Վերջերս, երբ ՀՀ պաշտոնատար անձանց պատվիրակության կազմում այցելել էին Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, տեղեկացվել էին ածխահանքի մեծ պաշարների առկայության մասին: Սա առիթ կտա մտածելու, որ հատկապես գյուղական բնակավայրերի թանկարժեք գազիֆիկացման փոխարեն, որը հիմնականում չի արդարացնում արված հսկայական ներդրումները, կարելի է ղարաբաղյան ածխի ներկրումով ունենալ կրկնակի անգամ էժան վառելիք: Դրանով էականորեն կլուծվի նաև անտառը փրկելու բնապահպանական խնդիրը:
Թռուցկաժողովում անդրադարձ եղավ նաև քաղաքաշինության օրախնդիր հարցերին: Քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը ամփոփ ներկայացրեց պետական բյուջեի ֆինանսավորմամբ քաղաքաշինության ոլորտի հրատապ լուծում պահանջող շինաշխատանքների առաջին փուլի ընթացքն ու եկող տարվա համար նախատեսված երկրորդ փուլի նախապատրաստության վիճակը: Ասվեց, որ այս տարվա համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են, բացառությամբ բազմաբնակարան շենքերի վերելակների շահագործումը, որը կավարտվի դեկտեմբերին: Իսկ եկող տարվա ծրագրային աշխատանքների փաստաթղթային գործընթացը 90 տոկոսով պատրաստ է: Առավել ծավալուն աշխատանքների թվում են Վանաձորի էդ. Կզարթմյանի անվան դպրոցի այդքան երկար սպասված հիմնանորոգումը(համայնքային միջոցների ներդրմամբ), Ալավերդու աղբավայրի կառուցումը, ասֆալտապատման, գազիֆիկացման, ջրագծերի անցկացման, համայնքային կենտրոնների կառուցման, շենքերի տանիքների հիմնանորոգման և այլ կարգի ծավալուն աշխատանքներ:
Տեղական ինքնակռավարման համակարգի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ մարզպետը ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանին հանձնարարեց իրեն ներկայացնել լավագույն համայւնքների ցանկը՝ խրախուսելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05