Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի մամլո ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարության 100 օրվան
07.11.2011
Նոյեմբերի 4-ին լրացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100 օրը, և ընդունված ավանդույթի համաձայն նա հրավիրեց մամուլի ասուլիս: Ողջունելով երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մարզպետը սկզբից ևեթ ասաց, որ իրեն հոգեհարազատ է թափանցիկ աշխատաոճը և պատրաստ է առաջիկայում նույնպես լրատվամիջոցների հետ լինել թափանցիկ ու բացախոս, պատրաստ է լսել նաև առողջ քննադատություն, որն իր կարծիքով միայն ու միայն կարող է օգուտ բերել պաշտոնյայի գործին:
Ապա մարզպետը լրագրողներին առաջարկեց ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը: Իսկ դրանք շատ էին՝ սկսած գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության առողջապահության և այլ ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ մարզպետի դիրքորոշումներից՝ մինչև կադրային փոփոխություններ:
Ինչ վերաբերվում է պաշտոնավարման 100 օրվան, հայտնեց, որ դրանք եղել են զուտ աշխատանքային: Այդ ժամանակահատվածում մանրամասն ծանոթացել է մարզպետարանի ենթակառուցվածքներում տիրող իրավիճակին: Առաջին հարցին ի պատասխան, որ վերաբերվում էր մարզում գյուղատնտեսության իրավիճակին, Արթուր Նալբանդյանը հատկապես շեշտեց հացահատիկի արտադրության բարելավմանն ուղղված միջոցառումները, բարձրբերքատու, էլիտար սերմացուների ձեռքբերման և մարզի ֆերմերներին դրանցով ապահովելու հարցում հանրապետության կառավարության ջանքերը: Կառավարությունը գյուղատնտեսության պատասխանուտուների առջև խնդիր է դրել ավելացնել ցորենի սերմարտադրությունը: Մարզպետարանը հանձնարարական է ստացել նաև պարզելու, թե համայնքերում որ մշակաբույսերի արտադրությունը կարդարացնի իրեն:Մարզպետը նաև ցավով նշեց, որ այնուամենայնիվ Լոռու մարզում գյուղատնտեսական նշանակության հողերի հազիվ 30 տոկոսն է մշակվել և որ հնարավոր ջանքերը պետք է ներդրվեն այս ոլորտում եղած բացթողումները շտկելու, գյուղացուն գործնական աջակցություն ցուցաբերելու համար:
Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում Արթուր Նալբանդյանն առաջին հերթին փորձել է լինել մարզպետարանի ենթակայության այն ենթակառուցվածքներում, որտեղ բնակչության դժգոհություններ կան: Այս առումով այցելել է մարզի ամենամեծ առողջապահական հաստատությունը' Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Վանաձորում բժիշկների նկատմամբ վստահությունը կորցնելուց հետո հիվանդները դիմում են մայրաքաղաքի բուժհիմնարկներին»,- ասաց նա:
Այս խնդրի լուծումը Արթուր Նալբանդյանը տեսնում է Վանաձորի առողջապահական հիմնարկների շենքային պայմանները բարելավելու, հիվանդանոցներին լավագույն մասնագետներով ու սարքավորումներով ապահովելու մեջ: «Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հիվանդանոցների միավորելուց հետո այստեղ կստեղծվեն միավորված հիվանդանոցի նորմալ շենքային պայմաններ»,- տեղեկացրեց Արթուր Նալբանդյանը, փարատելով այն մտավախությունը, թե դրանով կադրերի կրճատման վտանգ է առաջանալու: Ավելին՝ նա վստահ է, որ հիվանդանոցային համալիրների միացման արդյունքում հնարավոր կլինի աշխատատեղեր ավելացնել: Արթուր Նալբանդյանը նաև անդրադարձավ Ալավերդու բժշկական կենտրոնի՝ սոց. հիմնադրամի 200 մլն դրամ ներդրումներով վերանորոգված հիվանդանոցային մասնաշենքի շահագործմանը, որն արդեն 5 ամիս ձգձգվում է: «Մոտ ապագայում Լոռու մարզ կայցելի ՀՀ առողջապահության նախարարը, և մենք խնդիրը կհստակեցնենք»,- ասաց նա:
Լրագրողները կարծիք հայտնեցին, որ Վանաձորն իր արդյունաբերական նկարագրով զիջում է մարզի Թումանյանի տարածաշրջանին: Արթուր Նալբանդյանը դա պատճառաբանեց Վանաձորի Քիմպրոմի հետ կապված լուրջ խնդիրներով:
«Քիմպրոմի հարցը բաց է մնում: Այդ կապակցությամբ հստակ պատասխան ձեզ չեմ կարող տալ, բայց շատ պարզ է ինձ համար, որ Քիմպրոմի կառույցում գտնվող ՋԷԿ-ը պետք է շահագործվի մոտ ապագայում, որը կապահովի նոր աշխատատեղեր»,- ասաց նա: Այս տեսակետից մարզպետը մեծ հույսեր է կապում Ղարաբաղում մեծ ծավալների հասնող ածուխի նորահայտ հանքավայրի շահագործման հետ, որը կարող է դառնալ Վանաձորի ՋԷԿ-ի հուսալի մատակարարը և ձեռնարկությունը կդադարի կախված լինել ուրիշների, մասնավորապես Վրաստանի ածխամատակարարների քմահաճույքներից:
Անդրադառնալով Վանաձորի ներհամայնքային ճանապարհաշինությանը՝ բանախոսն ասաց, որ հետևել է այդ աշխատանքներին, և հատկապես Տարոն 4 թաղամաս և տեղի գերեզմաններ տանող ճանապարհը ահավոր վիճակում էր, նույնիսկ ներքաղաքային երթուղիները չէին կարողանում աշխատել, հուղարկավորությունների ժամանակ լուրջ տրանսպորտային խցանումներ էին առաջանում:Մարզպետն ասաց, որ առաջնահերթությունը տվել է Տարոն թաղամասի 2 ճանապարհների բարեկարգմանը: Պետբյուջեի միջոցներով կառավարության երկրորդ հրատապ ծրագրի գումարներից արդեն 205 մլն դրամ է հատկացվել դրանց կապիտալ վերանորոգման համար:
Քաղաքաշինության հարցը ևս մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում է լինելու: 88-ի աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար էլ խոստանում են անել ամենը: Շարունակելով մարզային նշանակության հիմնախնդիրների քննարկումը, խոսվեց վերջին շրջանում ակտիվացած սողանքների ու սողանքավտանգ տարածքների մասին: Վանաձորի քաղաքապետարանին համապատասխան գրություն է ուղարկվել՝ հաշվի առնելով, որ սողանքային Աարի թաղ տանող հատվածը գտնվում է Վանաձոր համայնքի վարչական տարաքծում: Վերջնական պատկերը ճշգրտումներից հետո կուղարկվի ՀՀ ԱԻՆ:
Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ակնկալելով հետագա համագործակցություն: